Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, ասել է Հովիկ Աբրահամյանը

28.10.2014 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սյսօր ներկայացրել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը:

«Այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015թ. բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9%) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թ-ին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014թ. համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով:

Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4%-ի չափով: Նմանապես, 2015թ-ին եւս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ»,- նշել է վարչապետը :

Հովիկ Աբրահամյանի փոխանցմամբ, տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, եւ երկրորդ՝ հենքային ոլորտների զարգացում:

«Բյուջեում ներկայացված բազմաթիվ ծրագրեր նմանապես քայլ առ քայլ նպատակաուղղված են Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը եւ ներդրումների խրախուսմանը՝ լինի դա միջավայրի ձեւավորման, թե ներդրումային ծրագրերի հավաքագրման եւ տարբեր ձեւաչափերով օտարերկրյա եւ տեղական ներդրողներին ներկայացման ուղղությամբ: Ստվերի պակասեցումը եւս քայլ առ քայլ, միջոցառում առ միջոցառում բարելավվող գործընթաց է:

Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձեւավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք եւ վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, եւ, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր եւ միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը:

Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր եւ ստեղծելու ենք պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մեր թիրախը խոշորն է, եւ մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետեւողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Դիտում՝ 2513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW