«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, եւ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»: Այս մասին ասել է ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն` Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:Վարչապետը նշել է, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարեւոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում եւ իրականացում: «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը եւ տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Նա վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի եւ ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետեւողականորեն զարգացնելով տնտեսությունը եւ նվազեցնելով աղքատությունը:ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականն, ասել է. «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին եւ օգնելու է առաջ մղել բարեփոխումները»: Tweet Դիտում՝ 1391