Բիթքոին էլեկտրոնային արժույթն իր առեղծվածով եւ դրանցով զբաղվող առքուվաճառքի խոշոր բորսաների սնանկացումներով շարունակում է մնալ ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում: Պարզելու համար, թե, ի վերջո, ինչ է բիթքոինը եւ «ներխուժել է» արդյոք այն հայկական շուկա, Banks.am-ը դիմել է էլեկտրոնային փողի թողարկմամբ զբաղվող «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանին եւ ՀՀ Կենտրոնական բանկ:«Ընդհատակյա» ու խորհրդավոր փողի մասին «Աշխարհի ամենահայտնի ուտոպիաներից մեկն ընդհանուր արժույթի հարցն է: Բիթքոինը հավակնում է դառնալ այդ միասնական էլեկտրոնային արժույթը: Անգամ նման համեմատություն է շրջանառվում. ինչպես ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ այլ երկրներ ունեն իրենց արժույթը, այդպես էլ ինտերնետն ունի իրենը՝ բիթքոինը»,- ասում է Իդրամ-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը:Նրա փոխանցմամբ, բիթքոնի մասին տեղեկատվությամբ, առասպելատիպ պատմություններով ու քննարկումներով համացանցը լցվել է շատ կարճ ժամանակում:Առասպելական է հատկապես բիթքոինի ստեղծումը. «Ասում են, բիթքոինի առաջին ծրագիր-դրամապանակը ստեղծել է Սաթոշի Նակոմոտո կեղծանունով հանդես եկող մի հաքեր 2009 թվականին, եւ կոդն ազատ հասանելիությամբ տեղադրել համացանցում: Այլ ծրագրավորողներ բնօրինակ կոդին արել են հավելումներ՝ ստանալով իրենցը: Բիթքոին դրամապանակների իմաստն այն է, որ դրանք չեն կառավարվում ոչ մի կազմակերպության կամ պետության կողմից, եւ տեսականորեն յուրաքանչյուրը կարող է ստեղծել ծրագրի իր տարբերակը»,- նշում է Գայանե Ստեփանյանը:Ապակենտրոնացված թվային այս արժույթով գործարքներն իրականացվում են առանց կենտրոնական մարմնի կառավարման՝ երկու սուբյեկտների միջեւ ուղիղ ցանցային կապով: Այն թույլ է տալիս գործարքներում մնալ անանուն՝ հանդես գալով կեղծանվամբ, իսկ ապահովության միակ երաշխիքը ցանցի կատարելությունն է ու բիթքոինն օգտագործողների միջեւ ներքին համաձայնությունը. «Իզուր չէ, որ բիթքոինն անվանում են «ընդհատակյա փող», որի հետ կապված շատ հարցեր պարզ չեն, երբեմն` նույնիսկ խորհրդավոր»:Մեր զրուցակցի փոխանցմամբ, միանշանակ չենք կարող ասել, որ բիթքոինն էլեկտրոնային փող է, չնայած որ այն ներկայացվում է նաեւ այդպիսին. «Էլեկտրոնային փողի հետեւում միշտ լինում է կանխիկ գումար կամ ոսկի, օրինակ՝ Իդրամը գոյանում է դրամից: Այդպես է գործում ոչ միայն հայկական էլեկտրոնային վճարային համակարգը, այլեւ, օրինակ Webmoney-ն, Яндекс.Деньги-ն եւ այլն: Բիթքոինը, որպես վիրտուալ արժույթ, ուղղակիորեն կախված չէ որեւէ իրական արժույթից: Այն համեմատում են ոսկու հետ՝ անվանելով նաեւ «թվային ոսկի»: Ոսկու գաղափարն ակնհայտ է բիթքոինի անվան, լոգոյի, ինչպես նաեւ այս արժույթով իրականացվող մի շարք գործընթացների մեջ: Օրինակ՝ բիթքոինի փոխանցումների իրականացմանը հետեւում եւ ապահովում են հզոր համակարգիչների առջեւ նստած մարդիկ, որոնց անվանում են բիթքոինի «հանքափորներ», բիթքոինի առքուվաճառքն իրականացվում է վիրտուալ բորսաներում»:Գայանե Ստեփանյանը նշում է, որ այս տեխնոլոգիան հավակնում է լուծել երկու կարեւոր հարց. բիթքոինը տարածել եւ հաստատել ողջ աշխարհում՝ որպես միասնական էլեկտրոնային արժույթ, որով հնարավոր կլինի վճարել ցանկացած ծառայության կամ ապրանքի դիմաց եւ այն դարձնել փողերը պահելու ամենաապահով տարբերակը: Աշխարհում բիթքոինի հասանելիությունն առանց սահմանափակումների ապահովում է համացանցը: Localbitcoins.com կայում հնարավոր է հետեւել բիթքոինի տեղայնացված առքուվաճառքին: Ըստ այդ կայքում հրապարակված տվյալների, բիթքոինի առքուվաճառքի մեջ ներգրավված են մարդիկ աշխարհի 216 երկրներից եւ 5290 քաղաքներից: Չնայած բիթքոինի մասին կայքերը ու վիրտուալ բորսաներն աճում են սնկի պես, նման հայկական ռեսուրս, մեր զրուցակցի փոխանցմամբ, դեռեւս չկա: Էլեկտրոնային փողն ու հայերըԳայանե Ստեփանյանը կարծում է, որ բիթքոինի թեման դեռեւս չի զարթնել մեզ մոտ` դրանում տեսնելով 2 հիմնական պատճառ. «Էլեկտրոնային փողի գաղափարը շատ պասիվ է մեր հասարակությունում. մինչեւ միասնական վիրտուալ արժույթով հետաքրքրվելը մարդիկ պետք է նվազագույն պատկերացումներ ունենան ինտերնետում իրականացվող գործարքների, էլեկտրոնային կոմերցիայի մասին»: Երկրորդ պատճառը, մեր զրուցակցի խոսքերով, «բորսայի հոգեբանությունն» է, որը միավորում է բիթքոինով հետաքրքրվածներին եւ թույլ է զարգացած մեր հասարակության մեջ:«Բիթքոինի քննադատներն այն ներկայացնում են որպես աշխարհում տարածված «արագ հարստանալու» նորագույն մեխանիզմներից մեկը, որը պարունակում է շատ ռիսկեր եւ նույնքան շատ խոստումներ ապագայի համար: Այս բնորոշումը զուրկ չէ հիմքերից. բիթքոինն ուղղակիորեն առնչվում է ռիսկերի հետ, իսկ մենք ռիսկի դիմելու առանձնապես հակված չենք, այն էլ՝ վիրտուալ աշխարհում»,- ասում է նա:Ի՞նչ կապ ունի բիթքոինը Samsung-ի, Tօshiba-ի, Nakamichi-ի, Motorola-ի հետԳայանե Ստեփանյանը նշում է, որ բիթքոինի վերաբերյալ կանխատեսումներն առայժմ ուղեկցվում են ռիսկերի մատնանշումներով. «Ինչպես ասում են, լավագույն էքսպրոմտը լավ մտածվածն է: Հնարավոր է, որ այսպիսի մի «էքսպրոմտ» է ոմն ճապոնացու հորինած բիթքոին տեխնոլոգիան: Երբ ստեղծումից ընդամենը մեկ տարի անց այլեւս ոչ մի լուր չկար այս խորհրդավոր անձնավորության մասին, սկսեցին կասկածներ պտտվել, որ նման մարդ չի էլ եղել, իսկ նրա անուն-ազգանունը ճապոնական 4 խոշոր ընկերությունների անվանումներից կազմված հապավում է (Satoshi Nakamoto -SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola)»:Բիթքոինի քննադատներից շատերն այն վիրտուալ շուկայում «այսբերգ» են համարում, որի ինչ լինելը, ըստ մեր զրուցակցի, պարզ կդառնա առաջիկա տարիներին, եւ դա լավ հետեւանքներ չի ունենա. «Փաստն այն է, որ բիթքոինով գործարքներն աճում են. օրական շուրջ 45 000 գործարք է կատարվում այս արժույթով: Չի բացառվում՝ ռիսկի գնացողներին եւ բիթքոիններ կուտակողներին այս տեխնոլոգիան մեծ կարողությունների տեր դարձնի. միանգամայն հակառակ իրավիճակը եւս հնարավոր է: Նկատելով տենդենցները՝ շատ երկրների կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Ռուսաստանի, հանդես են եկել այս արժույթի դեմ հայտարարություններով»:ՀՀ-ում գրանցված բիթքոինների սեփականատերերի քանակը շատ փոքր է ՀՀ կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ բիթքոինը պատկանում է այն «հաշվարկային միավորների» դասին, որոնք որպես այդպիսին չունեն թողարկման կամ կառավարման մարմիններ:«Այն ստեղծված է IТ հզորությունների կիրառմամբ խոշոր համակարգչային ցանցի վրա ձեւավորվող բլոկերի հաջորդականությամբ: Նոր բիթքոինների թողարկումը ապակենտրոնացված է, ունի ծավալային ու ժամանակային սահմանափակումներ եւ բաշխվում է այն մասնակիցների միջեւ, որոնք օգտագործում են սեփական համակարգչի հզորությունները տվյալ «հաշվարկային միավորի» պաշտպանման նպատակով: Նման սպասարկման համար մասնակիցներին տրամադրվում է պարգեւատրում բիթքոինների եւ համապատասխան միջնորդավճարների տեսքով»,- նշեցին ԿԲ հասարակության հետ կապերի ծառայությունից: Վերջին ժամանակահատվածում մի շարք երկրների կենտրոնական բանկեր հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի առաջարկվել է սահմանափակել տվյալ «հաշվարկային միավորների» գործառույթների իրականացումը, այդ թվում` փոխարկման գործարքները, ինչը պայմանավորված է բիթքոինի փոխարժեքի արհեստական ձեւավորմամբ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա տվյալ արժույթի նկատմամբ գրանցվել է որոշակի հետաքրքրություն, սակայն ԿԲ հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, ՀՀ-ում գրանցված բիթքոինների սեփականատերերի քանակը շատ փոքր է: Տվյալ «հաշվարկային միավորների» լայն տարածումը, ըստ ԿԲ-ի, պայմանավորված է մի կողմից մասնակցության պարզեցված կանոններով, մյուս կողմից` ինտերնետ հասանելիությամբ, ինչի պատճառով ներկայումս չկա որեւէ վիճակագրություն Հայաստանում դրանից օգտվողների վերաբերյալ: Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 13033