Բազել III-ով կբացահայտվեն ՀՀ համակարգային նշանակության բանկերը

20.02.2014 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Նախորդ տարվանից աշխարհում սկսվեց ներդրվել Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված նոր կանոնակարգը` Բազել III-ը: Բազել III վերջնական կանոններն արդեն հրապարակել են Ավստրալիան, Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը եւ Շվեյցարիան, նախագծերը հրապարակել են ԵՄ-ն, Կանադան, Հոնկոնգը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Վրաստանը, իսկ Արգենտինան, Թուրքիան, Մոլդովան, Սերբիան, Բելառուսն ու Ղազախստանը դեռեւս նախագծերի մշակման փուլում են:

Հայաստանում բազելյան նոր կանոնների ներդրմանն ուղղված քայլերի եւ սպասվող փոփոխությունների վերաբերյալ Banks.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի  հետ:

-Պարոն Աբրահամյան, նախորդ տարի ՀՀ բանկերի միության նախագահի կողմից հայտարարություն եղավ այն մասին, որ Հայաստանում Բազել III-ին անցնելու նպատակաուղղված աշխատանքները կսկսեն 2014-ից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի փաստաթղթին միանալու ուղղությամբ:

- Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Բազել III-ի ներդրման ուղղությամբ: Մեր կողմից արդեն պատրաստվել եւ շրջանառության մեջ են դրվել կապիտալի նկատմամբ նոր պահանջները, որոնք բազմաթիվ քննարկումներ են անցել ԿԲ-ի, Հայաստանի բանկերի միության եւ բանկային համակարգի ներկայացուցիչների մոտ: Կարելի է ասել, որ նախագիծն արդեն վերջնական փուլում է գտնվում:

Միաժամանակ ուսումնասիրման փուլում են գտնվում համակարգային բանկերի բացահայտման եւ կարգավորման սկզբունքները, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում գնահատելու բազելյան կոմիտեի կողմից սահմանված իրացվելիության նորմատիվների ներդրման անհրաժեշտությունը:

- ՀՀ առեւտրային բանկերի կառավարման ի՞նչ մակարդակ կբերի Բազել III-ը:

- Իրականում Բազել III-ը ուղղակիորեն բանկերի կառավարմանը վերաբերող դրույթներ չի նախատեսում, պարզապես դրանով առաջարկվող հիմնական դրույթները, որոնք ուղղված են այս կամ այն ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բանկերին կբերեն ֆինանսական կայունության ամրապնդում եւ հասարակության կողմից բանկի նկատմամբ վստահության ավելացում:

- Իսկ ի՞նչ կլինի Բազել II-ի հետ:

- Բազել III-ը կոչված է ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու Բազել II-ին: Ըստ էության, Բազել III-ն ուղղված է կարգավորելու եւ լուծելու ճգնաժամի ընթացքում վերահսկողության եւ կարգավորման ոլորտում բացահայտված բոլոր խնդիրները: Այն միջոցառումները, որոնք առաջարկվում են բազելյան նոր կանոններով, ուղղված են լինելու Բազել  II-ում առկա բացերի կամ թերությունների լրացմանը:

-Որո՞նք են Բազել III-ի հիմնական ուղղությունները: Կապիտալի որակի եւ չափի նկատմամբ ինչպիսին են նրա պահանջները:

- Դրանք կարելի է բաժանել 4 խմբի. կապիտալի որակին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջներ, Բազելի կողմից առաջարկվող իրացվելիության նորմատիվներ, լեւերիջի գործակցի սահմանում բանկերի նկատմամբ եւ համակարգային նշանակություն ունեցող բանկերի կարգավորման ու վերահսկողության մոտեցումներ: Նշեմ, որ հիմնական նորությունը նոր իրացվելիության նորմատիվների սահմանումն է: Բազել III-ում իրացվելիության նորմատիվները երկուսն են` կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Առաջինի էությունը կայանում է նրանում, որ բանկերը պետք է ունենան բավարար չափով բարձր իրացվելի ակտիվներ, որպեսզի կարողանան «գոյատեւել» 30-օրյա սթրեսային իրավիճակում: Երկրորդն իրացվելիության կառավարման ավելի երկարաժամկետ ուղղվածություն ունի, որի դեպքում բանկի ակտիվների եւ պարտավորությունների կառուցվածքը պետք է այնպիսին լինի, որ երկարաժամկետ ակտիվները ֆինանսավորվեն երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրներով: Այսինքն` այն ուղղված է բանկերի ժամկետայնության ճեղքվածքի նվազեցմանը:  

Բազել III-ով չի նախատեսվում բանկերի նորմատիվային կապիտալի չափի փոփոխություն (8%), այլ կապիտալի կառուցվածքի եւ որակի բարելավման նպատակով սահմանվում են ավելի խիստ պահանջներ: Ինչ վերաբերվում է կապիտալի կառուցվածքին եւ որակին, այստեղ նորությունը Բազելի կողմից առաջարկվող երկու նոր`կապիտալի պահպանման եւ կապիտալի հակացիկլիկ բուֆերներն են: Հիմնական նպատակը՝  մի կողմից բանկի համար ապահովել լրացուցիչ կապիտալ` հնարավոր կորուստները կլանելու համար, մյուս կողմից` սահմանափակել վարկավորման ծավալները տնտեսական վերելքի շրջանում, իսկ տնտեսության անկման պարագայում ընձեռել լրացուցիչ վարկավորման հնարավորություն: Սակայն այս պահանջների խախտումը չի կարող հանգեցնել բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Ընդամենը կսահմանափակվի բանկերի կողմից որոշակի գործառույթների իրականացումը, մասնավորապես` կարող է սահմանափակում լինի բանկերի կողմից շահաբաժինների վճարման կամ աշխատակիցներին տրվող պարգեւավճարների եւ լրացուցիչ վարձատրության ուղղությամբ:

-ՀՀ բանկային համակարգի կապիտալի տարրերը որքանո՞վ են համապատասխանում Բազել-III-ի պահանջներին եւ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ կապիտալի պահանջները Բազել III-ի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

- Բազելյան փաստաթղթում, ընդհանուր առմամբ, նվազագույն պահանջներ են: Որպես կանոն, զարգացող երկրները, ինչպիսին մեր երկիրն է, եւ զարգացած շատ երկրներ, ներդրում են ավելի խիստ պահանջներ: Ի սկզբանե ԿԲ-ն որդեգրել էր ՀՀ բանկային համակարգում ավելի խիստ պահանջների ներդրման քաղաքականությունը, որի շնորհիվ ՀՀ բանկային համակարգում ձեւավորվել է որակյալ կապիտալ, որի չափանիշները մեծապես համապատասխանում են Բազել III-ի չափանիշներին: Այս առումով մենք որեւէ խնդիր չենք ունենա անցման ժամանակ, քանի որ մեր բանկերն ի սկզբանե եղել են ավելի բարենպաստ դիրքում, քան եվրոպական շատ երկրների բանկեր, որոնք այսօր լուրջ խնդիր ունեն կապիտալի համադրման ուղղությամբ: Իհարկե, որոշակի փոփոխություններ սպասվում են, բայց դրանք էական անդրադարձ չեն ունենա բանկերի հաշվեկշռի վրա:

Ինչպես արդեն նշեցի, բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող մոտեցումներում նվազագույն կապիտալի նորմատիվը չի փոխվել(պահպանվում է 8%-ի շրջանակում ), սակայն փոխվել են կառուցվածքի նկատմամբ պահանջները: Եթե նախկինում լրացուցիչ կապիտալը կարող էր կազմել ընդհանուր կապիտալի մինչեւ 50%-ը,  ապա այժմ այդ սահմանաչափը նվազեցվել է. ընդհանուր կապիտալի կառուցվածքում պետք է գերակշռի հիմնական կապիտալը, որը որակապես ավելի բարձր է: Մեզ մոտ եւս հիմնական փոփոխությունը սա է լինելու, ընդհանուր կապիտալում սահմանափակվելու է լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը:

Փոփոխություն ենք նախատեսում նաեւ լրացուցիչ կապիտալում երկարաժամկետ ստորադաս փոխառությունների նկատմամբ ներկայացվող չափանիշների համար, որոնք որոշակիորեն խստացվել են: Մասնավորապես, սահմանվել է դրույթ, որի համաձայն ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում փոխառությունները պետք է փոխարկվեն եւ դառնան բանկի հիմնական կապիտալ:

-Իսկ իրացվելիության պահանջները որքանո՞վ են համապատասխանում ՀՀ բանկային համակարգի կարգավորման դաշտում գործող իրացվելիության նորմատիվներին:  

-ՀՀ բանկային համակարգի կարգավորման դաշտում վաղուց արդեն սահմանված են իրացվելիության նորմատիվներ, որոնք գործում են շուրջ 15 տարի եւ այս ժամանակահատվածում ապացուցել են իրենց կենսունակությունը ՀՀ  բանկային համակարգի համար: Ներկայումս ուսումնասիրություններ ենք կատարում` համեմատական վերլուծություն անցկացնելու մեզ մոտ գոյություն ունեցող եւ Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նորմատիվների միջեւ:

Ուսումնասիրությունների արդյունքում պետք է որոշում կայացնենք` ցանկանո՞ւմ ենք պահպանել արդեն գոյություն ունեցող իրացվելիության նորմատիվները, թե՞ անցնում կատարել Բազելի կողմից առաջարկվող տարբերակին:

Մեզ համար կարեւոր է, որ իրացվելիության նորմատիվները ճշգրիտ արտացոլեն մեր բանկային համակարգի հիմնական առանձնահատկությունները:  

-Բազել III-ի հիմնական դրույթների մեջ է մտնում նաեւ համակարգային նշանակություն ունեցող բանկերի բացահայտումն ու կարգավորումը: Կարգավորման ի՞նչ ուղղություններ է ենթադրում բազելյան կոմիտեի փաստաթուղթը:

- Ինչպես ցույց տվեց ճգնաժամը, խոշոր ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես` բանկերը, չափազանց մեծ դեր ունեն երկրի կյանքում եւ նրանց սնանկացումը կարող է վնասել ոչ միայն ֆինանսական համակարգին, այլեւ տնտեսությանը: Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող հիմնական մոտեցումն այն է, որ պետք է ուժեղացվի կարգավորումը եւ վերահսկողությունը նման կազմակերպությունների նկատմամբ` ապագայում նվազագույնի հասցնելով վերջիններիս սնանկության կամ անվճարունակության հավանականությունը:

Այսպիսի կազմակերպությունները սովորաբար չափազանց մեծ են, փոխկապակցված այլ ֆինանսական կազմակերպությունների հետ եւ նրանց մոտ հնարավոր խնդիրների առաջացումը կարող է էական ռիսկեր առաջացնել ֆինանսական համակարգի համար:

Բազելյան փաստաթուղթը տարանջատում է երկու տիպի համակարգային նշանակություն ունեցող ֆինանսական կազմակերպություններ կամ բանկեր` գլոբալ եւ տեղական: Գլոբալ համակարգային նշանակություն ունեցող բանկերի բացահայտման համար Բազելյան կոմիտեն առաջարկում է համապատասխան մեթոդաբանություն՝ հիմնված մի խումբ չափանիշների վրա, օրինակ` բանկի մեծությունը, փոխկապակցվածությունը, փոխարինելիությունը, բարդությունը եւ այլն: Համակարգային ճանաչված բանկերի նկատմամբ սահմանվում են կապիտալի համարժեքության ավելի խիստ պահանջներ (մինչեւ 2.5% ավելի բարձր) եւ վերահսկողական հատուկ մոտեցումներ: Տեղական համակարգային նշանակություն ունեցող ֆինանսական կազմակերպությունները բացահայտվում եւ կարգավորվում են տեղական կարգավորող եւ վերահսկող մարմինների կողմից` ելնելով որոշակի մեթոդաբանությունից: Ներկայումս մեզ մոտ մշակման փուլում է գտնվում այդ մեթոդաբանությունը, որի միջոցով հնարավոր կլինի բացահայտել մեր տնտեսությանն ու բանկային ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցող բանկերը:

Մհեր Աբրահամյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 8585
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW