“Մենք մտադիր ենք ընդլայնել ցանցը մինչեւ 3000 գործակալ”

27.10.2010 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Ռեսո” ապահովագրական ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սերգեյ Սաֆարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Որո՞նք են “Ռեսո”-ի առաջնահերթությունները ԱՊՊԱ-ի համար գործակալների բազայի ձեւավորման գործում, ո՞ւմ է տրվում նախապատվությունը` ֆիզիկական, թե՞ իրավաբանական անձանց:

- “Ռեսո”-ի հիմնական ռազմավարությունը ինչպես ԱՊՊԱ-ի, այնպես էլ ապահովագրական այլ տեսակների գծով, ենթադրում է ֆիզիկական անձանցից կազմված ընդարձակ գործակալական ցանց: Այսօր ընկերությունն արդեն ունի ֆիզիկական անձ հանդիսացող 1500 գործակալ, որոնք աշխատում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Մենք մտադիր ենք ընդլայնել այդ ցանցը մինչեւ 3000 գործակալ:

Իհարկե, զուգահեռաբար մենք աշխատում ենք ցանցում ներգրավել նաեւ իրավաբանական անձանց: Այս ուղղությամբ աշխատանքը գտնվում է ավարտական փուլում, որի արդյունքների մասին մենք կհայտնենք մոտ ժամանակներս:

- Ինչպե՞ս է անցկացվել գործակալների ընտրությունը եւ արդյոք նրանք համապատասխան պատրաստությո՞ւն են անցել:

- Բոլորը, ով ցանկանում է լրացնել մեր գործակալական ցանցը, անցնում են հոգեբանական օն-լայն թեստ, որի հարցերը ներկայացված են “Ռեսո”-ի կայքում: Թեստի նպատակն է պարզել, թե ինչպիսի  ներուժ ունի հայցորդը:

Ընտրված թեկնածուներն երկօրյա դասընթացներ են անցնում մեր ընկերությանը կից գործող “Ռեսո դպրոցում”, քննություն են հանձնում, որից հետո իրավունք են ստանում աշխատել որպես գործակալ ԱՊՊԱ շուկայում:

- Ինչպե՞ս է կառավարվում այդպիսի ընդարձակ գործակալական ցանցը:

- Ընկերության կառուցվածքում գործում է գործակալական ցանցի կառավարման հատուկ տնօրենություն, որը բաժանվում է մայրաքաղաքային եւ մարզային ցանցերի: Կոնկրետ գործակալների աշխատանքը ղեկավարում են գործակալական ցանցի մենեջերները, որոնք համակարգում են մինչեւ 15 գործակալի աշխատանքը:

- Ինչպիսի՞ն է ապահովագրական պոլիսի համար վճարման մեխանիզմը, եւ արդյոք այն միջնորդավճար ներառո՞ւմ է գործակալական սպասարկման համար:

- Ցանկանում եմ հատուկ նշել, որ հաճախորդը վճարում է բացառապես ԱՊՊԱ պայմանագրերի հաստատված սակագներով, իսկ գործակալական ծառայությունների համար միջնորդավճարները վճարում է ապահովագրական ընկերությունը:

Կախված հաճախորդի ցանկությունից` ընտրվում է վճարման կանխիկ կամ անկանխիկ եղանակը: Այսինքն, հաճախորդը կարող է վճարել անմիջապես գործակալին` ստանալով վճարահաշվարկային անդորրագիր, կամ կատարել վճարումը բանկի միջոցով եւ վճարային անդորրագիր ներկայացնել գործակալին:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում կորպորատիվ ապահովագրական պոլիսը, ինչպիսի՞ն է նման պոլիսի գնագոյացման մեթոդը, օրինակ, տաքսի ծառայությունների համար:

-  Իրավաբանական անձանց տրվող կորպորատիվ ապահովագրական պոլիսում նշվում է ավտոմոբիլային միջոցների քանակը, ինչպես նաեւ վարորդների անձնական տվյալները:

Եթե, օրինակ, տաքսի ծառայությունն ունի 10 մարդատար ավտոմեքենա, որոնք վարելու իրավունքը պատկանում է 20 վարորդների, ապա բոլոր 10 ավտոմեքենաների նկատմամբ կիրառվում է բոլոր 20 հավանական վարորդներից ամենաերիտասարդի տարիքը եւ նվազագույն վարորդական փորձը:

- Ինչպե՞ս տարբերել գործակալին խարդախից:

- Բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են Հայաստանի Կենտրոնական բանկի հատուկ ռեգիստրում, որը նրանց համապատասխան վկայագրեր է տրամադրում: Յուրաքանչյուր գործակալին տրվում է նաեւ մեր ընկերության կողմից հաստատված հավաստագիրը: Միայն այդ փաստաթղթերի առկայության դեպքում հաճախորդը կարող է համապատասխան գործավարություն սկսել գործակալի հետ:

- Մինչեւ տարեվերջ բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պետք է ապահովագրեն իրենց տրանսպորտային միջոցները: Պոլիսների վաճառքի ամենաթեժ պահը կլինի դեկտեմբերի՞ն:

- Հաշվի առնելով հայկական մտածելակերպը, կարելի է ենթադրել, որ ավտոսիրողների մեծ մասը կհետաձգի այդ գործընթացը մինչեւ վերջին պահը: Այդ ժամանակ նրանց միեւնույն կլինի, թե որ ընկերությունում նրանք կձեւակերպեն պայմանագիրը, կարեւորը` չխախտել ժամկետը եւ խուսափել տուքանքներից: Հերթերից խուսափելու համար նրանք պարտադիր կդիմեն ապահովագրական գործակալներին:

Հենց այդ պատճառով էլ այս փուլում մենք զերծ ենք մնում ակտիվ գովազդային արշավից` մեր բոլոր ռեսուրսներն ուղղելով գործունակ եւ ընդարձակ գործակալական ցանցի ձեւավորմանը:

Օգտվելով առիթից, կցանկանայի նշել, որ ԱՊՊԱ-ն ինքնին ոչ շահութաբեր, նույնիսկ վնասաբեր ապահովագրական ապրանքատեսակ է: Այսօր մենք ղեկավարվում ենք ճանապարհատրասնպորտային պատահարների պաշտոնական վիճակագրությամբ, իսկ պատկերացրեք, թե դրանցից որքանը պաշտոնապես չեն գրանցվում եւ կսկսեն գրանցվել ԱՊՊԱ ներդնումից հետո:

- Արդյո՞ք դուք մրցակցային առավելություն եք համարում ձեր ընկերության փոխկապակցվածությունը ռուսաստանյան “Ռեսո-Գարանտիա”-ի հետ, որը բավականին աշխատանքային փորձ ունի Ռուսաստանի պարտադիր ավտոապահովագրության շուկայում:

- Պարտադիր ավտոապահովագրման գործընթացի կազմակերպման մեր ողջ ռազմավարությունը եւ մեթոդաբանությունը կառուցվում է “Ռեսո-Գարանտիա”-ի` իրեն արդարացրած աշխատանքային փորձի վրա: Բավական է նշել, որ ընթացիկ տարվա արդյունքներով “Ռեսո-Գարանտիա”-ն առաջատար դիրք է զբաղեցնում ռուսաստանյան շուկայում ԱՊՊԱ մասով իր գործակալական ցանցի շնորհիվ, որը մեծամասամբ բաղկացած է ֆիզիակական անձանցից:

Դիտում՝ 21755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai