Անժելա Բարսեղյան. Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ԱրմՍվիսԲանկի ձեռքբերումները շարունակական են

19.06.2025 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
ԱրմՍվիսԲանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից կրկին արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկ» եւ «Տարվա լավագույն գործարք» մրցանակներին:

ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրենի տեղակալ-Առեւտրի ֆինանսավորման եւ թղթակցային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Անժելա Բարսեղյանը խոսել է առեւտրի ֆինանսավորման ոլորտում ստացած մրցանակների, թիրախային հաճախորդների, ԱրմՍվիսԲանկի առաջարկած ծառայությունների եւ անհատականացված լուծումների մասին: 

- Տիկին Բարսեղյան, ԱրմՍվիսԲանկն արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկ» եւ «Տարվա լավագույն գործարք» մրցանակներին: Կմանրամասնեք՝ ինչի՞ մասին են վկայում ՎԶԵԲ-ի կողմից տրված այս մրցանակները։

- Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում տեղի է ունենում Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) նստաշրջան: Առեւտրի ֆինանսավորման ծրագրի հիմնական նպատակը ՎԶԵԲ-ի գործընկեր երկրներում միջազգային առեւտրի ֆինանսավորման աջակցումն ու զարգացումն է։ Այդ միջոցառման ընթացքում մրցանակներ են շնորհվում ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերին, որոնք առավել ակտիվ են գործել նախորդ տարվա ընթացքում կամ իրականացրել են գործարքներ, որոնք առանձնահատուկ դեր են ունեցել համագործակցության տրամաբանության ներքո: Այս տարի եւս ԱրմՍվիսԲանկը Հայաստանում այդ մրցանակներին արժանացած միակ բանկն է։ Ավելին, տարվա ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին արժանանում ենք յոթերորդ տարին անընդմեջ, իսկ տարվա լավագույն գործարք անվանակարգում հաղթող ենք ճանաչվում արդեն երրորդ անգամ: 

ՎԶԵԲ-ը բանկի ռազմավարական գործընկերն է արդեն շուրջ 15 տարի, եւ, բնականաբար, մրցանակների շնորհումն ակնհայտորեն վկայում է վերջինիս հետ առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Հատկանշական է, որ համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ, որը ներկայում ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

- Քանի որ ԱրմՍվիսԲանկը լայնածավալ գովազդ չի իրականացնում, ոչ բոլորն են տեղեկացված ձեր առաջարկած ծառայությունների շրջանակի մասին։ Կպարզաբանե՞ք՝ ովքեր են Ձեր թիրախային հաճախորդները: 

- Բանկի կողմից գովազդի սահմանափակ իրականացումը պայմանավորված է որդեգրած ռազմավարական քաղաքականությամբ։ Քանի որ բանկը չի մատուցում մասսայական ծառայություններ, մենք նախընտրում ենք գործել ուղղակի մարքեթինգի (Direct Marketing) սկզբունքներով, որոնք ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Այս մոտեցման շնորհիվ կարողանում ենք մշակել եւ առաջարկել անհատականացված լուծումներ՝ անմիջապես թիրախային հաճախորդներին։

Բանկի թիրախային հաճախորդներն են իրավաբանական անձինք, մասնավորապես, միջին եւ խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են արտադրությամբ կամ ներգրավված են միջազգային գործառնություններում՝ հատկապես արտահանման ուղղությամբ: 

Մենք տրամադրում ենք կորպորատիվ բանկինգի տրամաբանության ներքո գործող համալիր ծառայություններ, որոնք չեն սահմանափակվում միայն ստանդարտ կարճաժամկետ կամ երկարաժամկետ բիզնես վարկավորմամբ։ Բանկի գործիքակազմը ներառում է նաեւ ներդրումային ճկուն լուծումներ, որոնք ուղղված են ժամանակավորապես ազատ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ արտարժութային ռիսկերի հեջավորմանը:

Առեւտրի ֆինանսավորման ոլորտում մենք առաջարկում ենք այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմներ, որոնք միաժամանակ խթանում են վաճառքի աճը եւ ապահովում են գործառնական ճկունություն՝ հաճախ փոփոխվող շուկայական պայմաններին արագ ադապտացման նպատակով։

Մեր նպատակն է հանդես գալ ոչ միայն որպես ֆինանսավորող կառույց, այլ՝ որպես լիարժեք գործընկեր, որը խորապես հասկանում է հաճախորդի բիզնես մոդելը, աջակցում է զարգացման գործընթացում եւ օգնում հաղթահարել մարտահրավերները։

- ԱրմՍվիսԲանկում ինչպե՞ս են մոտենում առեւտրի ֆինանսավորմանը՝ հաշվի առնելով շուկայի ներկայիս մարտահրավերներն ու հաճախորդների կարիքները։

- ԱրմՍվիսԲանկն իր գործունեության ընթացքում մշտապես կարեւորել է առեւտրի ֆինանսավորման գործիքների ներդրումն ու զարգացումը՝ սերտորեն համագործակցելով ինչպես արտասահմանյան բանկերի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Հատկապես կարեւորվել են արտահանողների ֆինանսավորմանն ուղղված առանց գրավի պրոդուկտների մշակումն ու զարգացումը: Այս ուղղությամբ դեռեւս 2008թ.-ին են քայլեր ձեռնարկվել` առաջինը Հայաստանից անդամակցելով FCI-ին (Ֆակտորինգային միջազգային ասոցիացիա): 

Այս կոնտեքստում նաեւ մեծ աշխատանք է տարվել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ համատեղ պրոդուկտների մշակման եւ ներդրման գործում:

Իմ համոզմամբ, իրականում մեր հաջողություններն այս ոլորտում պայմանավորված են բանկի հստակ դիրքորոշմամբ առ այն, որ հաճախորդների ֆինանսական խնդիրները լուծելիս չառաջնորդվենք պարզապես ավանդական վարկավորմամբ, այլ առաջարկենք առեւտրի ֆինանսավորման ամենահամապատասխան գործիքը, որը թույլ կտա ծածկել գործարքում առկա ռիսկերը եւ առավելագույնս բավարարել հաճախորդի ֆինանսական կարիքները: 

- Որո՞նք են առեւտրի ֆինանսավորման գործիքներով զսպվող հիմնական ռիսկերը եւ ինչպե՞ս եք դրանք կառավարում։

- Միջազգային առեւտրի մասնակիցները բախվում են մի քանի հիմնական ռիսկի, մասնավորապես, գործընկերոջ կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ընդհուպ նաեւ չվճարման ռիսկին: Էական ռիսկերի թվին է պատկանում նաեւ արտարժութային ռիսկը: Հետեւաբար, յուրաքանչյուր գործարք քննարկելիս մենք գնահատում ենք այդ ռիսկերը եւ ըստ այդմ, կառուցում առեւտրի ֆինանսավորման լուծումները: 

Նշված ռիսկերի զսպման համար բանկը տիրապետում է լայն գործիքակազմի, օրինակ՝ գնորդի չվճարման ռիսկը եւ երկրի ռիսկը զսպելու համար դիմում ենք արտերկրում գտնվող գործընկեր բանկերին կամ վարկային ռիսկ ապահովագրող ընկերություններին, իսկ արտարժույթի ռիսկի զսպման նպատակով առեւտրի ֆինանսավորման գործարքը մշակելիս այն համակցում ենք ֆորվարդային գործիքի հետ` փոխարժեքը ֆիքսելու եւ հաճախորդներին ապագայում առաջացող հնարավոր կորուստներից ապահովելու նպատակով: Ի դեպ, բանկը մասնագիտացած է նաեւ ածանցյալ գործիքների ոլորտում, ինչը թույլ է տալիս հաճախորդներին տարբեր իրավիճակներում հեջավորել արժութային ռիսկերը:

Քանի որ բանկը համագործակցում է թե տարբեր միջազգային գործընկերների, թե գլոբալ բանկային ծառայություններ մատուցող բանկերի հետ, առեւտրի ֆինանսավորման գործիքներով աշխատելիս որեւէ սահմանափակում արժույթի կամ երկրի մասով չի առաջանում: Ցանկանում եմ նշել նաեւ, որ վերջերս նորարարական լուծումների կիրառման շնորհիվ էապես ընդլայնվել են բանկի հնարավորությունները նաեւ արտարժութային փոխանցումների մասով: 

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է առեւտրի ֆինանսավորման պրոդուկտների կիրառումը սահմանափակող հիմնական խոչընդոտը, որը հանգեցնում է պոտենցիալի թերի օգտագործման: 

- Իմ սեփական փորձից կարող եմ եզրակացնել, որ հիմնական խոչընդոտը հաճախորդների շրջանում թույլ իրազեկվածության մակարդակն է, որի ուղղությամբ, ի դեպ, բանկն ակտիվ աշխատանքներ է իրականացնում։ Պարբերաբար սեմինարներ են կազմակերպվում գործող եւ պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների համար, որի ընթացքում նրանց ծանոթացնում ենք պրոդուկտները, ներկայացնում առավելությունները եւ այն ռիսկերը, որոնք կարող են զսպվել այդ պրոդուկտներից օգտվելու պարագայում: 

Բանկն ակտիվորեն մասնակցում է նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` ՎԶԵԲ, ԱԶԲ, ինչպես նաեւ իր ռազմավարական գործընկերների կողմից կազմակերպված մասնագիտական միջոցառումներին` կիսվելով իր հարուստ փորձով կամ հանդես է գալիս որպես միջոցառման հովանավոր: 

Մասնավորապես, առաջիկայում սպասվում է նոր միջոցառում ֆակտորինգի եւ Արտահանման ֆինանսավորմանն ուղղված պրոդուկտների վերաբերյալ: Մանրամասներին ծանոթանալու համար հետաքրքրված անձինք կարող են հետեւել բանկի կայքում եւ սոցիալական հարթակներում տեղադրվող տեղեկատվությանը: 

- Ձեր բանկը հաճախակի խոսում է կանաչ ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս է այն արտահայտվում առեւտրի ֆինանսավորման պրակտիկայում։ 

- Կանաչ առեւտրի ֆինանսավորումը մեր ռազմավարության առանցքային ուղղություններից է: Մեր նպատակն է ոչ միայն ֆինանսավորել առեւտուրը, այլեւ՝ խթանել կայունության սկզբունքների ներդրումը տարբեր ոլորտներում։ Այս նպատակով բանկն առաջարկում է արտոնյալ ֆինանսավորման պայմաններ այն գործարքների համար, որոնք համահունչ են ESG չափանիշներին։ Ի դեպ, մրցանակի արժանացած վերջին գործարքը հենց նման բնույթի էր։ Մենք համոզված ենք, որ բանկերը կարեւոր դեր ունեն կայուն բնապահպանական եւ սոցիալական կառավարման մոդելների խրախուսման գործում: 

- Առաջիկա տարիներին ինչպե՞ս եք տեսնում առեւտրի ֆինանսավորման ուղղության զարգացումը ԱրմՍվիսԲանկում՝ հաշվի առնելով միջազգային միտումները եւ հաճախորդների փոփոխվող կարիքները։ 

- Առեւտրի ֆինանսավորման ապագա միտումները հստակորեն խոսում են այն մասին, որ պահանջարկը շարժվում է դեպի բարդ, համակցված լուծումների ուղղությամբ: Մենք այսօր առեւտրի ֆինանսավորումը դիտարկում ենք հարթակ, որը թույլ է տալիս զուգորդել տարբեր ֆինանսական գործիքներ` ծածկելով ամբողջ առեւտրային ցիկլը: Այս մոտեցումը նպաստում է հաճախորդներին առաջադիմել ոչ միայն կարճաժամկետ գործարքների ֆինանսավորման եւ ռիսկերի զսպման, այլեւ՝ գործառնական ճկունություն ունենալու շնորհիվ: Բացի դասական առեւտրի ֆինանսավորման գործիքներից, ինչպիսիք են ակրեդիտիվն ու երաշխիքը, մեր կողմից առաջարկվող լուծումները ներառում են նաեւ մատակարարման շղթայի ֆինանսավորման այլ արդյունավետ գործիքներ, ինչպիսիք են տեղական եւ միջազգային ֆակտորինգը, նախաարտահանման ֆինանսավորումը, դեբիտորական պարտքի ֆինանսավորումը եւ այլն: Հաճախ առեւտրի ֆինանսավորման գործիքները համակցում ենք նաեւ լիզինգի հետ` գործարքին բնորոշ ռիսկերը արդյունավետ զսպելու նպատակով: 

Իհարկե, նկարագրված մոտեցումները հնարավոր են դառնում բացառապես այն դեպքում, երբ գործառույթները համակարգվում են պրոֆեսիոնալ թիմի կողմից, որը տիրապետում է թե՛ գործիքներին, թե՛ հաճախորդի բիզնեսի նրբություններին։ 

Այս առումով մեր աշխատակիցների գիտելիքներն ու բազմամյա փորձը մեր մրցունակության առանցքային աղբյուրն է: Այդ պատճառով մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել ինչպես նոր պրոդուկտների, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Ի վերջո, մեր զարգացման տեսլականը ձեւավորվում է հարուստ գործընկերային ցանցի, փորձառու թիմի եւ շարունակական ինովացիաների հիմքերի վրա։
Դիտում՝ 6622
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW