Ձևավորելով նոր ներդրումային մշակույթ. Apricot Capital-ը նշում է երկրորդ տարեդարձը

30.07.2024 | 23:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Apricot Capital ներդրումային ընկերությունը նշում է իր երկրորդ տարեդարձը եւ արդեն իսկ հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ Ընկերության Գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը պատմում է ընկերության ձեռքբերումների, մարտահրավերների հաղթահարման, ներդրողներին կրթելու հանձնառության եւ ապագա նպատակների մասին։

- Apricot Capital-ը դառնում է երկու տարեկան։ Այս երկու տարիների ո՞ր ձեռքբերումներով եք ամենաշատը հպարտանում։

- Այս կարճ ժամանակում Apricot Capital-ը զգալի աճ է գրանցել։ Մենք հպարտ ենք մեր հաճախորդների, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության վրա ունեցած դրական ազդեցությամբ։ Թույլ տվեք մանրամասնել։

Մեր բջջային հավելվածի, առցանց գրանցման, ցածր միջնորդավճարների եւ կրթական նյութերի միջոցով մենք ներդրումները հեշտ, հարմար եւ հասանելի ենք դարձրել ավելի լայն հանրության համար: Նույնիսկ ավելացրել ենք արժույթի փոխանակման հնարավորություն մեր հավելվածում, որպեսզի մարդիկ կարողանան համալրել իրենց բրոքերային հաշիվը ցանկացած արժույթով եւ հեշտությամբ փոխարկել այն առանց միջնորդավճարների եւ հարմար փոխարժեքով։

Այս երկու տարիների ընթացքում մեր հարթակը փորձառու, ինչպես նաեւ սկսնակ ներդրողներին հնարավորություն է տվել կառավարել իրենց ֆինանսական ապագան եւ օգտվել համաշխարհային շուկաներում հասանելի գործիքների լայն շրջանակից: Ավելի փորձառու ներդրողների համար նաեւ ներդրել ենք մարժային առեւտրի հնարավորությունը:

Մեր հաճախորդների բազան զգալի աճ է գրանցել, եւ նոր հաճախորդների հոսքն օրեցօր աճում է: Փորձել ենք հնարավորինս դյուրին դարձնել այս գործընթացը նրանց համար: Այժմ ներդրումներով հետաքրքրված մարդիկ կարող են հեշտությամբ ու անվճար մեր կայքում բրոքերային հաշիվ բացել: Քանի որ սկսելու համար նվազագույն գումարի պահանջ չկա, նրանք կարող են սկսել փոքրից եւ ժամանակի ընթացքում կառուցել իրենց ներդրումային պորտֆելը:

Ընկերության երկու տարին դեռ չլրացած արդեն Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 53-րդ հորիզոնականում ենք։ Կարծում եմ, սա արտացոլում է հայերի շրջանում ներդրումների նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Սա նաեւ մեզ դրդեց մեր հավելվածում ավելացնել Հայաստանի պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Ուրախ ենք, որ նման դրական ազդեցություն ունենք Հայաստանի տնտեսության վրա։

Մենք նաեւ նախաձեռնել ենք համագործակցություն Հայաստանի առաջատար բուհերի հետ։ Աշխատում ենք Երեւանի պետական համալսարանի, Տնտեսագիտական համալսարանի եւ Ֆրանսիական համալսարանի հետ: Կրթաթոշակներից եւ փորձագետների կողմից անցկացվող վարպետության դասերից մինչեւ համալսարանի վերանորոգման ծրագրեր՝ ուրախ ենք ներդրումներ կատարել Հայաստանի ապագա մասնագետների կրթության գործում: Նաեւ ակտիվորեն ներգրավված ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններում, որոնց աջակցում ենք մեր հիմնադիր Վարդան Ամարյանի եւ նրա եղբոր՝ Balchug Capital-ի գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանի կողմից ստեղծված Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամն աջակցում է մի շարք ազդեցիկ նախաձեռնությունների կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում:

- Որո՞նք են եղել այն հիմնական մարտահրավերները, որոնց հանդիպել եք ընկերության կայացման եւ զարգացման գործում եւ ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Ամենամեծ մարտահրավերը եղել է հանրությանը կրթելն ու վստահություն ձեւավորելը մի շուկայում, որտեղ ներդրումային մշակույթը դեռեւս համեմատաբար նոր է: Այս խնդիրը լուծելու համար մենք նախաձեռնեցինք մեր «Էփրիքոթ Ակադեմիա» նախաձեռնությունը: Դրա շրջանակում մեր կայքում եւ սոցիալական ցանցերում պարբերաբար հրապարակում ենք կրթական նյութեր, օրինակ՝ Apricot talks փոդքասթը, ուղեցույցներ, Ներդրողի բառարանը եւ հարցուպատասխան հոդվածները: Առաջարկում ենք մեր հավելվածի 14-օրյա դեմո հաշիվ բացելու հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան ոչ իրական, դեմո գումարներով եւ առանց ռիսկի ներդրումներ կատարել, սովորել՝ նախքան իրենց սեփական գումարներով ներդրումներ կատարելը:

Մենք հասկանում ենք, որ մարդիկ, ովքեր ներդրումների աշխարհում նորեկ են, պետք է ուսումնասիրեն եւ իրենց վստահ զգան նախքան իրենց վաստակած գումարը ներդնելը, լինի դա իրենց խնայողությունների արժեքը գնաճից պաշտպանելու կամ իրենց կապիտալը մեծացնելու նպատակով: Առաջին խմբի ներդրողների համար առաջարկում ենք ցածր ռիսկային, ֆիքսված եկամուտով գործիքներ, ինչպիսիք են պետական պարտատոմսերը, կամ դիվերսիֆիկացում առաջարկող տարբերակներ, ինչպիսիք են ինդեքսներին հետեւող ETF-ները: Իսկ նրանք, ովքեր փնտրում են աճի ավելի մեծ ներուժ, մեր հարթակում կարող են գտնել տարբեր շուկաներում շրջանառվող  բաժնետոմսեր, ETF-ներ եւ ավելի բարդ գործիքներ:

Ուսումնասիրելով անձնական ֆինանսների կառավարման սկզբունքները եւ ներդրումների հնարավորությունները՝ յուրաքանչյուրս կարող ենք գտնել մեր կարիքներին ու նպատակներին համապատասխանող ներդրումային գործիքներ: Իսկ Apricot Capital-ն էլ հանձնառու է իր դերը խաղալ Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձեւավորման գործում։

- Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները Apricot Capital-ի ապագայի համար: Կա՞ն որեւէ նոր շուկաներ կամ ծառայություններ, որոնք դիտարկում եք առաջարկել։

- Մենք մշտապես ձգտում ենք նորարարության, որպեսզի բավարարենք եւ գերազանցենք մեր հաճախորդների կարիքներն ու սպասումները: Մոտ ապագայում կենտրոնանալու ենք մեր հաճախորդների բազայի ընդլայնման վրա՝ ավելի մեծ թվով մարդկանց մուտք տրամադրելով դեպի ներդրումային հնարավորություններ: Այդ կապակցությամբ սկսել ենք մեր «Ներդրումների դեսպան» ուղղորդման ծրագիրը՝ խրախուսելու մեր գործող հաճախորդներին հրավիրել իրենց ընկերներին եւ ընտանիքի անդամներին եւ բոնուսներ վաստակել, երբ վերջիններս ներդրումներ կատարեն: Ավելի փորձառու ներդրողների համար էլ ընդլայնում ենք բարդ գործիքների մեր առաջարկը՝ ներառելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կառուցվածքային պարտատոմսերն ու ներդրումային ֆոնդերը։ Ընդհանուր առմամբ ընդլայնում ենք մեր միջոցով հասանելի ֆինանսական գործիքների շրջանակը թե՛ դրանց բազմազանության, թե՛ աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից։

Անցած երկու տարիները կարեւոր գլուխ էին Apricot Capital-ի պատմության համար, բայց սա միայն սկիզբն է: Մենք վստահ ենք, որ Apricot Capital-ը կշարունակի զարգանալ, նորարարական լուծումներ առաջարկել եւ ներդրողներին զինել իրենց ֆինանսական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով եւ հարթակով:
Դիտում՝ 4686
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW