Գրիգոր Վեզիրյան. Բանկի հիմնական խնդիրը միջոցների սկզբնաղբյուրն ու հետագա շարժն ուսումնասիրելն է

30.06.2024 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Բանկերը հանրությանը հիմնականում ներկայանում են ղեկավար անձանցով՝ խորհրդի նախագահներ, գործադիր տնօրեններ, իսկ թիմի մի կարեւոր մաս հաճախ մնում է «ստվերում»: Banks.am-ն այսուհետ ներկայացնելու է բանկերի առանցքային, բայց ետնաբեմում գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի շնորհիվ բանկերը տպավորիչ ցուցանիշներ են գրանցում:

ԱրարատԲանկի Ներքին դիտարկումների բաժնի ղեկավար Գրիգոր Վեզիրյանը հատուկ նախագծի այս հոդվածում պատմել է բանկում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական համակարգում պատժամիջոցների ստեղծած խոչընդոտների եւ հնարավորությունների, կանխիկից անկանխիկի անցման պահանջների մասին:

Բանկի միջոցով «հանցագործությունները կանխարգելող» բաժինը

Ներքին դիտարկումների բաժնի հիմնական խնդիրը փողերի լվացման եւ  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն է, միջազգային պատժամիջոցների պահանջների համապատասխանության ապահովումն ու  բանկի միջոցով նշվածների հետ որեւէ գործարք չկատարելը:

Վերջին շրջանում տեսնում ենք, որ բոլոր երկրները  առերեսվում են ե՛ւ փողերի լվացման, ե՛ւ ահաբեկչության ֆինանսավորման հետ: Այս գործընթացները հիմնականում տեղի են ունենում ֆինանսական հաստատությունների միջոցով: Բանկերի դերը շատ կարեւոր է այս առումով։  Դրանք պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնք կստուգեն բոլոր գործարքները եւ իրենց մոտ սպասարկվող հաճախորդներին՝ հասկանալու համար նրանց հավանական առնչությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ մեր բաժինը բանկում հանցագործություններ կանխարգելող բաժինն է:

Գրիգոր Վեզիրյան


Օրենքով սահմանված հստակ պայմաններ կան, թե բանկն ինչպիսի գործողություններ պետք է իրականացնի՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար: Դրանցից ամենակարեւորը հաճախորդին ճանաչելն է: Ցանկացած հաճախորդի, ով մտնում է բանկ՝ գործարք կատարելու, շատ կարեւոր է հասկանալ՝ նա ո՞վ է, ի՞նչ գործարք է կատարում եւ ի՞նչ ակնկալիքներ ունի բանկից:

Անօրինական փողերի օրինականացման դեմ պայքարը բանկում

«Փողերի լվացում» արտահայտությունն առօրյայում շատ ենք լսում: Շատերն այն օգտագործում են եւ չեն էլ հասկանում այդ եզրույթի իմաստը: Եթե պարզ լեզվով ներկայացնեմ՝ փողերի լվացումն անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման գործընթաց է: Այն անձինք, որոնք ունեն այդպիսի գումարներ եւ խնդիր ունեն դրանք օգտագործելու, փորձելու են որեւէ գործարք կատարելու պատրվակով դրանք մուտք անեն բանկ: Ուստի, բանկի համար շատ կարեւոր է նման դեպքերում հասկանալ միջոցների օրինական ծագումը։

Այս պարագայում Բանկի հիմնական խնդիրը միջոցների սկզբնաղբյուրն ու հետագա շարժն ուսումնասիրելն է: Անհրաժեշտ է հասկանալ միջոցների ձեւավորման աղբյուրը,  օրինական հիմքերը եւ դրանցով իրականացվելիք գործարքների նպատակը։

Ուրախությամբ փաստում եմ, որ Հայաստանը չի գտնվում Փողերի Լվացման եւ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից բարձր ռիսկային երկրների շարքում: Միջազգային կառույցների բազմաթիվ ստուգումները փաստում են, որ մեր Հանրապետությունը արդյունավետ է պայքարում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ:

Տնտեսական եւ իրավական գիտելիքների միաձուլում

Այնպես է ստացվել, որ կյանքիս ավելի քան մեկ երրորդ հատվածն աշխատում եմ ԱրարատԲանկում, որն, ի դեպ, իմ  առաջին  աշխատավայրն է: Արդեն 12 տարի այստեղ եմ աշխատում, ընտանիքս էլ եմ այստեղ կազմել, կնոջս հետ այստեղ եմ ծանոթացել: Աշխատանքում, բնականաբար, լինում են լարված պահեր, բայց իմ կարծիքով նաեւ այդ լարվածությունն է հետաքրքրացնում  մեր աշխատանքը: Աշխատանքն ազդում է նաեւ աշխատանքային առօրյայից դուրս կյանքիս վրա: Երբեմն բավականին կասկածամիտ եմ դառնում (ծիծաղում է, խմբ.),  ականջի ծայրով եթե լսում եմ, որ որեւէ մեկն ինչ-որ գործարք է ուզում կատարել, գրեթե միշտ փնտրում եմ հավանական խարդախություն, ռիսկեր եւ այլն:

Գրիգոր Վեզիրյան


Այս աշխատանքի կարեւոր կետերից մեկն անընդհատ ինքնակրթվելն է: Պահանջներ, սխեմաներ են փոխվում, որպես օրինակ կարող եմ նշել պատժամիջոցներին առնչվող փոփոխությունները, որոնցից պետք է տեղյակ լինել, կրթվել, ինչն էլ չի թողնում հոգնել, ձանձրանալ գործից:

Բանկի մյուս աշխատողների առօրյայից Ներքին դիտարկումների բաժնի աշխատակիցների օրը տարբերվում է: Այստեղ նրբությունն այն է, որ մենք հաճախորդների հետ հիմնականում չենք շփվում, մեր գործառույթը հսկող, վերահսկող է: Մեր հիմնական խնդիրը նաեւ հաճախորդների հետ շփվող սպասարկողներին կրթելն է, որպեսզի նրանք տեղեկացված լինեն փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասով եւ կասկածելի գործարքներ լինելու դեպքում ճիշտ գործողություններ կատարեն, ճիշտ տեղեկատվություն վերցնեն հաճախորդից եւ  տրամադրեն մեր բաժնին, որից հետո մենք կարողանանք մեր աշխատանքը ճիշտ կատարել:

Մեր աշխատանքային գործառույթների կարեւոր մաս են կազմում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) հետ կանոնավոր հաղորդակցությունն ու կապը, քանի որ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ցանկացած հարցի դեպքում ԿԲ-ն ուղիղ մեր բաժնի հետ է շփում ունենում:

Պատժամիջոցները հնարավորությո՞ւն, թե խոչընդոտ

Կարծում եմ՝ բանկային համակարգում միջազգային պատժամիջոցները ե՛ւ հնարավորություն են ստեղծում, ե՛ւ խոչընդոտներ: Շատ նուրբ տեղ են սրանք խաչվում: Շատ հաճախ բանկերը հնարավորություն են տեսնում այնպիսի դեպքերում, երբ իրականում դա խոչընդոտ է: Պետք է շատ հստակ հասկանալ պատժամիջոցների պահանջները եւ քո ռիսկերը: Այնտեղ, որտեղ կան հստակ պահանջներ եւ խոչընդոտներ գործարքներ կատարելու համար, չպետք է հնարավորություն տեսնել եւ փորձել օգտվել դրանից, քանի որ հետեւանքներն անդառնալի կարող են լինել թե՛ ֆինանսական հաստատության, թե՛ ՀՀ համբավի համար: Բայց, իմ գնահատմամբ, փորձը ցույց է տալիս, որ բանկերը բավականին լավ են պայքարում պատժամիջոցների շրջանցման, նորանոր խոչընդոտների եւ մարտահրավերների դեմ:

Իսկ երբ պատժամիջոցը հնարավորություն է դառնում, դրա ամենավառ օրինակը մենք ունեցանք բոլորովին վերջերս: Գաղտնիք չէ, որ 2022 թվականի պատժամիջոցների հետեւանքով ամենաշատը տուժեցին Ռուսաստանում ապրող եւ միջազգային կազմակերպությունների համար աշխատող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները: Այդ ժամանակ մեծ թվով ՌԴ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձինք ընտանիքներով տեղափոխվեցին Հայաստան: Հնարավորությունն այստեղ այն էր, որ մենք ունեցանք հաճախորդների նոր շուկա, որոնք բավականին բարձր աշխատավարձ են ստանում եւ պատրաստ են այդ գումարները ներդնել բանկերում՝ ավանդի կամ գործարքների տեսքով:

Կանխիկը՝ խոչընդոտ հանցագործությունների դեմ պայքարում

Անկանխիկի օրենքը շատ կարեւոր է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով, քանի որ կանխիկը շատ է խոչընդոտում այդ պայքարին: Ժամանակակից աշխարհը բավականին վաղուց էր անցել անկանխիկ գործարքներին եւ, կարելի է ասել, մենք հետ էինք մնում: Անկանխիկ տարբերակով գործարքներ կատարելու ժամանակ հստակ երեւում է՝ գումարները որտեղից են գալիս, ուր են գնում: Այսինքն՝ ռիսկերը վերահսկելը բավականին հեշտ է լինում, ինչի հետեւանքով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն է հեշտ լինում: Անկանխիկի օրենքը մեր Հանրապետության համար շատ խորթ էր, քանի որ մենք, այսպես ասած, ունեինք պատմական խնդիր, երբ ԽՍՀՄ փլուզման արդյունքում բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց խնայողությունները բանկերում: Մենք մինչեւ այսօր ունենք խորհրդային տարիներից մնացած ավանդների վերադարձի շարունակական գործընթաց: Սա, իհարկե, չէր կարող լուրջ հետեւանք չունենալ բնակչության ենթագիտակցության վրա:

Գրիգոր Վեզիրյան


Այնպես էր ստացվել, որ մեր երկրում գրեթե բոլորը գերադասում էին կանխիկով կատարել բոլոր գործարքները: Երբ ստանում էին աշխատավարձ, թոշակ, գերադասում էին գումարն անմիջապես կանխիկացնել եւ այդպես պահել, այդպես ավելի անվտանգ էին զգում: Երբ անկանխիկի մասին օրենքն ընդունվեց, ի սկզբանե պահանջները շատ խիստ դրվեցին, եւ, իմ կարծիքով, մեր երկիրն առաջին փուլում դեռ պատրաստ չէր այդ օրենքի պահանջների կատարմանը: Միաժամանակ անհնար է չընդունել այն փաստը, որ այդ օրենքի՝ արդեն գրեթե երկու տարի ուժի մեջ լինելուն զուգահեռ ձեւավորվում է հանրային գիտակցում, որ անկանխիկ գործարքների կատարումն, ի թիվս այլոց, ավելի հարմար տարբերակ է ծախսերը վերահսկելու, գործարքներն էլ ավելի արագ եւ ապահով իրականացնելու տեսանկյունից։

Աշխատանքի ազդեցությունը, խորհուրդ ընթերցողներին

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաեւ խարդախությունները, եւ այս առումով հանրությանը կրթելու խնդիր ունենք, այն էլ՝ պետական մակարդակով:

Պարզ օրինակ ասեմ՝ շատերը էլեկտրոնային փոստով նամակներ ստացած կլինեն այն մասին, թե «շահել եք խոշոր գումար» կամ «հեռու ազգականը վախճանվել է եւ ժառանգությունը մնացել է իրեն»: Սրանք խարդախության ամենահասարակ տարբերակներն են: Անձամբ առնչվել եմ դեպքի, երբ հաճախորդը  բանկում գումար էր ուզում փոխանցել, քանի որ, իր պնդմամբ, ինքը գումար է շահել եւ դրա մասին նամակ է ստացել: Սրանք կեղծիքի շատ բացահայտ եւ պարզ սխեմաներ են, բայց հաճախորդը պատրաստ էր մի քանի հարյուր դոլար փոխանցել՝ հավատալով, որ շահել է եւ մեծ գումար է ստանալու:

Այս առումով սոցիալական կրթությունը, գովազդների, տեղեկատվական հոլովակների տեսքով շատ կարեւոր է: Այսպիսի դեպքերն էլ պետք է մանրամասն ներկայացվեն հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայով եւ ամենակարեւորը՝ պետական մակարդակով: Իսկ մեր ընթերցողին էլ կասեմ՝ «անվճար պանիրը միայն թակարդում է լինում»:

Կարդացեք նաեւ՝

Ալինա Ծատուրյան. Աշխատակազմի ղեկավարը՝ ենթահամակարգերն իրար կապող օղակ

Սուրեն Բաբաջանյան. Եթե հաճախորդի հետ անկեղծ չես, բրենդինգը երկրորդային է դառնում

Ռոզա Քեշիշյան. Բանկի կարեւորագույն ակտիվը հաճախորդն է

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2627
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW