Սարգիս Խաչատրյան. Կոնվերս Բանկի գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը

25.03.2024 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Սարգիս Խաչատրյան #Կոնվերս Բանկ

Նոր պրոդուկտների ներդրումից մինչեւ հաճախորդների փորձառության բարելավմանը միտված քայլեր, պորտֆելի էական աճ եւ նոր ռազմավարություն. Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանը ներկայացրել է նախորդ տարվա ցուցանիշները, հաջողությունները եւ 2024-ի ծրագրերը:

-Ի՞նչ ցուցանիշներով է 2023-ը ամփոփել Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտը:

-2023թ-ին Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել ՓՄՁ ֆինանսավորման համար բարենպաստ միջավայրի զարգացմանը, լիզինգային ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաեւ կորպորատիվ վարկային պրոդուկտների վերանայմանն ու նոր պրոդուկտների ներդրմանը:

Թիմի ջանքերով 2023թ. վերջի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 18%-ով: 2023թ. լիզինգային ֆինանսավորման խմբի կազմավորման եւ Converse Leasing պրոդուկտի ներդրման շնորհիվ հատկապես տպավորիչ աճ է գրանցվել լիզինգի ֆինանսավորման ոլորտում:

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա մեծ է հատկապես առեւտրի, շինարարության եւ ծառայությունների ոլորտների ընկերությունների ֆինանսավորման ծավալը:

Նշված ցուցանիշները վկայում են բիզնես գործընթացների արդյունավետության, Բանկի առաջարկների նկատմամբ պահանջարկի մասին: Ոչ պակաս կարեւոր դերակատարում է ունեցել պոտենցիալ հաճախորդների հետ ամենօրյա շփումը, ֆինանսավորման հարցում ցուցաբերվող ճկունությունը եւ անհատական մոտեցումը:

-Որո՞նք են Կոնվերս Բանկի սկզբունքներն ու արժեհամակարգը բիզնեսի ֆինանսավորման առումով:

-Կոնվերս Բանկի համար բիզնեսի ֆինանսավորումն ինքնանպատակ չէ. մենք կատարում ենք ներդրում բիզնեսի կայացման եւ զարգացման համար, բացի ֆինանսավորումը՝ տալով անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցելով բիզնեսի ֆինանսավորման լավագույն լուծումը գտնելու հարցում, հաճախորդների հետ անցնելով բիզնեսի կայացման ու զարգացման ողջ ճանապարհը, անհրաժեշտության դեպքում կիսելով պատասխանատվությունն ու ռիսկերը:

Մեր հաճախորդներին առաջարկում ենք շուրջօրյա հասանելիություն սպասարկող մենեջերների հետ, աջակցություն, ճկուն մոտեցումներ:

Կարեւորում ենք նաեւ հենց հաճախորդի նախընտրելի միջավայրում սպասարկումը՝ բացի բանկ այցելելուց առաջարկելով թվային գործիքակազմ, ինչպես նաեւ տարբեր պրոդուկտների շրջանակում ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

-Ի՞նչ պրոդուկտներով եւ հնարավորություններով է ներկայանում Կոնվերս Բանկը շուկայում:

-Կոնվերս Բանկն այսօր առաջարկում է լայն գործիքակազմ բիզնեսի ամենատարբեր ֆինանսական կարիքները հոգալու համար՝ սկսած տարբեր նպատակայնության եւ ժամկետայնության վարկավորումից մինչեւ լիզինգ, ակրեդետիվների թողարկում, միջազգային առեւտրի ու գործարքների ֆինանսավորման լայն գործիքակազմ:

Բարեփոխումների ճանապարհին իրականացրել ենք ծավալուն ուսումնասիրություն հաճախորդների շրջանում: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է նոր թվային ռազմավարություն. մեր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները լինելու են առավել նպատակային, անհատականացված եւ ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը:

Մենք շարժվելու ենք բիզնեսի ֆինանսավորման թվային գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ, սակայն եթե հաճախորդը խորհրդատվության կամ անմիջական շփման կարիք ունենա, ապա նրան սիրով սպասելու ենք մասնաճյուղերում։

Ինչ վերաբերում է ներկայում գործող թվային լուծումներին, ապա այսօր հաջողությամբ գործում է Կոնվերս Բանկի բիզնես վարկերի առցանց հարթակը՝ sme.conversebank.am: Հարթակում 24/7 ռեժիմով իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են դիմել վարկավորման համար ու սեղմ ժամկետներում ստանալ ներկայացված հայտի նախնական կարգավիճակ:

Արդեն մոտ մեկ տասնամյակ է հաջողությամբ գործում է նաեւ Converse Business հավելվածը, որի թարմացված տարբերակը հաճախորդներին ենք ներկայացրել վերջերս: Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հարմարավետ միջավայրում շուրջօրյա կառավարել բիզնես ֆինանսներն ու իրականացնել տարատեսակ գործառնություններ:

Նշված երկու թվային լուծումն էլ պարբերաբար թարմացվում են, հարմարեցվում ժամանակի եւ հաճախորդների պահանջմունքներին:

-Որո՞նք են լինելու բանկի գործունեության հիմնական ուղղությունները 2024-ին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-2024-ին մեր գործունեությունն ուղղված է լինելու թվային գործիքակազմի ընդլայնմանը, բանկի՝ բիզնեսի ֆինանսավորման տեսանկյունից գրավչության բարձրացմանը: Քայլեր կձեռնարկվեն ֆինանսավորման գործող պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը շուկայում հանդես կգա նոր մրցունակ պրոդուկտներով եւ առաջարկներով՝ հաճախորդներին տալով ֆինանսավորման լայն հնարավորություններ:

Կարծում եմ՝ փոփոխությունները դրական կընկալվեն հաճախորդների կողմից, ինչը կարտացոլվի 2024-ի արդյունքների վրա պորտֆելի աճի տեսքով:

Դիտում՝ 5857
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW