Եվրոյի առաջին 25 տարվա դասերը

10.02.2024 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Եվրոպական համալսարանական ինստիտուտի Ռոբերտ Շումանի կենտրոնի Տոմազո Պադոա Սկյոպայի անվան ամբիոնի նախագահ Մարկո Բուտիի եւ Ռոբերտ Շումանի կենտրոնի Պիեռ Վերների անվան ամբիոնի նախագահ Ջիանկառլո Կորսետիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարկո Բուտի, Ջիանկառլո Կորսետի

Եվրոյի ներդրման 25-ամյակը, որը հիմնականում աննկատ անցավ, հարմար առիթ է գնահատելու ժամանակակից պատմության ամենամեծ դրամավարկային գիտափորձի ներկա վիճակը:

Եվրոյի գործարկումը 1999 թվականի հունվարին բեւեռացրեց տնտեսագետներին: Հակառակ թերահավատությանը (հանգուցյալ ամերիկացի տնտեսագետ Մարտին Ֆելդսթայնը նույնիսկ պնդում էր, որ միասնական արժույթը կարող է պատերազմ հրահրել Եվրոպայում)՝ եվրո ստեղծողները կայուն մակրոտնտեսական ապագա էին պատկերացնում, որի հիմքում անկախ կենտրոնական բանկն է եւ կայունության ուղղված հարկաբյուջետային ծրագիրը: Կառուցվածքային բարեփոխումները, որոնք պետք է իրականացնեին Եվրամիության անդամ երկրները, կոչված էին բարելավել արժութային միության ունակությունը՝ հարմարվելու ցնցումներին:

Այդ սցենարներից ոչ մեկը չիրականացավ։ Անցած քառորդ դարը եվրոն արտասովոր ճկունություն ցուցաբերեց՝ դիմակայելով մի քանի կարեւոր մարտահրավերներին եւ ի հեճուկս ձախողման կանխատեսումներին: Թեեւ միասնական արժույթը իրականացրել է մի քանի խոստումներ, հատկապես՝ պահպանել գների կայունությունը իր գոյության մեծ մասի ընթացքում, այն չի խթանել Եվրոպայի պոտենցիալ աճը կամ հեշտացրել դրա լիարժեք տնտեսական ու քաղաքական ինտեգրումը:

Այս ոչ միանշանակ արդյունքը հիմնականում կարելի է վերագրել նրան, որ Եվրոպայի տնտեսական միությունն ի սկզբանե անկատար էր: Չնայած այն զգալի առաջընթացին, որը ձեռք է բերվել հիմնադրման օրվանից, եվրոգոտու հարկաբյուջետային եւ տնտեսական հիմքը ցավալիորեն թերզարգացած է՝ համեմատած դրամավարկային ենթակառուցվածքի հետ:

Եվրոգոտու անավարտ կառուցվածքի հետեւանքները հասկանալու համար ճիշտ կլինի անցած 25 տարիները բաժանել չորս տարբեր ժամանակաշրջանների:

Գերմանիայի կանցլեր Հելմութ Քոլը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը

Առաջին փուլը՝ 1999-ից մինչեւ 2008 թվականը, կարելի է անվանել «2%-անոց տասնամյակ». տնտեսական աճը, գնաճը եւ բյուջեի դեֆիցիտը (որպես ՀՆԱ-ի մասնաբաժին)՝ բոլորը այս թվի շուրջ էին պտտվում: Այս փուլը բնութագրում է ծայրահեղ լավատեսությունը «մեծ չափավորության» նկատմամբ։

Սակայն այս ժամանակահատվածում ի հայտ եկած ներքին անհավասարակշռությունները տարիներ շարունակ հետապնդելու էին եվրոգոտին: Տոկոսադրույքների մերձեցումը, որի մասին վկայում էին նվազագույն սփրեդները, հանգեցրեց անդամ երկրների պետական ֆինանսների չափից ավելի լավատեսական պատկերմանը: Միեւնույն ժամանակ, հարկաբյուջետային եւ դրամավարկային մեղմ պայմանները եվրոպական կառավարությունների համար բավական խթան չեղան՝ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու եւ բանկային համակարգերն ամրապնդելու համար:

Անվանական կոնվերգենցիան թաքցրեց նաեւ կառուցվածքային ավելի խոր անհավասարությունները, քանի որ կապիտալը հոսում էր եվրոգոտու ամենահարուստ անդամներից դեպի ավելի աղքատները, որտեղ այն հաճախ հատկացվում էր ոչ արդյունավետ ոլորտներին, օրինակ՝ անշարժ գույքին ու ոչ առեւտրային ծառայություններին, հաճախ այնպիսի գործիքներով, ինչպիսիք են կարճաժամկետ բանկային վարկերը: Արդյունքում եվրոգոտու ընթացիկ հաշիվները հավասարակշռված էին, բայց ի հայտ եկան զգալի անհավասարակշռություններ։

2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, մասնավորապես այն բացահայտումը, որ Հունաստանը ստել էր իր բյուջեի դեֆիցիտների եւ պարտքերի մասին, քայքայեց անդամ երկրների միջեւ վստահությունը: Գերիշխող պատում դարձավ բարոյական վտանգը, եւ ընդգծվեց յուրաքանչյուր երկրի՝ սեփական տունը կարգի բերելու անհրաժեշտությունը: Երբ եվրոգոտու կառավարությունները վերջապես համակարգված արձագանքեցին խնդրին՝ ստեղծելով Եվրոպական կայունության մեխանիզմ (ESM), գործարկելով բանկային միության նախագիծը, ներդնելով Եվրոպական կենտրոնական բանկի ուղղակի դրամավարկային գործարքների ծրագիրը եւ ընդլայնելով ԵԿԲ-ի հաշվեկշիռը, եվրոն կարծես փլուզման եզրին էր:

Շրջադարձային կետ դարձավ ԵԿԲ-ի այն ժամանակվա նախագահ Մարիո Դրագիի 2012-ի հուլիսի խոստումը՝ անել «ամեն հնարավորը», որ եվրոն պահպանվի: Բայց քանի որ «միակ խաղը» դրամավարկային քաղաքականությունն էր, եվրոգոտու տնտեսական եւ ֆինանսական կառույցները մնացին մասնատված:

Էմանյուել Մակրոնը եւ Անգելա Մերկելը

Քովիդ-19-ի ճգնաժամը փոխեց իրավիճակը։ Համաճարակի բնույթը եւ մոտալուտ ընտրությունների բացակայությունը հնարավորություն տվեց ԵՄ առաջնորդներին (Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, այն ժամանակվա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ) հանդես գալ միասնական ճակատով՝ չկաշկանդված բարոյական վտանգից խուսափելու պահանջով: ԵՄ-ն կասեցրեց Կայունության եւ աճի պայմանագիրը, որը նախկինում սահմանափակում էր անդամ երկրների բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3%-ի չափով եւ գործարկեց «Աջակցություն արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերը նվազեցնելու համար» եւ «Հաջորդ սերնդի ԵՄ» (NextGenerationEU) վերականգնման ծրագրերը՝ երկուսն էլ ֆինանսավորելով ընդհանուր փոխառություններով: Միեւնույն ժամանակ ԵԿԲ-ն ներկայացրեց իր 1,85 տրիլիոն եվրո (2 տրիլիոն դոլար) համավարակի շտապ գնումների ծրագիրը:

Թեեւ կոլեկտիվ առաջնորդության այս ցուցադրությունը հանգստացրեց շուկաները՝ նպաստելով տնտեսական վերականգնմանը, լավատեսությունը կարճ տեւեց: Համաշխարհային գնաճի տեմպը, որն առաջացել էր հզոր մակրոտնտեսական խթանի եւ համաճարակի հետ կապված մատակարարման շղթաների խափանումների հետեւանքով, սրվեց էներգակիրների գնի ցնցումից, որը տեղի ունեցավ, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում կատարեց Ուկրաինա: Չնայած եվրոպացի քաղաքական գործիչները միասնաբար փորձեցին նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից, նրանք չկարողացան NextGenerationEU նախաձեռնության պես կոլեկտիվ արձագանքել: Բախվելով աճող դեֆիցիտին եւ պարտքին (չխոսենք 1980-ականներից ի վեր դրամավարկային խստացման ամենաագրեսիվ ցիկլի մասին)՝ ԵՄ երկրները կրկին հետաձգեցին եվրոգոտու բարեփոխումները:

Ուրսուլա ֆոն դեռ Լայենը

Եվրոյի առաջին 25 տարիներից կարելի է երկու կարեւոր դաս քաղել: Նախ, արժութային միության թերի ինստիտուցիոնալ հիմքը եւ՛ ծախսատար, եւ՛ վտանգավոր է: Կայունության եւ եվրոյի միջազգային դերի ամրապնդման համար կարեւոր է ավարտել բանկային միության ստեղծումը, հատկապես ESM-ի եւ ավանդների ապահովագրության աջակցությամբ ընդհանուր կարգավորող հիմնադրամի ստեղծումը: Այդ իմաստով Իտալիայի կողմից վերջերս ESM պայմանագիրը վավերացնելու ձախողումը լուրջ հետընթաց է: Աջակցել կապիտալի շուկայի միությանը էական է, եթե Եվրոպան ցանկանում է դիմակայել թվային եւ «կանաչ» անցումներից բխող ֆինանսական մարտահրավերներին: Այս ամենին հասնելու համար ԵՄ առաջնորդները պետք է հավասարակշռեն ռիսկերի բաշխումն ու ռիսկերի նվազեցումը:

Երկրորդը. եվրոյի կայացումը չափազանց կարեւոր է ԵՄ ամենամեծ ձեռքբերումը՝ միասնական շուկան պահպանելու եւ զարգացնելու համար: Այն, որ եվրոպական երկրներն այժմ վարում են ազգային արդյունաբերական քաղաքականություններ, որոնք պետական օգնությամբ են ֆինանսավորվում, խարխլում է միասնական շուկայի հիմնական արժեքները: Այս մարտահրավերին դիմակայելու համար ԵՄ-ն պետք է միասնական եվրոպական արդյունաբերական քաղաքականություն մշակի: Այս նպատակով պետք է ավելացնել միջսահմանային ներդրումները՝ կենտրոնանալով եվրոպական հանրային բարիքի վրա, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կարեւոր նյութերի հասանելիությունը, «կանաչ» եւ թվային անցումները:

Հելմութ Քոլը եւ Ժակ Դելորը

Բեռլինի պատի փլուզումից հետո Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժակ Դելորը իրականություն դարձրին միասնական արժույթի երազանքը։ Քովիդ-19 ճգնաժամի ժամանակ Մակրոնը, Մերկելը եւ ֆոն դեր Լայենը կարողացան հաղթահարել անհաղթահարելի թվացող խոչընդոտները եւ պատմական բեկում մտցնել։ Այժմ, քառորդ դար անց, եվրոյին անհրաժեշտ են հեռատես առաջնորդներ, որոնք եվրոպական ինքնիշխանությունը դեպի հաջորդ փուլ կտանեն:


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.

www.project-syndicate.org
Դիտում՝ 3238
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai