ՀՀ բանկային համակարգում հաշվեկշռային հիմնական ցուցանիշները կրկին աճ են գրանցել

28.04.2021 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #ցուցանիշներ

Հայաստանյան բանկերը 2021թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 12.7 %-ով, պարտավորությունները՝ 13.9 %-ով, կապիտալը՝ 5.9%-ով:


Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2021թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2021թ. առաջին եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 12.7%-ով՝ կազմելով 6 659.2 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 11% աճ՝ 1 010.5 մլրդ դրամով:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը՝ արձանագրելով 13% աճ եւ  հասնելով 955.91 մլրդ դրամի:

Առաջատար հնգյակում են նաեւ՝ Հայբիզնեսբանկը՝ 898.24 մլրդ դրամ (2020թ. համեմատ՝ 12.5% աճ), ԱԿԲԱ Բանկը՝ 493.41 մլրդ դրամ (11.8% աճ) եւ Ինեկոբանկը՝ 379.62 մլրդ դրամ (11.1 % աճ) ցուցանիշներով :

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2021թ. առաջին եռամսյակում 2020թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 13.9%-ով՝ կազմելով 5 746.46 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2021թ. առաջին եռամսյակում աճել են 11.2 %-ով՝ կազմելով 896.7 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Արդշինբանկն է՝ 863.51 մլրդ դրամ ցուցանիշով՝ արձանագրելով 12.7% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 842.69 մլրդ դրամ (աճը՝ 13%), ԱԿԲԱ Բանկը՝ 422.02 մլրդ դրամ (13.4% աճ), եւ Ինեկոբանկը՝ 319.24 մլրդ դրամ(աճը՝ 12.8%):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 5.9%, ինչի արդյունքում արձանագրվել է 912.74 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 113.81 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.2%:

Երկրորդը Արդշինբանկն է՝ 92.4 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.2%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են ԱԿԲԱ Բանկը՝ 71.4 մլրդ դրամ (աճը՝ 3.6%), Արմսվիսբանկը՝ 63.12 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 5.7%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 60.38 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 3.2% աճով:

Նշենք, որ 2021թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.1%-ը, պարտավորությունների 58,2%-ը, եւ կապիտալի 43,9%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2021թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2020թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Այվազյան Աննա

Դիտում՝ 6118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai