Էկոփադ՝ երբ նոթերը ջնջվում են եւ «վերակենդանանում»

10.07.2017 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Էկոփադ #TSD
Ինչպե՞ս է հնարավոր գրառումներ կատարել նոթատետրում, ջնջել դրանք միկրոալիքային վառարանում եւ պահպանել արդեն էլեկտրոնային նոթերը ամպային համակարգում: Banks.am-ը Technology and Science Dynamics ընկերության կողմից մշակված էկոփադի գաղտնիքները փորձել է բացահայտել ընկերության փոխտնօրեն Լեւոն Գալստյանի եւ ծրագրի համակարգող Գոռ Ռուստամյանի օգնությամբ:

Կատակ-առաջարկ

Ինչ տեղի ունեցավ, երբ հերթական աշխատանքային քննարկման ժամանակ Technology and Science Dynamics ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը հասկացավ, որ կարեւոր գրառումներով նոթատետրը մոռացել է:
 
«Ասաց՝ չե՞ք կարող այնպիսի մի բան ստեղծել, որ գրառումներս ինչ-որ տեղ պահպանվեին ու հեռախոսով կարողանայի գտնել,- պատմում է TSD-ի ծրագրի ղեկավար Գոռ Ռուստամյանը: -Դե մենք էլ,  հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, ինչ ասում են՝ անում ենք»:

Շուրջ մեկ ամիս անց՝ 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին, էկո նոթատետրի նախատիպն արդեն պատրաստ էր: TSD-ի կենսաբանների, քիմիկոսների, դիզայներների ու ծրագրավորողների համատեղ աշխատանքի արդյունքում մանրակրկիտ մշակված նոթատետրն առաջարկում է խնայել թուղթը՝ կրճատելով ծառահատումները, ինչպես նաեւ պահպանել գրիչով արագ արված գրառումներն ամպային համակարգում:

Վառարանի ու սառնարանի էֆեկտը

«Էկոփադ» անունը ստացած նոթատետրը բաղկացած է այսպես կոչված երեք բաղադրիչից՝ գրիչ, նոթատետր եւ մոբայլ հավելված: Գրիչին ամրացված ռետինը հնարավորություն է տալիս ջնջել կատարված գրառումը, իսկ հավելվածը պահելով նոթատետրի վրա՝ նշված գրառումն ուղարկվում է էլեկտրոնային հասցեին կամ ամպային համակարգին:


Ջնջելու առավել հարմար տարբերակ է միկրոալիքային վառարանը կամ վարսահարդարման ֆենը, այլ կերպ ասած՝ գրառումները վերացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ջերմային պայմաններ՝ մոտ 60 աստիճան:

«Գրեցիք, վերջացրիք, փակում եք այն, դնում միկրոալիքային վառարանում, մի քանի րոպե հետո այն մաքուր նոթատետր է, օգտագործման համար պիտանի»,- պատմում է Գոռ Ռուստամյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ամրակարից հեշտությամբ կարելի է հանել առանձին էջերը, «վերացնել» դրանց ինֆորմացիան եւ արդեն դատարկ էջերը դարձյալ կցել նոթատետրին: Նման օգտագործումը, նրա խոսքով, հնարավորություն կտա առավել երկար պահպանել նոթատետրի ապրանքային տեսքը:

Գոռ Ռուստամյանը

Մյուս կողմից, ջերմային պայմաններում նոթատետրի ինֆորմացիան ջնջելուց հետո այն կարելի է տեղադրել սառնարանում, եւ ինֆորմացիան դարձյալ կվերականգնվի: Նոթատետրը նման ձեւով կարելի է օգտագործել 5-10 անգամ՝ կախված օգտագործողի զգուշությունից:

«Տեխնիկապես անվերջ կարելի է օգտագործել, պարզապես մենք հաշվի ենք առել, որ 5-10 անգամ օգտագործելուց հետո մի փոքր էլ ապրանքային մաշվածություն կլինի, ապրանքային տեսքն ընկած կլինի նախնականի համեմատ: Էկոփադը կծառայի շատ ավելի երկար, եթե ավելի խնամքով վերաբերվեք»,- ասում է Գոռը:

Ինչ վերաբերում է հավելվածին, ապա Ecopad-ը ներկայում հասանելի է Android օպերացիոն համակարգի համար, իսկ iOS տարբերակը կգործարկվի հուլիսի վերջին: Այսօրվա դրությամբ հավելվածը հնարավորություն է տալիս սկանավորել գրառումները եւ ուղարկել համապատասխան ամպային համակարգ: Առաջիկա թարմացումներում խոստանում են ավելացնել հավելվածի ֆունկցիոնալությունը՝ «ստիպելով» ձեռագրով գրված նոթերը վերածել տպագրի, իսկ անգլերեն գրառումների դեպքում «ճանաչել տեքստը» (text recognition):

Վաճառք

Զանգվածային արտադրություն սկսելու հարցում ընկերությունը չի հապաղել: Մեկնարկն արդեն տրված է B2B մակարդակում, իսկ աշնան սկզբին էկո նոթատետրը հնարավոր կլինի գնել արդեն գրախանութներում, վստահեցնում է ընկերության փոխտնօրեն Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ այս պահին էկոփադի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գրասենյակային տիպի բիզնեսները, բանկեր, ապահովագրական եւ ՏՏ ընկերություններ: Ընդ որում, կորպորատիվ պատվերների դեպքում հնարավորություն կա նոթատետր կազմել պատվիրատուի տարբերանշանով եւ նրա համար անհրաժեշտ ինֆորմացիայով:

Ավելին, այս պահին բանակցություններ են ընթանում արտասահմանյան մի քանի կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են հայկական էկո պրոդուկտով:

«Ամեն ինչ կախված է մրցունակ պայմաններ առաջարկելուց: Այն գնային տարբերակը, որ մենք առաջարկում ենք այսօր, հաստատ մրցունակ է: Պարզապես մեր խնդիրն այն է, որ մենք համաշխարհային բրենդ դառնալու ճանապարհին ենք, ու այդ առումով, եթե մեր մրցակիցը սա առաջարկում է, օրինակ, 100 դոլարով, մենք, ենթադրենք՝ 40-ով, գնորդի մոտ կասկած է առաջանում՝ ինչո՞ւ պիտի 2 անգամ էժան լինի»,- ասում է Լեւոն Գալստյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 25108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai