Արտակ Անանյան. Տանն եմ ինձ կատարյալ երջանիկ զգում

18.09.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Անանյանի հարցազրույցը Banks.am-ին:

-Ինչպիսի՞ն է Արտակ Անանյանը տանը եւ աշխատավայրում, փողկապով եւ առանց փողկապի տարբե՞ր եք:

- Նույն սկզբունքներով եմ առաջնորդվում թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Եթե ինձ նկարագրելու լինեմ, կարող եմ ասել, որ տանը եւ աշխատավայրում մեծ տարբերություն չկա. խստապահանջ մարդ եմ, բայց, միեւնույն ժամանակ, արդար եմ, կարծում եմ՝ շրջապատն էլ կհաստատի: Երբ արդեն փողկապով չես, ընտանիքում եւ ընկերների շրջապատում ազատ ես քեզ դրսեւորում: Փողկապով ավելի ձգված եմ:

-Վերհիշենք ուսման տարիները: Ինչպիսի՞ աշակերտ եւ ուսանող եք եղել:

-Ե՛ւ դպրոցում, ե՛ւ համալսարանում գերազանց եմ սովորել: Սակայն ասեմ, որ դպրոցում բոլոր չարաճճիությունների հեղինակը ես էի, հաճախ էի կազմակերպում եւ դասերից փախչում էինք: Եւ քանի որ լավ էի սովորում, երբեք չէին կասկածում, որ կազմակերպիչը Անանյան Արտակն է: Մեծ կարոտով ենք հիշում այդ տարիները:



Եղել եմ ակտիվ ուսանող եւ սովորել եմ շատ լավ: Համալսարանում սովորելու տարիները համընկան Խորհրդային միության անկման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետ: Երկրաշարժի ժամանակ ուսանողական ընկերներով ակտիվ մասնակցել ենք մաքրման եւ որոնողական աշխատանքներին:

-Ինչպե՞ս որոշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն զբաղվել բանկային գործով: Արդյոք դա Ձեր տարե՞րքն էր:

- Չէ, տարերք չէր այն ժամանակ: 1998թ. էր, ես ֆիզմաթ գիտությունների թեկնածու էի, ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը: Այն ժամանակ գիտաշխատողների աշխատավարձերը շատ ցածր էին, չեմ ասի՝ հիմա բարձրացել է: Ես արդեն ընտանիք ունեի, երկրորդ զավակին էինք սպասում, սկսեցի մտածել՝ ինչքան կարող եմ ծնողներիս աջակցությամբ ապրել: Բանկերում էլ աշխատավարձերը բարձր էին, իսկ ոլորտը ինձ համար նոր էր եւ հետաքրքիր: Առանց որեւէ հույս ունենալու՝ ինքնակենսագրականս  ուղարկել էի Կենտրոնական բանկ, ու հաջորդ օրն ինձ կանչեցին, հարցազրույցն անցա, ընդունվեցի աշխատանքի: Հետագայում մտա կոմերցիոն բանկեր, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու մեծ փորձ ձեռք բերել, իսկ ամիսներ առաջ ստանձնեցի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները:

-Ծանր ու պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում: Ընտանիքին ժամանակ մնո՞ւմ է:

-Ընտանիքի առումով նաեւ շատ ցավոտ հարց է, քանի որ աշխատանքը խլում է ժամանակի առյուծի բաժինը: Եթե օրվա 10-12 ժամն աշխատանքով ես զբաղված, ընտանիքը՝ անշուշտ, մի քիչ տուժում է: Փորձում եմ այդ բացը լրացնել արձակուրդս անցկացնելով ընտանիքիս հետ, շաբաթ-կիրակի օրերը՝ եւս: Կիրակի, առհասարակ աշխատում եմ տնից դուրս չգալ եւ լիարժեք հանգստանալ:



Կնոջս հետ արդեն 20 տարուց ավելի է՝ ամուսնացած ենք: Ուսանողական տարիներից ընկերություն ենք արել, ավելի քան 25 տարի միասին ենք, նա էլ է ֆիզմաթ գիտությունների թեկնածու: Իրար հասկանում ենք կես բառից: Նույնիսկ տղաներս կատակով ասում են, որ հայրիկն ու մայրիկն առանց իրար հետ խոսելու, հայացքներով կամ կցկտուր բառերով իրար հասկանում են: Ներկայումս նա երեխաների ու տան հոգսերով է զբաղված: Այդ առումով իմ բախտը շատ է բերել, թիկունքս պինդ է, ինչի շնորհիվ կարողանում եմ ամբողջովին զբաղվել աշխատանքով:

-Ընկերների հետ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում:

-Փորձում ենք համատեղել եւ ընտանիքներով մեկնել քաղաքից դուրս: Հայաստանում այդպիսի վայր չկա, որ եղած չլինենք, բոլորս էլ սիրում ենք ճամփորդել: Ընկերներիս հետ նաեւ որսի ու ձկնորսության եմ գնում: Այդ զբաղմունքն էլ եմ շատ սիրում, մանավանդ ընկերների հետ այդ օրը շատ հետաքրքիր է անցնում:
 
-Իսկ արտերկրում հաճա՞խ եք լինում: Սիրելի երկիր ունե՞ք:

-Փորձում ենք գոնե տարին մեկ անգամ լինել արտերկում: Արձակուրդներն այնպես ենք կազմակերպում, որ դրսում հանգստանանք: Բավական շատ երկրներում ենք եղել: Ես շատ եմ հավանում Իտալիան, ինչ-որ առումով նմանեցնում եմ Հայաստանին: Իտալիայում ասես Հայաստանում լինեմ, նույն միջավայրն է, նույն էմոցիոնալ մարդիկ են, նույն կոլորիտը:  



-Պատմեք Ձեր ընտանիքի մասին: Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ հայր դարձաք:

-Իմ մինի ընտանիքը բաղկացած է հայր, մայր եւ երկու զավակներից: Որդիներս բավական մեծ են, մեծ որդիս 20 տարեկան է դառնում, փոքրը՝ 17: Երկուսն էլ ուսանող են արդեն, մեծս Ռուսաստանի Դաշնությունում է սովորում, փոքրս էլ այս տարվանից՝ Չինաստանում՝ Շանհայում: Մայրս մեզանից առանձին է ապրում, բայց նույն շենքում ենք:

Առաջին որդուս ծնվելուց ունեցած զգացողություններիս մասին եթե պատմեմ, պիտի անկեղծորեն ասեմ, որ այն ժամանակ շատ երիտասարդ էի, ավելի հասուն տարիքում լրիվ այլ կերպ է այդ ամենը ընկալվում: Հատկապես հայկական ընտանիքներում, երբ առաջին զավակը տղա է ծնվում, հայրերը շատ երջանիկ են լինում:

Ընդամենը 23 տարեկան էի այդ ժամանակ, անչափ ուրախ էի եւ երջանիկ: Որոշակի ժամանակ անց նոր գիտակցում ես, որ ամեն ինչով պատասխանատու ես այդ փոքրիկ մարդուկի համար որը լույս աշխարհ է եկել:

Մի դեպք պատմեմ: Մենք ուսանողական ընկերներով համարյա միաժամանակ էինք ամուսնացել, մեր ընկերներից երկուսն արդեն տղա էին ունեցել: Մենք էլ, քանի որ մասնագիտությամբ մաթեմատիկներ ենք, հավանականության տեսությամբ առաջնորդվելով բացառում էինք, որ ես եւս տղա կունենամ, բայց սխալվեցինք: Իսկ ահա մեր չորրորդ ընկերոջ «բախտը չբերեց», նա երրորդ աղջիկն ունեցավ:

-Ինչպե՞ս եք սիրում նշել Ձեր ծննդյան տարեդարձը եւ ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ այդ օրը:

-Ես փետրվարի 13-ին եմ ծնվել, ցավոք ծննդյանս տարեդարձը չի ստացվում քաղաքից դուրս նշել: Հիմնականում անց եմ կացնում նեղ շրջապատում, ընկերներիս ու ընտանիքիս հետ, ոչ ճոխ եւ քանի որ իմ ծննդյան օրը միշտ համընկնում է Տըրնդեզի (Տյառնընդառաջ) հետ, հաճախ առհասարակ չի ստացվում նշել: Միշտ ինչ-որ հարազատի, ընկերոջ կամ բարեկամի երեխա ամուսնացած է լինում, ու մեզ հրավիրում են իրենց հետ անցկացնելու այդ օրը: Այդպես գրեթե ամեն տարի նման միջավայրում եմ անցկացնում ծննդյանս օրը:



Նվերներ ստանալը միշտ հաճելի է, բայց կոնկրետ նախընտրություն չկա: Առավել հաճելի է, երբ միջավայրը լինում  է քո սրտով, ի սրտե կարողանում ես ուրախանալ: Շատ կարեւորում եմ ցանկալի մարդկանց ներկայությունը: Ինձ համար դա է մեծ նվեր:

-Որտե՞ղ եք Ձեզ կատարյալ երջանիկ զգում:

-Իմ տանն եմ կատարյալ երջանիկ զգում, իմ ընտանիքիս հետ միասին, մանավանդ, երբ երեխաներս մեզ հետ են լինում: Դա կարելի է համարել կատարյալ երջանկություն:

-Ի՞նչ խմիչք եք նախընտրում:

-Ինչպես բոլոր հայ տղամարդիկ, ոգելից խմիչքներից օղի եմ սիրում: Եթե հերթականությամբ դնենք, նաեւ՝ վիսկի ու տեկիլա:  

-Երաժշտությո՞ւն, կինո՞, թատրո՞ն, թե՞ արվեստի մեկ այլ ճյուղ: Ինչո՞վ եք առավել շատ հետաքրքրվում:

-Երաժշտությանն եմ կարողանում ժամանակ տրամադրել, հիմնականում մեքենայի մեջ եմ լսում: Եթե ժամանակ լինում է, կնոջս հետ այցելում ենք համերգներ: Սիրում եմ դասական երաժշտություն, դեպրեսիվ պահերին լսում եմ եւ հանգստանում: Սիրում եմ նաեւ փոփ երաժշտություն, որոշ միջավայրերում, չեմ թաքցնի, նաեւ շանսոն:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Ինչպես ամեն ծնող, ես էլ երազում եմ, որ իմ երեխաները հասնեն իրենց նպատակներին, դառնան հասարակությանը պիտանի լավ մարդ, ստանան որակյալ կրթություն եւ այն օգտագործեն ի շահ Հայաստանի Հանրապետության: Իմ երազանքն է, որ իրենք լավ մարդ լինեն:

-Իսկ ի՞նչ պատգամ է Ձեզ փոխանցել Ձեր հայրը, եւ ի՞նչ եք Դուք պատգամում Ձեր զավակներին:

-Ամենակարեւորը պետք է մարդ լինել: Իսկ մարդ լինելն ամենօրյա աշխատանք է: Եթե մի բան այնպես չանես, մյուսների մոտ կասկածներ կլինեն: Պետք է այնպես անել, որ քեզ միշտ գնահատեն ու հարգեն: Իսկ դրան հասնելը, հավատացեք, հեշտ չէ: Ամենօրյա աշխատանքով է միայն դա հնարավոր:



-Հաջողակ մասնագետ եւ երջանիկ մարդ լինելու ճանապարհին ի՞նչ է հարկավոր անել:

-Նախ պետք է լինել աշխատասեր: Ինքդ քո վրա անընդհատ աշխատես, հետաքրքրվես քո բնագավառի նորություններով, լինես դրա մեջ: Հայկական ձեւով ասեմ՝ նաեւ մի քիչ էլ պիտի մարդու բախտը բերի: Բայց պետք է քո գործի գիտակ լինես եւ կյանքի որոշակի փորձ ունենաս:

Երջանիկ լինելու համար պարտադիր պետք է ընտանիք ունենաս, սիրես, սիրվես: Ինձ համար երջանիկ է այն մարդը, ով առավոտյան արթնանում է եւ շտապում գնալ աշխատանքի, իսկ աշխատանքից հետո շտապում է վերադառնալ տուն: Կատարյալ երջանկությունը ընտանիքի եւ աշխատանքի միջեւ ներդաշնակ լինելն է:

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում:

-Երբեք օրվա գործը չեմ թողնում վաղվան: Հաջորդ օրը գալիս եմ նոր խնդիրներ լուծելու:

Արտակ Անանյանի հետ զրուցել է Մարի Թարյանը
Լուսանկարները՝ Արտակ Անանյանի անձնական արխիվից

Դիտում՝ 16929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW