Visa-ն քննարկում է ՌԴ-ից դեպի արտերկիր հեռախոսահամարով փոխանցումները
05.06.2019 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.paymentscardsandmobile.com

Visa միջազգային վճարային համակարգը ռուսաստանյան բանկերի հետ քննարկում է հեռախոսահամարով քարտից քարտ փոխանցումների ծառայությունը դեպի արտասահման, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Նմանատիպ ծառայություն Ռուսաստանի ներսում վճարային համակարգը գործարկել էր 2018-ի վերջին, որին մասնակցել էր ռուսաստանյան չորս բանկ: Սակայն երկրի ներսում ծառայությունը չկարողացավ մրցակցել 2019-ի սկզբում գործարկված Արագ փոխանցումների համակարգի հետ, որն աշխատում է նման տեխնոլոգիայով, սակայն ավելի մեծ թվով բանկերի հետ: Այդ իսկ պատճառով Visa-ն մտադիր է իր ծառայությունը զարգացնել միջազգային շուկայում:
Վճարային համակարգը կառաջարկի միջազգային c2c փոխանցումներ, որոնք կաշխատեն ռուսաստանյան օրինակի պես: Գումարը հնարավոր կլինի փոխանցել միայն Visa քարտերի միջեւ, որոնք թողարկված կլինեն ծառայության մասնակից բանկերի կողմից:
Փոխանցումներ հնարավոր կլինի իրականացնել դեպի 17 երկիր, ավելի ուշ այդ ցանկը նախատեսվում է հասցնել 50-ի:
Փորձագետների կարծիքով՝ այս ծառայությունը կարող է պահանջված լինել, քանի որ Ռուսաստանում նկատվում է միջսահմանային փոխանցումների մեծ ծավալ: Դրանից կարող են օգտվել աշխատանքային միգրանտները, արտասահմանցի ուսանողները, ինչպես նաեւ պարզապես Visa-ի քարտապանները, օրինակ, ծննդյան կապակցությամբ գումարային նվեր մատուցելու համար եւ այլն:
Ծառայությունը հարմար կլինի ֆիզիկական անձանց համար, սակայն վերջինիս շահավետությունը կախված կլինի փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճարներից, կարծում են փորձագետները:
«Մենք աշխատում ենք փոխանցումների տարբեր ծառայությունների ուղղությամբ եւ կկիսվենք տեղեկատվությամբ, երբ ժամանակը գա»,- նշել են Visa-ի մամուլի ծառայությունում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: