Կայացել է Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

24.06.2014 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգ տարեկան պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը հետեւյալ պայմաններով.

- պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային,
- անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ,
- թողարկման ծավալը՝ 1,200,000,000 ՀՀ դրամ,
- մարման ժամկետը` 5 տարի,
- արժեկտրոնային եկամուտը՝ 12%,
- արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,597,801,450 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,207,800,730 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 11.9998%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Կազմակերպության եւ Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող բնակարանային միկրո եւ էներգոարդյունավետության բարելավման վարկավորման ծրագրի շրջանակներում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի վերաֆինանսավորմանը։  

Ընկերությունում նշել են, որ ծրագրի նպատակը շուրջ 3000 ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնելն է եւ հիմնվելով էներգոարդյունավետության բարելավման լավագույն փորձի վրա` էներգախնայող տեխնոլոգիաների եւ սարքավորումների պահանջարկը խթանելը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր.

Վարկատեսակ 1՝ փոքր եւ միկրո վարկեր (500-ից - 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը  կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչեւ մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ եւ այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից - 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարային վերանորգման եւ էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչեւ 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Ծրագրի շրջանակներում Կազմակերպության հետ արդեն իսկ համագործակցում են հետևյալ կազմակերպությունները` «Անելիք Բանկ» ՓԲԸ, «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Կիլիկիա» ՈւՎԿ ՍՊԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ:

2014թ. հունիսի 24-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4644 վարկ 37.4 մլրդ դրամ ծավալով, որից 2973 վարկը՝ 28.8 մլրդ դրամ ծավալով Երեւանում, իսկ 1671ը՝ 8.6 մլրդ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերից 3061-ը 29.6 մլրդ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1583-ը 7.8 մլրդ դրամ ծավալով՝ վերանորոգման եւ կառուցապատման նպատակով:

31.03.2014 թ. դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 31,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 10,8 մլրդ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,6 մլրդ:

Դիտում՝ 6359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW