«ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

10.07.2026 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքը հուլիսի 8-ին համալրել է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն, որը ՀՀ կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է եւ հայտնի է իրականացվող նախագծերում իր  կիրառած ժամանակակից մոտեցումներով, նորարարական լուծումներով եւ միջազգային  լավագույն փորձի ներդրմամբ։


Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը՝ խորհրդանշելով ընկերության զարգացման նոր փուլը կապիտալի շուկայում՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության եւ ներդրումային նոր հնարավորությունների ստեղծման սկզբունքների վրա։

Ներդրողները հուլիսի 8-ից հնարավորություն ունեն մասնակցելու «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առեւտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 


«ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի անվանական, արժեկտրոնային դրամային եւ դոլարային պարտատոմսերը ցուցակվում են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ հետեւյալ պայմաններով՝

⮚     2,300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 1,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 12.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 2,300 հատ,
⮚     10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան 8.00% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով 1,000 հատ,
⮚     10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, տարեկան 8.50% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 60 ամիս շրջանառության ժամկետով 1,000 հատ:

Դրամային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչեւ մայիսի 5-ը, իսկ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ մինչեւ 2026 թվականի մայիսի 29-ը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով։

Այս առթիվ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. ««ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարեւոր իրադարձություն է ոչ միայն ընկերության, այլեւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Պարտատոմսերի ցուցակումը հնարավորություն է տալիս ընկերությանը ներգրավել երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ՝ իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար՝ միաժամանակ բարձրացնելով ընկերության թափանցիկությունը եւ ճանաչելիությունը ներդրողների շրջանում։

Մենք կարեւորում ենք իրական հատվածի ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը կապիտալի շուկայում, քանի որ հենց նման նախաձեռնություններն են նպաստում շուկայի խորացմանը, ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը եւ տնտեսության կայուն զարգացմանը»:


«Այսօրվա ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանավորում է «Ռենշինի» ֆինանսական զարգացման նոր փուլը։ Սա մեր առաջին պարտատոմսերի թողարկումն էր կապիտալի շուկայում, եւ մենք հպարտ ենք՝ դրա լիարժեք տեղաբաշխումով։ Սա վկայում է մեր ռազմավարության եւ զարգացման ծրագրերի հանդեպ ներդրողների ունեցած վստահության մասին։ Կապիտալի շուկա մուտքը մեզ համար նաեւ պարտավորություն է՝ գործել թափանցիկ, հետեւել միջազգային լավագույն փորձին եւ պահպանել կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ներդրողներին, տեղաբաշխողին եւ Բորսային՝ վստահության համար։ Վստահ ենք, որ սա երկարաժամկետ համագործակցության սկիզբ է, եւ առաջիկայում եւս հանդես կգանք նոր թողարկումներով»,-իր հերթին  նշել է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Քրիստինա Չիչյանը։


««Ռենշին»-ի պարտատոմսերի թողարկումը եւս մեկ կարեւոր քայլ է կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին, երբ այն իր ներկայացվածությամբ առավել ամբողջական կարտացոլի երկրի տնտեսության կառուցվածքը. այս թողարկմամբ ապահովվեց տնտեսության համար առանցքային՝ կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից մեկի մուտքը կապիտալի շուկա։

«Ռենշին»-ի պարտատոմսերը հիանալի հնարավորություն են պորտֆելների դիվերսիֆիկացման տեսանկյունից՝ ինչպես ոլորտային, այնպես էլ արժութային եւ ժամկետայնության առումներով։ Ընկերությունը միաժամանակ թողարկել է պարտատոմսեր տարբեր ժամկետայնությամբ, ինչպես նաեւ` թե՛ հայկական դրամով, թե՛ ԱՄՆ դոլարով, ինչը ներդրողներին առաջարկում է առավել լայն ընտրության հնարավորություն։ Երկրորդային շուկայում մենք լինելու ենք այս պարտատոմսերի շուկա ստեղծողը, եւ ակնկալում ենք ձեւավորել բավականին խորը եւ ակտիվ երկրորդային շուկա»,- այս առթիվ ասել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը։
Դիտում՝ 827

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW