Արտյոմ Ղազարյան. Telcell-ի բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է

04.11.2024 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Telcell #բաժնետոմսեր
Telcell ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է, արդեն հազարավոր բաժնետերեր կատարել են իրենց ամենակարեւոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում:

«Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի եւ ամենակարեւորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։

«Դեռեւս կա մեկ ամիս՝ անդադար նորարարությունների ձգտող եւ իր ծառայությունների ու գործիքների շրջանակն ընդլայնող ընկերությանը մասնակից դառնալու համար։ Մենք Հայաստանում ներդրումների նոր մշակույթ ենք ձեւավորում, եւ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ստանում դառնալու ֆինանսական ու տեխնոլոգիական նորամուծությունների շարժիչ ուժ»,-նշել է Արտյոմ Ղազարյանը՝ վստահություն հայտնելով, որ Telcell ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ եւ շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։  

«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանն ասել է, որ այս պահի դրությամբ տեղաբաշխումը ակտիվ ընթացք է ստացել, եւ ներդրողների կողմից առկա է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ բարձր հետաքրքրություն:

Նա նշել է, որ այս տեղաբաշխումը առանձնակի կարեւորություն ունի ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման եւ նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից. «Համոզված ենք, որ «Թել-Սել»-ի տեխնոլոգիական եւ ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ եւ ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար եւ ուրախ ենք նրան շարունակաբար աջակցելու՝ շահագրգիռ բոլոր անձանց հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ»:

Ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50%-ը տեղաբաշխել որպես դիվիդենտ:

Շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին Telcell ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը:
Առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։

Telcell-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որեւէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաեւ՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ: Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել invest.telcell.am կայքում։

«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 6168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW