Մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առեւտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման եւ ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին:Ինչպես հայտնել են ֆոնդային բորսայից, AMXTrader-ը լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ:Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլ անցնելուց հետո միայն, եւ այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին:Նշվում է, որ նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու ռեպո, հասցեական եւ երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։ Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու գործարքներն արագ գտնելու եւ մշակելու համար։ AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան, որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։ «AMXTrader-ը իր նորարական լուծումներով մատչելի եւ արդյունավետ գործիք է Բորսայի անդամների, հովանավորվող հաճախորդների եւ ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջին անգամ ֆիզիկական անձինք նույնպես կարող են գործարքներ կնքել անմիջապես Բորսայի հարթակներում։ AMXTrader համակարգը մեկ ամբողջական փաթեթով հնարավորություն է ընձեռում կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում»,- ասված է հաղորդագրությունում:AMXTrader համակարգը մասնակիցներին տալիս է հետեւյալ առավելություններն ու հնարավորությունները՝• Ունենալ մեկ միասնական համակարգ արտարժույթի առեւտրի, պետական ու կորպորատիվ արժեթղթերի առաջնային եւ երկրորդային շուկաներում ինչպես աճուրդների, այնպես էլ առեւտրի կազմակերպման համար։• Նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման եւ ներդրման հնարավորություն։• Բորսայի անդամների հաճախորդների առեւտրային համակարգին ուղղակի միանալու, հայտեր ներկայացնելու ու գործարքներ կնքելու հնարավորություն։• Ինտեգրել նոր հնարավորություններ եւ ծրագրային հավելվածներ, այդ թվում միջազգային, բորսայական առեւտրային համակարգեր:«Անցումը AMXTrader-ին նոր խթան կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի ակտիվացման համար, այլեւ հնարավորություն կընձեռի հայկական ֆինանսական շուկա բերել եւ ներդնել ոլորտի առաջատար լուծումները»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 61778