Յունիբանկը հաջողությամբ ավարտել է 5,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացը: Բանկում նշել են, որ հերթական թողարկման ծավալը կազմել է $5 մլն: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ, իսկ պարտատոմսերի մարումը` 2020թ. սեպտեմբերի 11-ին: Նախատեսված է, որ այս թողարկումը եւս կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի բորսայում: Բանկը հիշեցրել է, որ իր դոլարային պարտատոմսերն ընդգրկված են բորսայի հիմնական (Abond) ցուցակում: Ցուցակումը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում եւ իրականացնելու հասցեական եւ ռեպո գործարքներ: «Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը՝ Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ եւ երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի եւ բաժնետոմսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության եւ Յունիբանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3791