Անելիք Բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը՝ 5,75% տարեկան եկամտաբերությամբ:Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմում է $5 մլն, ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը՝ $100 անվանական արժեքով:Պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում ապահովելու է «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը:«Հաճախորդների շրջանում բավական մեծացել է պահանջարկն այս գործիքի նկատմամբ՝ պայմանավորված բանկի հանդեպ բարձր վստահությամբ: Վերջին 10 ամսվա ընթացքում արդեն թողարկել ենք դոլարային եւ դրամային պարտատոմսերի 4 տրանշ՝ ընդհանուր առմամբ $15 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով: Սա արդեն մեր 5-րդ հոբելյանական տրանշն է»,- նշել է Անելիք Բանկի Վարչության նախագահի ժ/պ, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:Նրա խոսքով՝ այս թողարկման համար եւս բանկը որեւէ սահմանափակում չի դնում, եւ պարտատոմսերը կարող են ձեռք բերվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից՝ բանկի բոլոր մասնաճյուղերում:«Պարտատոմսերի թողարկումը սկսել ենք տարեսկզբից՝ փորձելով դասական դարձած ավանդին զուգահեռ աշխուժություն մտցնել նաեւ այլ, ավելի ճկուն եւ, հաճախորդի տեսանկյունից՝ ավելի գրավիչ պրոդուկտի մասով: Այն հետաքրքիր գործիք է ոչ միայն հաճախորդների, այլեւ բանկի համար, եւ մենք շարունակելու ենք պարտատոմսերի թողարկման մեր ծրագիրը»,- ասել է Անելիք Բանկի Ներդրումային եւ հատուկ ծրագրերի զարգացման վարչության պետ Կարեն Նալբանդյանը:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը եւս կարեւորել է բանկի դերը պարտատոմսերի շուկայի ակտիվացման հարցում: «Մենք ողջունում ենք Անելիք Բանկի՝ պարտատոմսերի շուկայում ակտիվ եւ նախաձեռնող քաղաքականությունը: Որքան շատ լինեն թողարկումները, այնքան դրանք ավելի մասսայական կդառնան, եւ մեր ներդրողներն այլընտրանքային ներդրումային հնարավորություններ կունենան: Մենք շարունակելու ենք աջակցել շուկայի զարգացմանը՝ ողջունելով նոր ընկերությունների մուտքը շուկա եւ խրախուսելով արդեն գործողների թողարկումները»,- ընդգծել է Կարեն Զաքարյանը:«Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանն էլ նշել է, որ Անելիք Բանկը շուկայում գործող ակտիվ թողարկողներից է:«Անելիք Բանկի թողարկումները կարեւոր դեր ունեն մեր արժեթղթերի շուկայի զարգացման տեսանկյունից: Այս տարի բորսայում պարտատոմսերով շուրջ $20 մլն-ի գործարք է իրականացվել, եւ որի 12%-ը բաժին է ընկել միայն Անելիք Բանկին. սա բավական բարձր ցուցանիշ է»,- ընդգծել է Արամ Կայֆաջյանը:Banks.am-ի հարցին, թե ինչով են պայմանավորված բանկի ակտիվ թողարկումները՝ հաշվի առնելով, որ ընդհանուր բանկային համակարգում, այդ թվում՝ Անելիք Բանկում, առկա է գերիրացվելիություն, Ռուբեն Մելիքյանը նշել է, որ այն ավելի շատ ուղղված է դիվերսիֆիկացմանը, քան նոր միջոցների ներգրավմանը:«Թողարկումներ սկսելու մեր հիմնական դրդապատճառը դիվերսիֆիկացիան էր. չէինք ցանկանում կենտրոնացած լինել միայն դասական ավանդային բազայի վրա: Ճիշտ է, պարտատոմսերի տեղաբաշխման մի խոշոր մաս բաժին է ընկնում նոր հաճախորդներին, սակայն դրանց մեջ զգալի են արդեն գործող ավանդատուները, որոնք ավանդի ժամկետը լրանալուն պես որոշում են ներդրում կատարել պարտատոմսերում»,- նշել է նա:Անդրադառնալով բանկային համակարգում առկա գերիրացվելիությանը՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ այն դրական է անդրադառնում տնտեսության վրա եւ խրախուսում է ներդրումները՝ բիզնես վարկերի տոկոսադրույքների նվազման շնորհիվ: Նրա խոսքով՝ բարձր իրացվելիությունը բանկերի համար կարճաժամկետում նվազեցնում է շահույթը, սակայն երկարաժամկետում նոր հաճախորդներ ներգրավելու հեռանկարներ է բացում: Tweet Դիտում՝ 9535