Մոտենում է ավարտին 2011 թվականը: Ինչպիսի՞ն էր այն Հայաստանի բանկային համակարգի համար, որո՞նք էին գլխավոր ձեռքբերումները եւ չօգտագործված հնարավորությունները: Կարծում ենք, այս հարցերի պատասխանները մենք դեռ կստանանք բանկային ոլորտը կարգավորող վերլուծաբանների, միջազգային կառույցների եւ հենց իրենց` շուկայի մասնակիցների կողմից: Ակնկալում ենք, որ բանկերի տարեկան ամփոփումները կլինեն առավելագույնս օբյեկտիվ եւ անկեղծ, ձեռքբերումներից բացի կներկայացվեն նաեւ հնարավոր բացթողումները, կբարձրաձայնվեն այս կամ այն հիմնահարցերը: Մինչ այդ փորձեցինք Banks.am-ի լրահոսից առանձնացնել անցնող տարվա առավել նշանակալից 10 բանկային իրադարձությունները:Ամենախոշոր արտաքին վարկային ներհոսքերը - Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համար բացեց $ 20 մլն-ի վարկային գիծ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ գյուղատնտեսության ֆինանսավորման համար:- Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ամերիաբանկին 5 տարի ժամկետով $20 մլն-ի չափով վարկ տրամադրեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Կապիտալի ամենասրընթաց աճը- 2011 թվականի առաջին եռամսյակում Պրոմեթեյ Բանկի կանոնադրական կապիտալը կրկնապատկվեց՝ 7.2 մլրդ-ից աճելով մինչեւ 14.4 մլրդ դրամ` «Պրոմեթեյ-Սիթի» ռուսաստանյան ընկերության մասնակցության հաշվին:Հրապարակված ամենախոշոր բիզնես վարկը - ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարեց «Միկա» ընկերությունների խմբին տարբեր նախագծերի ֆինանսավորման նպատակով $20 մլն-ի վարկային գիծ տրամադրելու մասին:«Ամենամարզային» սոցիալական ծրագիրը- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրագործեց «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը՝ Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերի բնակիչների համար: Նախագիծն իրագործվեց Հայաստանի 5 մարզերի 28 բնակավայրերում: «Ամենաերեւանյան» սոցիալական ծրագիրը- Արդշինինվեստբանկը իրականացրել է Երեւանի Հաղթանակի կամուրջի գեղարվեստական լուսավորության հովանավորչությունը` Երեւանի քաղաքապետարանին հատկացնելով 15 մլն դրամ: «Ամենակրթական» բանկային ծրագիրը - Հայաստանում մեկնարկեց ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը»: Վեց ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 երիտասարդներ: Նրանք տարբեր բուհերի տնտեսագիտական եւ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ եւ մագիստրատուրայի ուսանողներ են:«Ամենահամատեղ» ծառայությունը - Անելիք Բանկը եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել Անելիք Բանկի «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): «Ամենանորաձեւ» պրոդուկտը- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկեց American Express Blue քարտը: Քարտի նորաձեւ դիզայնը ստեղծված է American Express-ի կողմից արտոնագրված հատուկ տեխնոլոգիայով: Սա միակ քարտն է Հայաստանում, որը ստեղծվել է այս տեխնոլոգիայի կիրառմամբ:«Ամենաերկարաձգված» գործընթացը- Այս տարվա հունիսին Համահայկական բանկը լիցենզիա ստացավ: Մինչդեռ ակնկալվում էր, որ Համահայկական բանկը կստեղծվի մինչեւ 2008 թվականի վերջը:Ամենանոր խաղացողը- Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին Հայաստանում գրանցվեց «Rietumu բանկ» ԲԸ ներկայացուցչությունը: Բանկը Լատվիայի ամենախոշոր բանկերից է եւ ակտիվ գործունեություն է ծավալում արտերկրում: Եվ ամենակարեւորը. անցնող տարին առանձնացավ բանկերի կողմից երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրությամբ: Մենք միտումնավոր չենք առանձնացնում այս ուղղությամբ իրագործված ծրագրերը, կարծելով, որ յուրաքանչյուրն ամենակարեւորն էր, եւ չկա այն սանդղակը, որով հնարավոր է չափել մեր մանուկների աչքերի փայլը: Tweet Դիտում՝ 9014