ՀՀ բանկերը չեն պատկերացնում ինտերնետ-առեւտրի եկամտաբերության աստիճանը

15.02.2011 | 23:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երեւան/Մեդիամաքս/. Էլեկտրոնային առեւտուրը բիզնեսի հեռանկարային ուղղություն է, որի ծավալներն աճում են մեծ տեմպերով: Հետճգնաժամային 2009 թվականին ինտերնետ-առեւտրի համաշխարհային շուկայի ծավալները հասան շուրջ $450 մլրդ-ի, 2010թ-ի տվյալները դեռեւս ճշտվում են,  մինչդեռ Հայաստանում այս ոլորտում ակնառու առաջընթաց չի նկատվում: ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) տվյալների համաձայն, 2010-ին ինտերնետ միջավայրում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են ընդամենը 2,1 մլրդ դրամ ($5.8 մլն):

Հայաստանյան Overall Solutions ընկերությունը նախագծել է Հայաստանում հյուրանոցային համարների՝ ինտերնետային ռեժիմում պատվիրում առաջարկող armhotels.am կայքը: Մեդիամաքսի հետ հարցազրույցում ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանն ասել է, որ հաճախորդներին հավուր պատշաճի սպասարկելու համար ընկերությունը առեւտրային հաշիվ (merchant accout) է բացել արտասահմանյան բանկում:

«Հայաստանյան բանկերն ունեն արտասահմանյան բանկերի թողարկած Mastercard-երով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիա (internet acquiring), սակայն նույնը չի կարելի ասել Visa քարտերի մասին; Moneybookers եւ PayPal-ի պես ինտերնետ-պրոցեսինգ իրականացնող ընկերություններն էլ չեն դիտարկում Հայաստանը որպես հետաքրքիր շուկա եւ չեն բացում մեզ համար առեւտրային հաշիվներ: Իսկ, քանի որ աշխատել միայն դրսի Mastercard-քարտապանների հետ նպատակահարմար չէ, մենք առեւտրային հաշիվ ենք բացել արտասահմանյան բանկում, որին էլ փոխանցվում են մեր ծառայությունների դիմաց ստացվող վճարումները», - ասաց Դավիթ Քոթանյանը:

Ըստ նրա, հավելյալ տրանզակցիոն ծախսերը կրճատում են ընկերության եկամուտը շուրջ 2%-ով, «ինչը բացարձակապես ձեռնտու չէ»:

Ինչ վերաբերում է տեղական բանկերի կողմից թողարկված քարտերին, ապա, ըստ Overall Solutions-ի տնօրենի, «Արմենիան Քարդ» (ArCa) վճարահաշվարկային համակարգը թույլ է տալիս կատարել գնումներ ինտերնետում, սակայն համակարգն ունի արդիականացման կարիք:

ArCa-ն գիտակցում է տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը եւ գործադրում է համապատասխան քայլեր: Համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում պատմեց, որ ծրագրային ապահովման թարմացման նպատակով հայտարարվել էր մրցույթ, որը ներկայումս ամփոփվում է, ինչից հետո կսկսվի վերազինման բուն գործընթացը: «Մեր համակարգի վերազինումը բավարար չափով կապահովագրի մեր պրոցեսինգով աշխատող բանկերին անհիմն «չարջբեքերից»-երից [անգլ. charge back, վճարողի կողմից գործարքի բողոքարկում, որի դեպքում գումարը դուրս է գրվում ստացողի հաշվից եւ վերադարձվում է վճարողին, ինչից հետո գործարքի ճշմարտությունն ապացուցելու իրավունքն անցնում է ստացող կողմին – խմբ.]: Վերազինումը կտեւի շուրջ 1 տարի, ինչից հետո բանկերը, կարծում եմ, ավելի պատրաստակամ կլինեն միջազգային Visa միջազգային քարտերով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիայի ձեռքբերման հարցում», - ասաց Իշխան Մխիթարյանը:

Պարզաբանելով, թե ինչպես է ստացվել, որ հայաստանյան բանկերը կարող են ընդունել ինտերնետ-վճարումներ միջազգային Mastercard-երով, իսկ Visa քարտերով՝ ոչ, Իշխան Մխիթարյանն ասաց, որ  Mastercard համակարգի պրինցիպալ անդամ է հանդիսանում հենց ArCa համակարգը, որին, որպես ազգային վճարահաշվարկային համակարգ, շնորհվել է այս կարգավիճակը դեռեւս հիմնադրման ժամանակ: Ըստ Իշխան Մխիթարյանի, սովորաբար ոչ Visa-ն ոչ Mastercard-ը չեն տրամադրում ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիա ոչ բանկային կազմակերպություններին, իսկ թե ինչու հայկական բանկերից որեւիցե մեկը ձեռք չի բերել միջազգային Visa-ի համապատասխան լիցենզիան՝ զուտ տնտեսական արդարացվածության հարց է:

Այս տեսակետի հետ համաձայն է «Կոնվերս բանկի» նախագծերի կառավարման բաժնի պետ Սուրեն Ոսկանյանը: Մեդիամաքսի հետ հարցազրույցում նա ասաց, որ ամեն մի առանձին հայաստանյան բանկի համար Visa միջազգային քարտերով ինտերնետ վճարումների ընդունման լիցենզիան կարժենա մոտ $250 000, եւ բանկերը, կարծելով, որ շուկան դեռեւս պատրաստ չէ դրան, չեն դիմում նման ծախսերի:

Այնուամենայնիվ, եթե ինտերնետ-խանութի թիրախային շուկան հայաստանյան սպառողներն են, ապա, ըստ Սուրեն Ոսկանյանի, տեղական բանկերի կողմից առաջարկվող լուծումները լիովին բավարար են:

«Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է դիմել համապատասխան հայտով բանկերի քարտային բաժիններ, ինչից հետո բանկը տրամադրում է հաճախորդին համապատասխան ծրագրային փաթեթ կամ «մոդուլ», որը տեղադրվում է հաճախորդի կայքում, դարձնելով  այն, ըստ էության, ինտերնետ-խանութ», - ասաց Սուրեն Ոսկանյանը, հավելելով, որ «մոդուլի» ձեռքբերելը անվճար է, եւ հաճախորդը վճարում է միայն բանկում առեւտրային հաշիվ բացելու եւ այն սպասարկելու համար:

Ըստ «Կոնվերս Բանկի» նախագծերի կառավարման բաժնի պետի, ինտերնետ-վաճառակետ ստեղծելու համար բանկից համապատասխան ծրագրային լուծում ձեռքբերելը չպետք է տեւի մեկ շաբաթից ավել. հաճախորդի դիմումից հետո բանկը համապատասխան հայտ է ներկայացնում ArCa վճարահաշվարկային համակարգ, որտեղից բանկին տրամադրվում է անհրաժեշտ ծրագրային փաթեթը:

Ինտերնետ-խանութները Հայաստանում կարող են առցանց վճարումներ ընդունել նաեւ IDram ինտերնետ-վճարային համակարգի միջոցով: Համակարգն ունի էլեկտրոնային կոմերցիայի լիցենզիա ունեցող արտասահմանյան «աքուայրեր» (անգլ. acquirer, ինտերնետ վճարումներ ընդունող եւ սպասարկող) բանկերի հետ աշխատելու մեխանիզմներ, սակայն այդ մեխանիզմները պարունակում են մեծ ռիսկայնություն և հանդիսանում են ոչ շահավետ:

IDram-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը Մեդիամաքսին տեղեկացրեց, որ ընկերության համար շատ ավելի նախընտրելի կլիներ աշխատել հայաստանյան բանկերի հետ, քանի որ այս դեպքում կկրճատվեին տրանզակցիոն ծախսերը եւ չէր պահանջվի գնորդի նույնականացման երկար ընթացակարգ:

Գայանե Ստեփանյանը տեղեկացրեց, որ ինտերնետային առեւտրի մասնաբաժինը համակարգի շրջանառության մեջ կազմում է ընդամենը 20% (ամսական շուրջ 10 մլն դրամ), իսկ մնացածը բաժին է ընկնում ծառայությունների դիմած վճարումներին: Սա թերեւս վկայում է այն մասին, որ համակարգից օգտվողների բացարձակ մեծամասնությունը հայաստանյան ռեզիդենտներ են:

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման խնդիրները գտնվում են նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) օրակարգում: UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում պատմեց, որ ենթակառուցվածքային խնդիրներից բացի այս ոլորտում առկա են բազմաթիվ չլուծված իրավական հարցեր: Նշված եւ այլ հարցերին լուծում տալու նպատակով UITE-ն այս տարի կմշակի եւ կառավարության քննարկմանը կներկայացնի օրինագծերի փաթեթ, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային առեւտրի զարգացման համար: Oրինագծերի փաթեթը, ըստ Կարեն Վարդանյանի, ենթադրում է փոփոխություններ, մասնավորապես, հարկային եւ մաքսային օրենսդրությունում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում: Օրենսդրական առաջարկները կներառեն նաեւ շահերի պաշտպանության կառույցի ստեղծում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, ներմուծված ապրանքների երաշխիքային սպասարկման, մաքսային վարչարարության եւ ՏՏ ոլորտի ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցման հետ կապված խնդիրների լուծում:

«Հայաստանյան բանկերը դեռեւս չեն պատկերացնում, թե ինչպիսի եկամուտներ են իրենց սպասում ինտերնետային առեւտրից: Ռուսաստանի տնտեսությունը, օրինակ, տարեկան $3-4 մլրդ է կորցնում միմիայն այն պատճառով, որ այդ երկրի ինտերնետ-խանութներից շատերի առեւտրային հաշիվները ոչ ռուսաստանյան բանկերում են: Եվ դա այն պարագայում, երբ Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի ոլորտում ենթակառուցվածքային եւ իրավական խնդիրները կարծես թե արդեն լուծված են”, - ասաց Կարեն Վարդանյանը, հավելելով, որ եթե փորձենք համեմատել Ռուսաստանի եւ Հայաստանի շուկաները, կարելի է ենթադրել, որ մեզ մոտ էլ տարեկան կորուստները կարող են հասնել $30-40 մլն-ի, ինչը Հայաստանի համար ամենեւին էլ փոքր գումար չէ:

UITE-ն գիտակցում է, որ նման ենթադրությունները բավարար չեն, որպեսզի հայկական բանկերը շահագրգռվեն եւ լուծեն մեր երկրում ինտերնետ-առեւտրի զարգացման համար անհրաժեշտ հարցերը: Անցած տարվա դեկտեմբերին կայացած ՏՀՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հանդիպում-ֆորումի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ 2011-ի ընթացքում ինտերնետ-առեւտրի զարգացման մեջ շահագրգռված ընկերությունները եւ UITE-ն կիրականացնեն հաշվարկներ՝ շուկայի պոտենցիալը գնահատելու նպատակով: Այդ հաշվարկներն այնուհետեւ կներկայացվեն բանկերին, որպեսզի վերջիններս կարողանան գնահատել, թե ինչ օգուտ է իրենց սպասում բիզնեսի այս ուղղությունից:

Դիտում՝ 17353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW