Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին- Ինչպիսի՞ն էր 2009 թվականը ՀՀ բանկային համակարգի համար, ի՞նչ ռիսկերի այն ենթարկվեց նախորդ տարում: - 2009 թվականին ՀՀ բանկային համակարգը ենթարկվեց բավական լուրջ փորձությունների: Նախեւառաջ, 2009թ. առաջին եռամսյակում դրամի կտրուկ արժեզրկումը անհավասարակշռված արժութային դիրքեր ունեցող բանկերի մոտ հանգեցրեց զգալի վնասների եւ արժութային պասիվների տեսակարար կշռի ավելացմանը: Երկրորդ, տնտեսության կանխատեսվող 15%-նոց անկումը, ինչը Fitch-ի կողմից վարկանշվող բոլոր երկրների շարքում ամենավատ ցուցանիշներից մեկն է: Երրորդ, արտասահմանից ստացվող մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազումը: Նշված բոլոր գործոնները բացասական ազդեցություն ունեցան հայաստանյան բանկերի ակտիվների որակի վրա, եւ խնդրահարույց վարկերի ծավալն ընդհանուր առմամբ աճեց, թեեւ շատ ցածր սկզբնական մակարդակից:Ստեղծված իրավիճակում բանկերը փոքրացրեցին իրենց վարկային պորտֆելները, խստացրեցին պահանջները հավանական փոխառուների նկատմամբ եւ 2009թ. երկրորդ եռամսյակում հիմնականում դադարեցրեցին նոր վարկերի տրամադրումը: Միաժամանակ, նրանք իրացվելիության “բարձիկ” էին կուտակում եւ փակում էին իրենց արժութային դիրքերը: Բանկերի այդ պահպանողական քաղաքականությունը պայմանավորված էր Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակով: - Ինչպե՞ս են զարգանում իրադարձությունները Fitch-ի կողմից վարկանշվող հայաստանյան երկու բանկերում: Նախանշվու՞մ է արդյոք նրանց վարկանիշների վերանայում: - Հայաստանում Fitch-ը վարկանշում է երկու բանկ` “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը”: Երկու բանկերում էլ իրադրությունը կայուն է: Ստեղծված տնտեսական ծանր պայմաններում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին” հաջողվեց ամրապնդել իր դիրքերը շուկայում եւ որոշ ցուցանիշներով առաջատար դիրք զբաղեցնել: խնդրահարույց վարկերի մակարդակը թեեւ աճել է, այնուամենայնիվ մնացել է բավականին ցածր մակարդակում: Բանկին հաջողվել է նաեւ պահպանել բարձր եկամտաբերությունը, կայուն իրացվելիությունը եւ բարձր կապիտալացվածությունը: “ՎՏԲ-Հայաստան Բանկը” զգալիորեն ուժեղացրել է իր ղեկավար թիմը, ակտիվորեն զբաղվել է Հայաստանում իր ամենածավալուն մասնաճյուղային ցանցի օպտիմալացմամբ եւ նորացմամբ, արդիականացրել է IT համակարգը: Նշված բոլոր գործոնները կարող են դրական ազդեցություն ունենալ բանկի հետագա զարգացման վրա: Սակայն 2009 թվականին բանկը զգալի վնասներ կրեց դրամի արժեզրկման հետեւանքով, իսկ ակտիվների որակի վատթարացման տեմպը բավական բարձր է եղել: Միեւնույն ժամանակ, բանկին հաջողվել է պահպանել կապիտալացվածության բարձր մակարդակը եւ կայուն իրացվելիությունը` հաշվի առնելով, որ նրա բաժնետիրոջ` ռուսաստանյան “ՎՏԲ Բանկի” օժանդակությունը կարեւոր գործոն է հայաստանյան բանկի վարկանիշի համար: Բոլոր վարկանիշները գտնվում են մշտական դիտարկման ներքո եւ անհրաժեշտության դեպքում վերանայվում են: Սակայն երկու բանկերի կայուն կանխատեսումը մատնանշում է, որ մենք տվյալ պահին փոփոխությունների չենք սպասում: - Հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում ՀՀ ԿԲ-ն անցկացնում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն` հետեւողականորեն իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այնուամենայնիվ, ՀՀ վարկավորման շուկայում տեսանելի ակտիվացում չի նկատվում: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ԿԲ-ի հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը: - 2009թ. ԿԲ-ն ձեռնարկեց բանկային հատվածի աջակցությանն ուղղված մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Իրացվելիության պահպանման համար ԿԲ-ն երաշխավորեց բոլոր միջբանկային գործառնությունները, ինչը նպաստեց ներքին միջբանկային շուկայի ակտիվացմանը, ինչպես նաեւ ավելացրեց գրավատնային վարկերի ժամկետները: Միաժամանակ, բանկերի կապիտալացվածությանն օժանդակելու նպատակով ԿԲ-ն թույլ տվեց սուբվարկերի ներառում կապիտալում եւ պարտավորվեց փոխառություններ տրամադրել բանկերին դրանց բաժնետերերի կողմից նոր կապիտալ ստանալու դեպքում: Քանի որ մինչեւ ճգնաժամը Հայաստանում բանկերը հիմնականում լավ էին կապիտալացված, սուբորդինացված վարկերի տրամադրումը եզակի բնույթ էր կրում: Միաժամանակ, նշված միջոցառումները եւ 2005թ. ավանդների ապահովագրման համակարգի ներդրումը նպաստեցին բանկային համակարգի եւ դրա կայունության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչը կարեւոր գործոն է ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականության արդյունավետության գնահատման համար: Անհրաժեշտ է գիտակցել, որ վարկավորման ծավալները կախված չեն միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքից: 2009թ. առաջին կիսամյակում բանկերը ոչ միայն առավել պահպանողական դիրք զբաղեցրեցին փոխառուների նկատմամբ, այլեւ նվազեց փոխառու միջոցների նկատմամբ ընդհանուր պահանջարկը նաեւ այն պատճառով, որ վարկերի արժեքը աճեց զգալիորեն բարձր ռիսկերի արդյունքում` գործառնական միջավայրի վատթարացման հետեւանքով: - Հայաստանում նկատվում է ՀՆԱ ամենամեծ անկումներից մեկը Fitch-ի կողմից վարկանշվող երկրների թվում: Արդյո՞ք դա խորը հետք է թողել ՀՀ բանկային ինստիտուտների վրա տարածաշրջանի այլ երկրների բանկերի համեմատ: - Տնտեսության զգալի անկումը, բնականաբար, ազդել է բանկային համակարգի վրա հիմնականում ակտիվների որակի վատթարացման, վարկավորման կրճատման եւ բանկային բիզնեսի շահութաբերության անկման միջոցով: Սակայն համակարգի վրա ազդեցությունը հիմնականում չափավոր էր, քան ԱՊՀ այլ երկրներում: Դա պայմանավորված էր մի քանի գործոններով: Նախ, տնտեսության անկման գործում մեծ դեր խաղաց շինարարության ծավալների կրճատումը, որը կազմում է ՀՆԱ զգալի մասը: Միեւնույն ժամանակ, շինարարական նախագծերը հիմնականում ֆինանսավորվում էին ներդրողների կողմից սեփական միջոցներով, մինչդեռ բանկերի կողմից կառուցապատող ընկերություններին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում էր 2009թ. երկրորդ եռամսյակի վերջում հատկացված վարկերի ընդամենը 6%-ը: Երկրորդ, չնայած վերջին տարիներին վարկավորման աճի բարձր տեմպին, 2008թ. ՀՆԱ նկատմամբ վարկերի հարաբերակցությունը 19%-ի մակարդակում ամենացածրերից մեկն է նույնիսկ ԱՊՀ երկրների շարքում: Երրորդ, հայաստանյան բանկերը ճգնաժամի մեջ մտան կապիտալացվածության եւ իրացվելիության բարձր գործակցի ամրության պաշարով, եւ, համապատասխանաբար, վնասները ծածկելու եւ ավանդների հավանական արտահոսքը հաղթահարելու զգալի հնարավորություններ ունեն:Չորրորդ, ի տարբերություն ղազախստանյան եւ ուկրաինական բանկերի, շատ ցածր է հայաստանյան բանկերի օտարերկրյա շուկայական ֆինանսավորման ծավալը, ինչը զգալիորեն ցածրացրել է վերաֆինանսավորման ռիսկերը: - Ինչպիսի՞ն են Fitch-ի կանխատեսումները 2010թ. ՀՀ բանկային համակարգի զարգացումների վերաբերյալ: Հնարավո՞ր է արդյոք խնդիրների սրացում բանկերի վարկային պորտֆելներում: - Fitch-ը կանխատեսում է 2010 թվականին տնտեսության չափավոր վերականգնում եւ ՀՆԱ 2.5% աճ: Գործառնական միջավայրի բարելավումը եւ տնտեսությանն աջակցելու ՀՀ կառավարության ջանքերը (բանկային համակարգի միջոցով ռուսաստանյան կայունացնող վարկի տեղաբաշխումը, “Ազգային հիփոթեքային ընկերության” ստեղծումը) կնպաստեն աշխուժացմանը նաեւ բանկային համակարգում, սակայն աճը նախորդ տարիների համեմատ կլինի չափավոր` 10-15%-ի սահմաններում: 2010թ. մենք ակնկալում ենք նաեւ շահութաբերության ցուցանիշների բարելավում 2009թ. համեմատ: Խնդրահարույց վարկերի աճը, հնարավոր է, կշարունակվի, սակայն աճի տեմպը զգալիորեն կզիջի 2009 թվականին, իսկ կապիտալի տեսքով ամրության պաշարը պետք է օգնի հաղթահարել հնարավոր խնդիրները: - Կանխատեսու՞մ եք արդյոք միաձուլումներ ՀՀ բանկային համակարգում 2010 թվականին: - Ինչպես նշվում է ՀՀ բանկային համակարգի վերաբերյալ մեր հաշվետվությունում, որը հրապարակվեց 2009թ. սեպտեմբերին, բանկերի ամրապնդումը միաձուլումների միջոցով տրամաբանական զարգացում կլիներ, քանի որ բանկային համակարգի առկա կառուցվածքը չափազանց հատվածավորված է: ԿԲ-ն եւս աջակցում է այդ գործընթացին, եւ այդպիսի գործարքներ հնարավոր են: - Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Համահայկական բանկի հանդեպ, որը պետք է շուտով սկսի գործել: - Այդ նախագիծն իր իրականացման չափազանց վաղ փուլում է, այդ պատճառով շատ դժվար է որեւէ գնահատական տալ, թեեւ այդ բանկն ունի շատ հետաքրքիր հայեցակարգ եւ բիզնես մոդել: Tweet Դիտում՝ 23246