Թվային առողջապահության ոլորտում «Նաիրի Ինշուրանս»-ը կգործակցի եվրոպական Mistral AI-ի եւ ALAN-ի հետ

27.03.2025 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Նաիրի Ինշուրանսը» շարունակում է խորացնել հայ-ֆրանսիական գործարար կապերը, այս անգամ՝ թվային առողջապահության, բիզնեսի թվայնացման եւ արհեստական բանականությունն ապահովագրական գործընթացներում ներդնելու ոլորտներում։ Թվային տեխնոլոգիաները՝ մասնավորապես արհեստական բանականության (AI) գործիքները վերջին շրջանում լայնորեն կիրառվում են նաեւ ապահովագրական համակարգում: Դրանք ապահովագրական ընկերություններին հնարավորություն են տալիս AI-ի միջոցով հաճախորդների սպասարկումից մինչեւ վնասի գնահատում իրականացնել:

«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսի թվայնացմանը եւ աշխարհում տեղի ունեցող նորարար փոփոխություններին: Շուկայում թվային եւ ինշութեք լուծումներ առաջարկելու նպատակով «Նաիրի ինշուրանս»-ը կապ է հաստատել արհեստական բանականությունը՝ իբրեւ գործիք, տարբեր ոլորտներում ներդնող ֆրանսիական Mistral AI  եւ թվային ապահովագրության ոլորտում մասնագիտացված ALAN ընկերությունների հետ: Նրանց առաջարկած թվային լուծումներն ապահովագրական պայմանագրերի կառավարումն ու սպասարկումը դարձնում են ավելի հարմար եւ թափանցիկ։


Համագործակցության նպատակով «Նաիրի ինշուրանս» ընկերության ներկայացուցիչները 2025թ.-ի մարտի 26-ին հանդիպել են Mistral AI եւ ALAN ընկերությունների համահիմնադիր, ALAN-ի գործադիր տնօրեն Ժան-Շառլ Սամուելյանի եւ ընկերության ներկայացուցիչ Ադրիեն Սարգի հետ:

«Մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսի թվայնացմանը՝ ակտիվորեն օգտագործելով տարբեր սմարթ գործիքներ: Վերջին տարիներին նաեւ արհեստական բանականության հնարավորություններն ենք փորձարկում տարբեր գործընթացներում՝ AI-ով գեներացվող չատբոթերով հաճախորդների սպասարկումից մինչեւ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատում»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է «Նաիրի ինշուրանս»-ի գործադիր տնօրենի տեղակալ Գեւորգ Ոսկանյանը:

Գեւորգ Ոսկանյանը

Անդրադառնալով ոլորտում ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ու հետագա համագործակցության հնարավորությանը՝ նա նշել է, որ սա հրաշալի առիթ է իրենց համար ծանոթանալ արհեստական բանականությունը տարբեր ոլորտներում ներդնող եվրոպական խոշորագույն ընկերության հետ, նրանց  հաջողված փորձից սովորելու. «Այս հանդիպումն առավել ամրապնդեց մեր այն համոզմունքը, որ ապահովագրական ոլորտը, միանշանակ, զարգացման, թվայնացման կարիք ունի, ու այստեղ արհեստական բանականությունը կարեւորագույն դեր ունի։ Միանշանակ է նաեւ այն, որ հայաստանյան երիտասարդ ապահովագրական ոլորտին պետք է արդեն կայացած, մեծ փորձ ունեցող, առաջադեմ ընկերությունների հետ համագործակցություն։ Այսօրվա քննարկումը հենց դրա մասին էր»,- նշել է նա։

Գեւորգ Ոսկանյանը

Գեւորգ Ոսկանյանի խոսքով՝ քանի որ «Նաիրի»-ն արդեն իսկ ռազմավարական համագործակցություն է հաստատել աշխարհի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական AXA-ի հետ, ինչը նշանակում է, որ իրենց բիզնեսում մեծ թափով ներդրվում է աշխարհի առաջադեմ փորձը. «AI գործիքների ներդրման շնորհիվ կկարողանան մեծացնել մեր վաճառքների ծավալները, ավելի դյուրին կդարձնեն հաճախորդների սպասարկումը, եւ առհասարակ, ընկերությունում կադրային ռեսուրսները կօգտագործեն ավելի նպատակային»:

Alan եւ Mistral ընկերությունները սկսել են ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ։ Նրանք համատեղ նախագծեր են իրականացնում Հայաստանում, որոնք ուղղված են առողջապահության ոլորտում AI-ի լուծումների զարգացմանը։ Նրանք համագործակցում են նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ՝ AI-ի ոլորտում նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Ժան-Շառլ Սամուելյանը եւ Ադրիեն Սարգը

«Մենք այցելել ենք Հայաստան, քանզի տեսնում ենք, որ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում առողջության ապահովագրության ոլորտում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել՝ առաջարկելով նորարարական եւ արհեստական բանականության գործիքակազմով լուծումներ։ Քանի որ արմատներով հայ եմ, ինձ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի համար ստեղծվի համագործակցության եւ բարձր տեխնոլոգիաներով հարուստ ու բարեկեցիկ ապագա»,- նշել է ALAN-ի տնօրեն Ժան-Շառլ Սամուելյանը:

Նա հայտնել է, որ այս պահին համագործակցության հնարավոր տարբերակներ են քննարկում «Նաիրի ինշուրանս»-ի հետ. «Նրանք այս ուղղությամբ հրաշալի գործունեություն են ծավալում: Մեր միտումն այն է, որ կիսվենք լավագույն փորձով, որի արդյունքում մարդկանց կյանքը կերկարի, կդառնա ավելի առողջ»:

Ժան-Շառլ Սամուելյանը

Ժան-Շառլ Սամուելյանի կարծիքով՝ Հայաստանը մեծ ներուժ եւ բավականին շատ տաղանդներ ունի, ուստի, տեխնոլոգիան, մասնավորապես, արհեստական բանականությունը, կարող է հնարավորություն տալ, որ փոքր երկիրն արագ զարգանա։

«Հայաստանի համար առկա են զարգանալու բոլոր հնարավորությունները։

Որքանով ուսումնասիրել եւ հասկացել ենք հայկական առողջապահական ապահովագրական շուկան, հիմնականում կա պետական աջակցություն այն մարդկանց համար, ովքեր առաջնային խնամքի անհրաժեշտություն ու կարիք ունեն, որոշ դեպքերում այն անվճար է տրամադրվում, որոշ ընկերություններ նույնպես ձեռք են բերել ապահովագրական փաթեթներ։ Սակայն այս թիվը փոքր է, եթե համեմատենք այն հնարավոր ներուժի հետ, որը կա, այսինքն՝ եթե այս թիվը համադրենք բնակչության կարիքների հետ։ Մեր փորձագետների ջանքերը հենց դրան են միտված, որ ապահովագրությունը հնարավոր ու հասանելի դարձնենք, որ հատուցման համակարգն ավելի դյուրին կերպով աշխատի, բայց սա միակ բանը չէ։

Մենք նաեւ փորձում ենք այնպես անել, որ գները լավ հաշվարկված լինեն, համապատասխանեն մարդկանց կարիքներին ու հնարավորություններին: Եթե մենք կարողանանք Հայաստանին օգնել այս ոլորտում, հրաշալի կլինի»,- ասել է Ժան-Շառլ Սամուելյանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Դիտում՝ 5826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW