Ներկայացնում ենք Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունների նախկին տնօրեն, Լոնդոնի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Լուկրեցիա Ռայխլինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Լուկրեցիա ՌայխլինՑածր գնաճի եւ զրոյական կամ բացասական տոկոսադրույքների տարիներին բազում կենտրոնական բանկեր միացան կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ սկսեցին փորձարկել «կանաչ» ներդրումները խրախուսող տարբեր գործիքներ, օրինակ՝ հատուկ վարկեր, ակտիվների գնում եւ գրավի պահանջներ: Սակայն գնաճի վերադարձից հետո դրամավարկային քաղաքականություն մշակողները ավելի զգուշավոր են դարձել:Ենթադրաբար նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենց հիմնական նպատակը գների կայունությունն է, ինչը ենթադրում է, որ երբ գնաճը համառորեն գերազանցում է թիրախային թիվը, կլիմայի քաղաքականությունը պակաս կարեւոր է: Սակայն հաստատակամ հավատարմությունը գների կայունությանը չի նշանակում, որ կենտրոնական բանկերը պետք է ընդհանրապես հրաժարվեն «կանաչ» դրամավարկային քաղաքականությունից: Այսօր կենտրոնական բանկերն իրենց տրամադրության տակ ունեն մեկից ավելի գործիքներ, այդ պատճառով տոկոսադրույքների բարձրացումը գնաճի դեմ պայքարելու նպատակով կարող է ընթանալ նպատակային կանաչ քաղաքականությանը զուգահեռ: Հարցն այն է, թե ինչպես դա անել հիմա, երբ կենտրոնական բանկերի հաշվեկշիռները կարծես կրճատվում են:Ավելին, գնաճի վերադարձը չի փոխում կանաչ դրամավարկային քաղաքականության շարժառիթը: Կենտրոնական բանկերը դեռեւս երկու լավ պատճառ ունեն դրա համար: Նախ, նրանք պետք է հաշվի առնեն կլիմայի փոփոխությունը, որպեսզի կառավարեն իրենց պորտֆելի ռիսկը: Եթե կարգավորող մարմիններն ու վերահսկիչ ատյանները պահանջում են, որ դա անի ֆինանսական հատվածը, բնական է ակնկալել դա նաեւ կենտրոնական բանկերից:Իշխանությունները նոր ուղեցույցներ են մշակել մասնավոր հատվածի համար, քանի որ գիտակցում են, որ կլիմայական ռիսկերը ֆինանսական առումով նշանակալի են, եւ հանածո վառելիքի ակտիվների ազդեցության սահմանափակումը լիովին համապատասխանում է ռիսկերի կառավարման ավանդական չափանիշներին: Սա հատկապես վերաբերում է մեծ պորտֆելներին, եւ չնայած վերջերս կենտրոնական բանկերի պահուստները կրճատվել են, նրանց ակտիվներն ամբողջ աշխարհում դեռ կազմում են մոտ 40 տրիլիոն դոլար:Երկրորդ պատճառն այն է, որ շատ երկրներում կենտրոնական բանկերը պարտավոր են աջակցել իրենց կառավարության ընդհանուր նպատակներին, այն է՝ երաշխավորել քաղաքացիների բարեկեցությունը, քանի դեռ դա չի սպառնում գների կայունությանը: Հետեւաբար` կանաչ անցմանն աջակցելը պետք է կարեւոր տեղ զբաղեցնի ցանկացած շրջանակում, որը խստորեն գնահատում է գների կայունության եւ տնտեսական քաղաքականության հնարավոր փոխզիջումները:Այս գործընթացում առանցքային է «երկուստեք նյութայանության» հայեցակարգը, ըստ որի պետք է անել ամեն հնարավորը՝ ազդեցություն ունենալու համար, այլ ոչ թե կենտրոնանալ բացառապես սեփական ֆինանսական ռիսկերը մեղմելու վրա: Չնայած կենտրոնական բանկերը պատասխանատու չեն արդյունաբերական քաղաքականության համար, նրանք ունեն կապիտալը բաշխելու գործիքներ իրենց բնականոն գործունեության շրջանակներում, եւ դրանք արդեն կիրառվում են բազմաթիվ երկրներում:Երբ Ֆինանսական համակարգի «կանաչապատման» ցանցը (NGFS) վերանայեց ընթացիկ քաղաքականությունը Ասիայում եւ Եվրոպայում ութ դեպքի ուսումնասիրությունների հիման վրա պարզվեց, որ կանաչ միջոցառումների մեծ մասը դրդել էր ոչ թե ռիսկերի կառավարումը, այլ կլիմայի փոփոխությունը մեղմելը: Օրինակ՝ 2021-ին Հունգարիայի կենտրոնական բանկը 300 մլրդ. ֆորինտ (825 միլիոն դոլար) վարկ է տրամադրել վարկային հաստատություններին 0% տոկոսադրույքով՝ պայմանով, որ այդ ֆինանսավորումը տրամադրվի տնային տնտեսություններին նոր, էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույքի կառուցման կամ գնման համար: Նմանապես 2021-ին Ճապոնիայի բանկը ներկայացրեց ծրագիր, որը ֆինանսական հաստատություններին տրամադրում է 0% տոկոսադրույքով վարկեր՝ ներդրումների կամ վարկերի ֆինանսավորման համար, որոնք նպաստում են Ճապոնիայի կլիմայական նպատակներին: Չինաստանի Ժողովրդական բանկը նույնպես գործարկել է երկու նպատակային վարկավորման ծրագիր՝ խրախուսելու ֆինանսական հաստատություններին աջակցել արտանետումների նվազեցման ծրագրերին: Այլ խոշոր կենտրոնական բանկեր, ներառյալ Անգլիայի բանկը եւ Եվրոպական կենտրոնական բանկը, մշակել են կորպորատիվ պարտատոմսերի գնման հատուկ ծրագրեր, որոնք գերապատվություն տալիս կլիմայի ոլորտում լավագույն կազմակերպություններին:NGFS-ի բացահայտումները վկայում են, որ կենտրոնական բանկերը կանաչ քաղաքականության մշակման արժեքավոր փորձ են կուտակել: Թեեւ հաստատությունների միջեւ տարբերություններ կան, միասին նրանք հսկայական ուժ են ներկայացնում:Բայց մի՞թե կենտրոնական բանկերը ստիպված չեն լինի կրճատել իրենց հաշվեկշիռները, եւ արդյո՞ք դա չի վնասի նրանց «կանաչ» ֆինանսավորմանը: Ոչ, քանի որ պահուստների վրա տոկոսադրույքներ ունենալու դեպքում կենտրոնական բանկը սկզբունքորեն կարող է բարձրացնել տոկոսադրույքները սղաճը մեղմելու համար եւ մեծ հաշվեկշիռ պահպանել: ԱՄՆ Դաշնային պահուստը արդեն որոշել է մեծ պահուստային համակարգ ունենալ, եւ քանի որ նրա պարտավորությունները մեծ կլինեն նույնիսկ այն դեպքում, երբ գնաճը նպատակային մակարդակի վրա է, դրանք պետք է համապատասխանեցվեն խոշոր ակտիվների հետ: Այս պարագայում կենտրոնական բանկերը, որոնք որդեգրել են երկուստեք նյութական մոտեցումը, կարող են ձգտել ստեղծելու ակտիվների պորտֆել, որը համապատասխանում է իրենց կառավարության կլիմայական եւ արդյունաբերական քաղաքականությանը: Ավելի մեծ կամ փոքր հաշվեկշիռների միջեւ ընտրություն կատարելիս նրանք պետք է հաշվի առնեն կանաչ ֆինանսավորման աջակցության երկարաժամկետ առավելությունները:Անշուշտ, ոմանք դեմ կլինեն ցանկացած քաղաքականությանը, որը խրախուսում է կենտրոնական բանկերին ազդել շուկաների վրա կամ չընտրված պաշտոնյաներին հանձնարարում է զբաղվել արդյունաբերական քաղաքականությանը նմանվող վտանգավոր գործով: Բոլորս լսել ենք այդ փաստարկը. «Կենտրոնական բանկերը չափազանց շատ են միջամտում եւ վտանգում են իրենց անկախությունը»:Սակայն կլիմայի փոփոխությունը ողջ մարդկության գոյության խնդիր է: Այժմ, երբ մասնավոր հատվածը հանում է ներդրումները կլիմայական ֆոնդերից, իսկ պետական ֆինանսները ամենուր սահմանափակված են, չի կարելի անտեսել այն, որ կենտրոնական բանկերը կարող են ավելի մեծ դեր խաղալ: Սատանան, իհարկե, մանրամասների մեջ է։ Կարեւոր է փոխզիջումների թափանցիկությունը եւ զգուշավոր կառավարումը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 3582