Չորս ընկերուհի, չորս տաղանդ, «Չորս գույն»

17.01.2019 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«4 գույն» #ռեստավրացիա
Գեղարվեստի ակադեմիայի 4 ուսանողուհիներ՝ Անահիտը, Ատան, Նինան եւ Վարսենիկը, որոշել են սեփական տաղանդն օգտագործել բիզնեսի մեջ՝ հիմնելով «4 գույն» բրենդը:

Ինչո՞ւ «4 գույն»

«4 գույն» ապրանքանիշը հիմնվել է 2018թ. հունիսին: Աղջիկները, ձեռագործ աշխատանքների տարբեր էջեր ուսումնասիրելով, որոշել են համատեղ ուժերով ստեղծել այնպիսի ապրանքներ, որոնք շուկայում բացակայում են:

Երկար են մտածել՝ ինչպես անվանել թիմը: Արդյունքում հասկացել են, որ իրենց հոգեհարազատ են վառ գույները, ուստի կարելի է անվանումը կապել դրա հետ:


«Մտածեցինք, որ հենց 4-ով էլ կմնանք ու շեշտը դրեցինք 4 գույնի վրա, քանի որ մարդիկ ունեն իրենց ներքին գույները եւ դրանցով ունենում են անհատական «ես»: Մեր ներքին գույները դրեցինք մեր ստեղծագործությունների մեջ: Վարսենիկը մշակեց թռուցիկներն ու լոգոն, եւ բացվեց մեր էջը»,- պատմում է Նինան:

Հիմքում՝ ձեռքի աշխատանքը

«Մեր խնդիրն էր ունենալ բացառապես ձեռագործ աշխատանք: Շուկայում չկային, օրինակ, եգիպտական տեխնիկայով ստեղծված այս գրքերը: Մենք ամեն ինչ նկարում ենք ձեռքով, այսինքն՝ աշխատանքը կրկնակի է, մինչդեռ շուկայում հիմա ամեն ինչ տպագրված է»,- ասում է Ատան:

Ատան

Նինան էլ պատմում է, թե ինչպես այդ նոթատետրը բերեցին շուկա.

«Գյումրիում մի նախագիծ կար՝ New Eliminations, որտեղ ամերիկացի մի կին մեզ սովորեցրեց գրքեր պատրաստել: Նպատակն այն էր, որ կանայք կարողանան իրենց ֆինանսն ապահովել: Գիրք-նոթատետրերի հիմնական սկզբունքը հետեւյալն է. մաքուր թղթերին էֆեկտներն ենք ավելացնում, որոշում ենք կազմի դիզայնը եւ թղթերն իրար վրա հավաքելով՝ կարում ենք»:

Հին իրերի ռեստավրացիա

«4 գույն»-ից Անահիտը զբաղվում է հին իրերի վերականգնմամբ: Ասում է՝ եթե տանը ունեք հին աթոռներ, դարակներ, հագուստ, ապա իրենք դրանք ռեստավրացիայի են ենթարկում.

«Նոր էֆեկտներ ենք ավելացնում, որ նորովի նայվի: Կարող եք պատվիրել ցանկացած պատկեր՝ ցանկացած իրի վրա»:

«4 գույն»-ի ռեստավրացրած աթոռը

Անահիտի խոսքով՝ ամենաշատը վաճառվում են բրոշները, քանի որ համեմատաբար մատչելի են: «4 գույն»-ի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մի բան, որը կընդգծի մարդու անհատականությունը.

«Մեզ՝ որպես նկարիչների, դուր է գալիս, երբ մարդն ինչ-որ բանով առանձնանում է: Սա մենք մեր բիզնեսն ենք համարում, քանի որ հաճելի է, երբ քո ստեղծած իրը վաճառում ես եւ գումար վաստակում»:

«4 գույն»-ի ռեստավրացրած բաճկոնը

Առաջխաղացումը

Ապրանքանիշի առաջխաղացումն ապահովելու գործը Վարսենիկինն է: Նա զբաղվում է տպագրական հարցերով եւ իրենց արտադրանքի ներկայացվածությունն ապահովելով.

«Սոցցանցերից միայն Facebook-ում եւ Instagram-ում ենք: Իմ հիմնական գործը խմբում իլյուստրացիաներ անելն է: Եթե պատվեր ենք ունենում, տպագրում ենք ու վաճառում»:


Թիմով ու սեփական ուժերով

«4 գույն»-ն անհատների կողմից համագործակցության առաջարկներ ստացել է, սակայն թիմը զբաղվածության պատճառով չի կարողացել ընդունել.

«Մենք չունենք ֆինանսավորում: Ամեն ինչ անում ենք մեր աթոռների, հագուստի վրա նկարելով: Ֆինանսավորման համար դեռ որեւէ տեղ չենք դիմել»:

Լինելով առանձին բրենդ՝ ավելի շատ հակված են անհատապես ներկայանալուն, քան այլ բրենդի կազմում ընդգրկվելուն:

Ապրանքների վաճառքից ստացված հասույթը հիմնականում ուղղվում է նյութեր գնելուն, տպագրական աշխատանքներ իրականացնելուն:

«4 գույն»-ի կավե բրոշները

Թիմային աշխատանքը բիզնես դարձնելիս մտավախություն են ունեցել, թե ընկերական հարաբերությունները գործնականից կարող են տուժել: Այսօր արդեն վստահ են՝ թիմով աշխատելն ավելի արդյունավետ է:

«Եթե միայնակ ես, մի գաղափար է գործում, եթե 4 հոգով եք աշխատում, 4 գաղափար է գործում: Թիմը նրանով է լավ, որ այդ ամենը ֆիլտրվում է եւ ստացվում մի լավ գաղափար»,- նշում է Նինան:

Իրացում

«4 գույն»-ի համոզմամբ՝ որեւէ ապրանք ստեղծելիս պետք է հաշվի առնես այն հանգամանքը, թե որքանով է այն հնարավոր իրացնել շուկայում.

«Ենթադրենք, ապրանք ես ստեղծում, որը գերազանցում է 5000 դրամը: Այն դժվար է իրացնելը, արդյունքում կենտրոնանում ես, որ ստեղծես մի բան, որը չի գերազանցի 5000 դրամը: Ապրանքը կարող է շատ արվեստ ունենալ իր մեջ, բայց գնից կախված՝ շուկայում դժվար է այն իրացնելը»:

«4 գույն»-ի ռեստավրացրած աթոռը

Անահիտն ու Վարսենիկն էլ ընդգծում են, որ մարդիկ ձեռագործ իրերին թերահավատորեն են մոտենում.

«Շատերը մտածում են, որ ավելի էժան կարելի է գնել պատրաստի արտադրանք, քան ինչ-որ մեկի ձեռքի աշխատանքը: Բայց չի կարող անհատի ձեռքի աշխատանքը 500 դրամ արժենալ: Այն համեմատաբար ավելի բարդ է»:

Բարեգործական տեսլականը

Աղջիկները պատմում են, որ առաջարկ են ստացել կամավորության հիմունքով որեւէ խոցելի խմբի ներկայացուցիչների սովորեցնել ձեռագործ իրեր պատրաստել:

Բավարար ֆինանսական միջոցներ չեն ունեցել, որոշել են ավելի ուշ անդրադառնալ այդ ծրագրին: Սակայն Նինան իրենց թիմը համալրել է նոր բարեգործական գաղափարով.

«Խուլ ու համրերին կարելի է սովորեցնել, ենթադրենք, ինչպես պատրաստել այս բրոշները: Դրանով նրանք կարող են իրենց ֆինանսն ապահովել: Բայց եթե գործ ունենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, պետք է մեզ ծրագրեր առաջարկեն ու աջակցեն, ներկայում մենք բյուջե չունենք»:

Նելլի Պետրոսյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից
Դիտում՝ 9414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW