Բանկերը Հայաստանում հիփոթեքային վարկեր տրամադրում են ինչպես իրենց ներքին ռեսուրսների հաշվին, այնպես էլ պետական աջակցության ծրագրերի շրջանակում: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» եւ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրերն ուղղված են համեմատաբար երիտասարդ սեգմենտին, իսկ ընդհանուր բնակչության վարկավորման տեսանկյունից գործում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ն, որը վերաֆինանսավորում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրած հիփոթեքային վարկերը ինչպես սեփական կապիտալի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված ռեսուրսների հաշվին:Հունիսին բանկերի ներքին ռեսուրսների հաշվին հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ հոդված էինք ներկայացրել, որի հրապարակումից հետո ընթերցողների մոտ ծագել էր օբյեկտիվ հարց՝«ինչո՞ւ վերցնել բանկի ռեսուրսների հաշվին առաջարկվող հիփոթեքը, եթե առկա է դրա մատչելի այլընտրանքը՝ ԱՀԸ ծրագրով»: Banks.am-ը հարցի պատասխանը ստացել է «Ազգային հիփոթեքային ընկերության» տնօրեն Հայկ Ոսկանյանից:ԱՀԸ ծրագրով վարկի գումարը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որից վերաֆինանսավորվում է 25 մլն դրամը: Մինչդեռ վարկատուների գերակշիռ մասն ավելի մեծ գումարներով վարկեր տրամադրում է արտարժույթով:ԱՀԸ ծրագրով վարկի ժամկետը՝ առավելագույնը 35 տարի: Բանկերը եւ վարկային կազմակերպությունները հիմնականում տրամադրում են մինչեւ 20 տարի մարման ժամկետով վարկեր, հետեւաբար ԱՀԸ ծրագրով առաջարկվող ժամկետն ավելի երկար է եւ չի կարող դիտարկվել որպես սահմանափակում:ԱՀԸ ծրագրով վարկի արժույթը՝ դրամ: Մյուս կազմակերպությունները տրամադրում են նաեւ արտարժույթով: ԱՀԸ այս պահանջը չի կարելի դիտել որպես սահմանափակում, այլ որպես ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի հիմնական եկամուտների արժույթի հետ համապատասխանեցում՝ ի նպաստ պոտենցիալ վարկառուների ապագա արժույթային ռիսկերի զսպման:ԱՀԸ ծրագրով վարկերի մարումների եւ ամսական զուտ եկամուտների հարաբերակցությունը. վարկառուի եկամուտը պետք է ձեւավորվի հիմնականում Հայաստանի տարածքում, իսկ վարկերին ուղղված ընդհանուր վճարումները չպետք է գերազանցեն եկամուտների 45%-ը: Վարկատուները հիմնականում կիրառում են նմանատիպ կամ ավելի խիստ մոտեցում: Այս եւ եկամուտներ/վճարումեր հարաբերակցության վերլուծության համար կիրառվող մյուս գործակիցները ստեղծված են վարկային ռիսկի զսպման համար, եւ ճիշտ չէ վերջինները դիտարկել որպես սահմանափակումներ:ԱՀԸ ծրագրով վարկ/գրավ հարաբերակցությունը (LTV), կանխավճարը. ԱՀԸ ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում պահանջվում է 30% կանխավճար, լրացուցիչ գրավի առկայության դեպքում՝ 10%: Վարկատուները հիմնականում կիրառում են նմանատիպ կամ ավելի խիստ մոտեցում: Օրինակ՝ մարզերում շատ հաճախ վարկատուները կիրառում են գույքի գնահատված արժեքի առավելագույնը 50% վարկավորման սահմանափակում: ԱՀԸ ծրագրով վարկային պատմությունը. վարկառուներն ու համավարկառուները վարկի համար դիմելու պահին չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ, իսկ վերջին 12 ամիսներին գումարային ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը: Վարկատուները մեծ մասամբ կիրառում են ավելի խիստ մոտեցումներ:ԱՀԸ ծրագրով ապահովագրությունը. վարկառուներն ու գրավադրված գույքը վարկի ամբողջ գործողության ընթացքում պետք է ապահովագրված լինեն վարկի մնացորդի չափով: Վարկատուները հիմնականում կիրառում են նմանատիպ կամ ավելի խիստ մոտեցում: Որոշ վարկատուներ գրավադրված գույքի ապահովագրություն պահանջում են գույքի գնահատված շուկայական արժեքի չափով: Որոշ դեպքերում սեփական ռեսուրսով վարկավորելիս, հնարավոր է, չպահանջվի դժբախտ պատահարներից վարկառուի եւ համավարկառուների կյանքի ապահովագրություն:«Հնարավոր է՝ հիփոթեքային վարկեր տրամադրելիս բանկերը կիրառեն մեր ստանդարտները, սակայն գերադասեն վարկավորել իրենց ռեսուրսով՝ պայմանավորված ներկայում իրացվելի միջոցների առկայությամբ (հատկապես՝ կապված նորմատիվային կապիտալի ավելացման հետ). հիփոթեքը ներկայում ցածր ռիսկային վարկային ներդրում է»,- նշել է Հայկ Ոսկանյանը:ԱՀԸ տնօրենի խոսքով՝ վարկատու կազմակերպություններն իրենց սեփական ռեսուրսներով վարկավորման ժամանակ հաճախ կիրառում են ավելի խիստ մոտեցումներ, սակայն լինում են դեպքեր, երբ, օրինակ, վարկարժանության ստուգումը կամ վարկային պատմությունը դիտարկվում է ավելի մեղմ մոտեցումներով՝ կախված հաճախորդի հետ ունեցած երկարատեւ համագործակցությունից: «Բանկերի կայքերում երբեմն առանձին ներկայացված չէ, թե ինչ ռեսուրսով են վարկերը տրամադրվում, եւ որպես տոկոսադրույքների ներքին սահման նշում են ԱՀԸ ֆինանսավորած վարկերը»,- ընդգծել է Հայկ Ոսկանյանը: Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 27960