Մենթորինգը՝ բիզնես մշակույթի անբաժան մաս

21.04.2017 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#մենթորինգ #ՀՈՒՄԿ #Հասմիկ Սահակյան
Ապրիլի 6-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությանն ամփոփվեց 2016-2017 թթ. Կանանց մենթորական ծրագիրը, որն իրականացվել էր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ու «Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոն»-ի համատեղ ջանքերով:

«Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոնի» հիմնադիր Հասմիկ Սահակյանի հետ Banks.am-ը զրուցել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունների, ինչպես նաեւ Հայաստանում մենթորական փորձի ներդրման եւ զարգացման շուրջ:

Ամերիկյան բիզնես մշակույթը՝ ոգեշնչման աղբյուր

«2015թ. ապրիլին ինձ բախտ վիճակվեց ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Կանայք եւ ձեռնարկատիրությունը» IVLP ծրագրի շրջանակում մեկնել ԱՄՆ: Այնտեղ 20 երկրից 20 կանանց հնարավորություն էր ընձեռվել ծանոթանալ ամերիկյան բիզնես մշակույթին, կանանց կազմակերպություններին եւ այն ամենին, ինչը վերաբերում է կանանց եւ երիտասարդությանը»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Սահակյանը:

Կրթության կառավարման ոլորտում տիկին Սահակյանը նորեկ չէ. շուրջ 20 տարի ղեկավարում է Հայաստանի ամենամեծ ուսումնական կենտրոններից մեկը՝ «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամը, որի ուշադրության մշտապես եղել են կանանց եւ երիտասարդների զբաղվածության եւ մասնագիտական զարգացման խնդիրները:

Հասմիկ Սահակյանի խոսքով՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո իր մոտ ամրապնդվում է այն ցանկությունը, որ անհրաժեշտ է ընդգծել, շեշտադրել (ոչ թե առանձնացնել) կանանց եւ երիտասարդության աջակցության ոլորտը: Հենց այդ ցանկությունն էլ նրան մղում է 2015թ. հոկտեմբերին հիմնադրել «Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոնը», որն այսօր աշխատում է երեք ուղղություններով՝ դասընթացներ, աութստաֆինգ եւ մենթորինգ:

Սոցիալական ձեռնարկատիրություն

«Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոնը» հասարակական կազմակերպություն չէ: Այն գրանցված է որպես ՍՊԸ եւ իրենից ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրություն՝ բիզնես մոդել, որը շահույթ հետապնդելուն զուգահեռ սոցիալական որոշակի խնդիրներ է առաջ քաշում եւ փորձում լուծել:

Հասմիկ Սահակյանը նշում է, որ բիզնեսի այս մոդելը վաղուց արդեն մշակվել եւ տարածվել է Արեւմուտքում, հետեւաբար՝ «հեծանիվ հորինել պետք չէ, պարզապես անհրաժեշտ է դրսի փորձը ճիշտ կերպով ներդնել նաեւ Հայաստանում»:

«Ամերիկյան հասարակությունում լայն տարածում ունի սոցիալական ձեռներեց հասկացությունը,- ասում է նա: -Դա բիզնեսի նոր մոդել է, որտեղ դու իրականացնում ես ձեռնարկատիրական գործունեություն, որը շահույթ է հետապնդում, սակայն իրականում այդ գործունեության արդյունքներն ուղղված են սոցիալական բարիքներ ստեղծելուն»:

Մենթոր Հասմիկ Սահակյանն իր մենթիի՝ Սոնա Բալոյանի հետ

Կենտրոնի հիմնադիրը նշում է, որ թեեւ վերջին տարիներին Հայաստանում սկսել են խոսել սոցիալական ձեռնարկատիրության մասին, այդուհանդերձ, այն դեռ սաղմնային վիճակում է: Նա նկատում է, որ հասարակական կազմակերպությունների մասին օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխությունն այժմ ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչը ապագայում կարող է լավ հիմքեր դնել Հայաստանում սոցիալական ձեռներեցության ինստիտուտի կայացման համար:

Կանանց մենթորական ծրագիր Հայաստանում

Հայ կանանց ու երիտասարդ աղջիկներին խորհրդատվությամբ աջակցելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվում է Կանանց մենթորական ծրագիրը։

2016-2017 թթ. ծրագրի ընթացքում ձեւավորվել է մենթորական 60 զույգ, որոնք մեկ տարվա ընթացքում հասցրել են մտերմանալ, բարեկամանալ եւ նաեւ ընկերանալ: Չնայած որ մենթոր եւ մենթի հասկացությունները մեր բիզնես մշակույթում համեմատաբար նոր հասկացություններ են, ծրագրի պատասխանատուները հույս ունեն, որ դրանք կնպաստեն երիտասարդ սերնդի եւ երկրի գործարար մշակույթի զարգացմանը:

«Մենթորը դայա՞կն է, թե՞ ավագ ընկերը»

«Երբ 80 տարեկան հարեւանուհիս հեռուստացույցով լսել էր, թե ինչպես եմ պատմում մենթորինգի մասին, հաջորդ օրն ինձ հարցրեց. հիմա մենթորը ի՞նչ է, դայա՞կն է»,- ժպիտով հիշում է Հասմիկ Սահակյանն ու պարզաբանում, որ իրականում ճիշտ եւ փորձառու մենթորը կարող է երիտասարդ մասնագետի համար ստեղծել մի հնարավորություն, որը նրան կյանքի 3-րդ դասարանից կտեղափոխի 7-րդ դասարան:

«Կյանքում ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն մենթորը հենց նրա համար է, որ 3-րդից 7-րդ դասարանների թռիչքում թույլատրվելիք սխալները կամ վրիպումները փորձի մեղմել, քչացնել եւ ճիշտ ուղղություն տալ»,- մեկնաբանում է նա:

Հասմիկ Սահակյանի խոսքով՝ մենթորի անհրաժեշտություն զգացվում է յուրաքանչյուր տարիքում: Նա ընդգծում է, որ այսօր ինքը, լինելով մենթոր, ունի կյանքում իր մենթորները, ընդ որում՝ նրանք ներկայացնում են մասնագիտական տարբեր ոլորտներ եւ հետաքրքրություններ:

«Այսօր ես անդամակցում եմ International Business Women Mentoring Program կանանց միջազգային մենթորական ցանցին, որպեսզի ինքս ծանոթանամ արեւմտյան լավագույն փորձի հետ, ինչը տեղայնացնելով՝ հնարավոր կլինի Հայաստանում մենթորական ծրագրերն իրականացնել ավելի ճկուն եւ արդյունավետ կերպով»,- ամփոփում է «Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոն»-ի հիմնադիրը:

Հասմիկ Սահակյանի հետ զրուցել է Վիկտորյա Անդրեասյանը
Դիտում՝ 12479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW