IPO` երբ ընկերությունները «բացվում» են

19.08.2016 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աճի եւ զարգացման հեռու գնացող պլաններ ունեցող ցանկացած ընկերություն վաղ թե ուշ սկսում է դիտարկել հրապարակային դառնալու հեռանկարը՝ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու միջոցով:

Այդուհանդերձ, Հայաստանի գործարար շրջանակում այս հասկացությունը սկսել է շրջանառվել վերջերս՝ հիմնականում շնորհիվ ՀՀ բանկերի, որոնք ԿԲ-ի կողմից նորմատիվային կապիտալի նվազագույն պահանջի վերանայման ֆոնին IPO-ն սկսել են դիտարկել որպես ֆինանսների ներգրավման այլընտրանքային ճանապարհ:

Banks.am-ը «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանի օգնությամբ փորձել է բացահայտել եւ բազմակողմանիորեն ներկայացնել IPO երեւույթը:

Ի՞նչ է IPO-ն

IPO-ն (Initial Public Offering) արժեթղթերի (հիմնականում՝ բաժնետոմսերի) առաջնային հրապարակային տեղաբաշխումն է, երբ ընկերությունն առաջին անգամ տեղաբաշխում է իր բաժնետոմսերը բաց բաժանորդագրությամբ՝ հասանելի դարձնելով դրանք լայն հասարակությանը:

Ինչո՞ւ են առանձնացնում հենց առաջին տեղաբաշխումը: Պատճառն այն է, որ, առաջին հրապարակային թողարկմանը զուգահեռ, փոխվում է նաեւ ընկերության կարգավիճակը՝ մասնավորից (private) դառնալով հրապարակային (public):

Իսկ բաժնետոմսերի հետագա թողարկումներն այլեւս այդքան մեծ հնչեղություն չեն ստանում, քանի որ ընկերությունն արդեն հրապարակային է եւ բորսայում ցուցակված:  

IPO-ի գրավչությունը

Արժեթղթերի տեղաբաշխման հիմնական նպատակը ֆինանսական միջոցների ներգրավվումն է:

Ընդ որում, IPO-ն երկարաժամկետ կապիտալի ներգրավման առավել տարածված տարբերակներից է: Այս միջոցներն ընդունված է անվանել նաեւ անվճար կապիտալ, քանի որ դրանց դիմաց ընկերությանը տոկոս չի վճարվում: Հրապարակային տեղաբաշխումից ստացված միջոցները կարելի է ուղղել ընկերության ընդլայնմանը, զարգացմանն ու նոր շուկաների գրավմանը:

Առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո ֆինանսական ռեսուրսների հետագա ներգրավումը դառնում է ավելի հեշտ. ընկերությունն արդեն ցուցակված է բորսայում, այս ոլորտում ունի որոշակի փորձ, ծախսերի մի մասն էլ արդեն կատարված է:

Մյուս կողմից, հրապարակային ընկերություններն այլ հավասար պայմաններում ավելի բարձր են գնահատվում, քան մասնավորները, նաեւ այն պարզ պատճառով, որ հրապարակային ընկերությունների բաժնետոմսերը հասանելի են մեծ թվով ներդրողների, ինչը մեծացնում է դրանց նկատմամբ պահանջարկը:

Հրապարակային ընկերությունների բարձր գնահատվելը կապված է նաեւ նրանց նկատմամբ բարձր վստահության հետ: Մասնավոր ընկերությունները շատ հաճախ հանրությանը չեն ներկայացնում իրենց գործունեության արդյունքները, մինչդեռ հրապարակայինները պարտավոր են բացահայտել ընկերության ամբողջ տեղեկատվությունը (ֆինանսական դրությունը, ցուցանիշները, կառավարման մարմինները, հետագա ծրագրերը եւ այլն):
 
Մի առավելություն եւս. հրապարակային ընկերություններն ունեն բազմաթիվ, երբեմն մի քանի 100 հազ-ի հասնող բաժնետերեր, որոնք նաեւ այդ ընկերության արտադրանքի պոտենցիալ սպառողներն են. Կոկա-Կոլայի բաժնետերն ավելի շուտ կնախընտրի գնել այս ընկերության ըմպելիքը, քան, ասենք, Պեպսի:

Ընդհանուր առմամբ, IPO-ն նպաստում է ընկերության համբավի աճին՝ դարձնելով այն ավելի մրցունակ ու հնչեղ:

Մեդալի մյուս կողմը

Այսքան առավելություններին զուգահեռ՝ IPO-ն ընկերություններից պահանջում է որոշակի «զոհողություններ»:

Դառնալով հրապարակային՝ ընկերության նախկին բաժնետերերը կորցնում են իրենց տեսակարար կշռի, կառավարման իրավունքի, անկախության, դիվիդենդի մի մասը: Սա այն գինն է, որը պետք է վճարել IPO-ի համար:

Միեւնույն ժամանակ, առաջնային հրապարակային տեղաբաշխման իրականացումն այնքան էլ էժան չէ: Դրա համար անհրաժեշտ են բազմաթիվ նախապատրաստական եւ հետագա ծախսեր, որոնք, կախված տեղաբաշխման շուկայի առանձնահատկություններից, լինում են տարբեր:

Այնուամենայնիվ, այդ ծախսերի մի մասը բաժնետերերի համար կարող են փոխհատուցվել IPO-ից հետո ընկերության  շուկայական արժեքի աճով: Ենթադրենք, 100 մլն դրամ գնահատվող ընկերությունն IPO-ի միջոցով որոշել է ներգրավել եւս 100 մլն դրամ, որի համար անհրաժեշտ ծախսերը կազմում են 5 մլն դրամ: Ընկերությունը բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում սովորաբար գնահատվում է ավելի թանկ, եւ այդ 100 մլն դրամի նոր ներդրումների դիմաց բաժնետերերը կարող են զիջել ոչ թե ընկերության 50%-ը, այլ, ենթադրենք, 25%-ը: Արդյունքում, սկզբնական բաժնետերերը, 200 մլն դրամ արժողությամբ ընկերության մեջ ունենալով 75%-ը, իրենց փաթեթի արժեքը հասցնում են 150 մլն դրամի: Մեծ շուկաներում, ներդրողների դրական շուկայական տրամադրվածության պայմաններում, IPO-ից հետո հաճախ բաժնետոմսերի արժեքը կրկին աճում է՝ չբավարարված պահանջարկի հաշվին:

IPO-ի թերություններից են թղթատարությունն ու հետագա ծախսերը: Ընկերությունն այսուհետ պետք է հետեւի ներդրողների հետ իր փոխհարաբերություններին, ունենա համապատասխան բաժին, ձեւափոխի կայքը, իրականացնի ցուցանիշների ավելի խոր վերլուծություն, ներգրավի վերլուծաբանների, ավելացնի հաշվետվողականության հաճախականությունը եւ այլն:

Չնայած այս բոլոր հանգամանքներին, մի բան հստակ է. եթե ընկերությունը որոշել է դուրս գալ լոկալ շուկայի սահմաններից եւ մուտք գործել գլոբալ ասպարեզ, IPO-ն դրա ամենահուսալի եւ փորձված «բաղադրատոմսն» է:

Գործընթացը

Նախ, պետք է լինի սեփականատերերի համապատասխան որոշումը՝ իրականացնել IPO, դրան զուգահեռ՝ նախատեսվող տեղաբաշխման ծավալներն ու չափանիշները, ինչպես նաեւ այն բորսան, որտեղ ցանկանում են ցուցակվել:

Հայաստանյան ընկերությունները կարող են ցուցակվել ինչպես տեղի՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, այնպես էլ օտարերկրյա բորսաներում (Լոնդոնի, Ռուսաստանի, Լեհաստանի, ամերիկյան, մերձբալթյան եւ այլն), որոնք հասանելի են միջազգային ընկերություններին՝ կախված դրանց չափսերից եւ կապիտալ ներգրավելու պահանջներից: Նույն հաջողությամբ այլ երկրների ընկերությունները կարող են ցուցակվել Հայաստանի բորսայում:

Այնուհետեւ սկսում են ընթանալ նախապատրաստական մեծ աշխատանքներ՝ հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվական եւ այլն: Ընկերությունը պետք է անցնի պարտադիր աուդիտ հեղինակային աուդիտորական կազմակերպության կողմից, ինչը մինչ հրապարակային դառնալը կարող էր պարտադիր չլինել նրա համար:

IPO-ի գործընթացն իրականացնում է տեղաբաշխման կազմակերպիչը՝ անդերռայթերը: Որպես այդպիսին հանդես են գալիս ներդրումային բանկերը, որոնք իրականացնում են բաժնետոմսերի թողարկման եւ բաժանորդագրության հետ կապված բոլոր գործառույթները: Անդերռայթերները սովորաբար երաշխավորում են նաեւ բաժնետոմսերի նախատեսված ծավալի տեղաբաշխումը:

Կազմվում եւ հրապարակվում է ազդագիրը, որտեղ ներկայացված է ընկերության մասին ամբողջ տեղեկատվությունը:  

Նախապատրաստական բոլոր աշխատանքներից հետո անդերռայթերը հանդիպում է ներդրողներին՝ հասկանալու, թե ինչ «ախորժակ» է առկա տվյալ գործիքի նկատմամբ. ըստ դրա էլ որոշվում է թողարկման հնարավոր գինը:

Սովորաբար, բաժնետոմսերի թողարկմանը զուգահեռ կատարվում է ընկերության ցուցակումը տվյալ ֆոնդային բորսայում:

Սկսում է բաժնետոմսերի ազատ առուվաճառքը երկրորդային շուկայում: Հետագա գործընթացն իրականացնում է «շուկա ստեղծողը»՝ մարկետմեյքերը, որը ցուցակումից հետո ապահովում է ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունը՝ ամեն օր տեղադրելով որոշակի ծավալի առքի ու վաճառքի հայտեր:

IPO-ն հայաստանյան շուկայում

Ընդհանուր առմամբ, IPO-ի հայաստանյան շուկան բավական պասիվ է: Պատճառը, թերեւս, անբարենպաստ տնտեսական իրավիճակն է: Բաժնետոմսերի թողարկման համար անհրաժեշտ է լավ տնտեսական միջավայր, ֆինանսական կայունություն եւ շուկայի առողջ կոնյունկտուրա:

Հրապարակային դառնալու կամ նոր բաժնետոմսեր թողարկելու մասին համեմատաբար ավելի հաճախ լսում ենք բանկային հատվածից: Ներկայումս 20 առեւտրային բանկերից ցուցակված են 4-ը՝ Յունիբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը եւ Զարգացման Հայկական Բանկը: Յունիբանկն իր IPO-ն իրականացրել է վերջերս, իսկ Արարատբանկն ու Հայէկոնոմբանկը ներկայում իրականացնում են բաժնետոմսերի հերթական թողարկումները:

Մի քանի այլ բանկեր եւս ծրագրում են ապագայում հրապարակային դառնալ՝ տեղական եւ արտասահմանյան բորսաներում ցուցակման միջոցով: Որոշներն էլ հանդիսանում են օտարերկրյա ցուցակված ընկերությունների դուստր ընկերություններ (Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ եւ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ):

IPՕ սովորաբար իրականացնում են համեմատաբար մեծ կազմակերպությունները, իսկ Հայաստանում քիչ թե շատ խոշոր եւ գրավիչ ընկերություններն արդեն որեւէ միջազգային խմբի անդամ են (հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, որոշ բանկեր, Երեւանի կոնյակի գործարանը եւ այլն). նրանց դեպքում ավելի նպատակահարմար է միջոցներ ներգրավել մայր ձեռնարկություններից:

Հայաստանյան շատ ընկերություններ աշխատում են ստվերում, ինչը եւս խոչընդոտում է նրանց՝ հրապարակային դառնալուն: Այս կազմակերպությունները բախվում են դիլեմայի՝ մնալ ստվերո՞ւմ եւ չվճարելով հարկեր՝ ստանալ ավելի շատ շահույթ, թե՞ դառնալ հրապարակային, ինչը նրանց առաջ կբացի զարգացման նոր հեռանկարներ:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 18535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW