Բանկեր. Ավելի շատ շահույթ, ավելի քիչ ակտիվ
27.04.2016 | 00:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ akipress.org

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Banks.am-ը ներկայացնում է 2016թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվները կրճատվել են
ՀՀ առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվների ծավալը 2016թ. առաջին եռամսյակին 2015թ. վերջի համեմատ նվազել է 0,9%-ով` կազմելով 3 507,8 մլրդ դրամ: Ընդ որում, 0,5%-ով կրճատվել է նաեւ բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալը` հասնելով 2 144,2 մլրդ դրամի:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկն իր 507,7 մլրդ դրամ ցուցանիշով գլխավորում է ցանկը`չնայած նախորդ տարվա վերջի նկատմամբ արձանագրած 1,6%-անոց անկմանը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների շուրջ 14,5%-ը: Բանկն առաջատար է նաեւ վարկավորման ծավալներով (311,9 մլրդ դրամ, աճ` 2,1%):
Երկրորդ ամենախոշոր բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է: 2016թ. առաջին եռամսյակում բանկն արձանագրել է ակտիվների ծավալի աճ՝ 15,1%-ի չափով` մինչեւ 461,15 մլրդ դրամ: Ընդ որում, բանկի տրամադրած վարկերի ծավալները կազմել են 302,4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ ցուցանիշը 10,1%-ով:
Ակտիվների ծավալով ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 314,8 մլրդ դրամ ցուցանիշով (2015թ. վերջի նկատմամբ՝ 1,5% աճ), Հայբիզնեսբանկը` 297,4 մլրդ դրամ (անկում` 3%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 279,2 մլրդ դրամ (աճ` 1,6%): Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամականաշրջանում կազմել են համապատասխանաբար 176,9 մլրդ դրամ (անկում` 3,7%), 210 մլրդ դրամ (աճ` 1,9%) եւ 170,8 մլրդ դրամ (աճ` 1%):
Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 53%-ը: Առաջատարների հնգյակը 2015թ. վերջի համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:
Պարտավորությունները նվազել են
ՀՀ առեւտրային բանկերի պարտավորությունների ընդհանուր ցուցանիշը 2016թ. առաջին եռամսյակում 2015թ. չորրորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 1,3%-ով` կազմելով 2 945,2 մլրդ դրամ:
Առաջատար բանկը, ըստ պարտավորությունների մեծության, Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2016թ. առաջին եռամսյակում նվազել է 2,1%-ով` կազմելով 447,1 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ ամենախոշոր հաջորդ բանկը Արդշինբանկն է` 411,3 մլրդ դրամ ցուցանիշով (աճ` 16,8%):
Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը` 272,7 մլրդ դրամ (2015թ. վերջի համեմատ՝ 1,3% աճ), Հայբիզնեսբանկը` 268,1 մլրդ դրամ (անկում` 3,6%) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 221,7 մլրդ դրամ (աճ` 1,4%) ցուցանիշով:
Կապիտալիզացիան շարունակվում է
ՀՀ բանկային համակարգի կապիտալի ընդհանուր ծավալը 2016թ. առաջին եռամսյակում ավելացել է 1,3%-ով` կազմելով շուրջ 562,6 մլրդ դրամ:
Ընդհանուր կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) մակարդակով առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: Բանկի ընդհանուր կապիտալը 2016թ. առաջին երեք ամիսներին ավելացել է 2,2%-ով` հասնելով 60,6 մլրդ դրամի:
Նրան հաջորդում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`57,5 մլրդ դրամ ցուցանիշով, որը 2015թ. վերջին եռամսյակի համեմատ աճել է 2,7%-ով:
Կապիտալի ցուցանիշով առաջատար մյուս բանկերն են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 54 մլրդ դրամ (աճ` 1,7%), Արդշինբանկը` 49,9 մլրդ դրամ (աճ`2,8%) եւ Ինեկոբանկը` 42,1 մլրդ դրամ (աճ` 3,3%):
Ինչպես հայտնի է, 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու վերաբերյալ: Այս որոշման ֆոնին հայաստանյան բանկերն ավելացնում են իրենց կապիտալը` ձգտելով համապատասխանել ԿԲ պահանջին:
Հարկ է նշել, որ ԿԲ վերոնշյալ պահանջը վերաբերում է ոչ թե բանկերի հաշվեկշռում արտացոլված կապիտալի ցուցանիշին, այլ նորմատիվային կապիտալին: Այն որոշակիորեն տարբերվում է հաշվեկշռում ներկայացվող ցուցանիշից՝ պայմանավորված դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններով:
2016թ. առաջին եռամսյակում ԿԲ նոր պահանջին բավարարող բանկերի ցանկը համալրվել է եւս մեկով. ավելացել է Արմսվիսբանկը:
Այսպիսով, 2016թ. մարտի վերջի դրությամբ ԿԲ պահանջին բավարարում են հետեւյալ 7 բանկերը`Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Ինեկոբանկ եւ Արմսվիսբանկ:
Երեք բանկի (Հայբիզնեսբանկ, Պրոմեթեյ Բանկ եւ Արարատբանկ) նորմատիվային ընդհանուր կապիտալը գտնվում է համեմատաբար ապահով՝ 20-30 մլրդ դրամի սահմաններում, եւս 6 բանկինը (Յունիբանկ, Կոնվերս Բանկ, Մելլաթ Բանկ, Հայէկոնոմբանկ, Անելիք Բանկ եւ Արցախբանկ)՝ 10-20 մլրդ դրամի սահմաններում, իսկ 4 բանկի (Զարգացման Հայկական Բանկ, Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ, Բիբլոս Բանկ Արմենիա եւ ԲՏԱ Բանկ) նորմատիվային կապիտալը չի գերազանցում 10 մլրդ-ը:
Բանկերն ավելի շատ են վաստակել
Հայաստանյան բանկերը տարվա առաջին եռամսյակում արձանագրել են շուրջ 3,1 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 34,3%-ով գերազանցում է 2015թ. առաջին եռամյսակի ցուցանիշը:
Եռամսյակը շահույթով են փակել 16 առեւտրային բանկ, որոնց շահույթի ընդհանուր ցուցանիշը կազմել է 7,8 մլրդ դրամ, իսկ 4 բանկ կրել է վնաս՝ 4,7 մլրդ դրամի չափով:
Հատկանշական է, որ 2016թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել են ինչպես շահույթով աշխատած բանկերի շահույթը (9,2%), այնպես էլ վնասով աշխատածների վնասը (25,1%):
Շահույթի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկը 2016թ. առաջին եռամսյակում վաստակել է շուրջ 1 195,9 մլն դրամ, ինչը զիջում է նրա նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշը 18,7%-ով:
Մյուս առաջատար բանկը, ըստ շահույթի մեծության, Ինեկոբանկն է: Բանկի շահույթն այս տարվա առաջին եռամսյակին կազմել է 1 172,3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16%-ով:
Նրան հաջորդում են Արդշինբանկը` 1 126 մլն դրամ (աճ` 43,9%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`1 117,7 մլն դրամ (աճ` 42,6%) եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` 750 մլն դրամ (անկում` 55,2%) ցուցանիշով:
Ուշագրավ է, որ միայն հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 68,6%-ը:
Եռամսյակը վնասով են փակել Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբը` 2 950,1 մլն դրամ, Անելիք Բանկը` 1 545,7 մլն դրամ, Բիբլոս Բանկ Արմենիան` 178,2 մլն դրամ եւ ԲՏԱ Բանկը` 48,4 մլն դրամ:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2016թ. 1-ին եռամսյակի դրությամբ: Բանկերը դասավորված են` ըստ ակտիվների մեծության` ամենամեծից ամենափոքրը:
Վերլուծության մեջ առանձին ներկայացված չեն ՊրոԿրեդիտ Բանկի տվյալները, քանի որ, ինչպես Banks.am-ին հայտնել են Ինեկոբանկում, բանկի ցուցանիշներն արդեն իսկ ներառված են Ինեկոբանկի հաշվետվություններում, չնայած որ բանկերի միացման գործընթացը դեռեւս չի ավարտվել: Ինչ վերաբերում է միացման փուլում գտնվող ԲՏԱ Բանկին եւ Հայէկոնոմբանկին, ապա նրանց ցուցանիշները դեռեւս ներկայացվում են առանձին:
Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից:
ԲԱՆԿ | ԱԿՏԻՎՆԵՐ | ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼ (հաշվեկշռում ներկայացված) |
ՇԱՀՈՒՅԹ | ||||
հազ. դրամ | աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ | հազ. դրամ | աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ | հազ. դրամ | աճ/անկում` (%) 2015թ. վերջի համեմատ | հազ. դրամ | աճ/անկում` (%) 2015թ. 1-ին եռ. համեմատ | |
Ամերիաբանկ | 507 724 323 | -1,6 | 447 085 326 | -2,1 | 60 638 997 | +2,2 | 1 195 896 | -18,7 |
Արդշինբանկ | 461 150 846 | +15,1 | 411 278 461 | +16,8 | 49 872 385 | +2,8 | 1 126 038 | +43,9 |
ՎՏԲ-Հայաստան Բանկ | 314 770 669 | +1,5 | 272 743 190 | +1,3 | 42 027 479 | +2,7 | 1 193 | +100,1 |
Հայբիզնեսբանկ | 297 399 197 | -3 | 268 084 983 | -3,6 | 29 314 214 | +2,4 | 487 337 | +11,8 |
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ | 279 239 246 | +1,6 | 221 741 640 | +1,4 | 57 497 606 | +2,7 | 1 117 742 | +42,6 |
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան | 256 648 033 | -6,8 | 202 686 114 | -8,9 | 53 961 919 | +1,7 | 750 039 | -55,2 |
Ինեկոբանկ | 226 843 144 | -4,1 | 184 741 424 | -5,7 | 42 101 720 | +3,3 | 1 172 275 | +16 |
Յունիբանկ | 169 657 838 | +7 | 146 486 879 | +8 | 23 170 959 | +1,4 | 211 867 | -62,4 |
Կոնվերս Բանկ | 153 056 091 | -4,9 | 130 111 225 | -5,9 | 22 944 866 | +1 | 147 844 | -70,6 |
Արարատբանկ | 130 673 938 | -1 | 107 964 100 | -1,5 | 22 709 838 | +1,1 | 176 787 | -56,4 |
Հայէկոնոմբանկ | 108 180 299 | -0,6 | 88 496 671 | -9,5 | 19 683 628 | +78,4 | 104 495 | +283,1 |
Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ | 102 811 700 | +3,1 | 77 436 136 | +8,5 | 25 375 564 | -10,4 | -2 950 137 | -1980,8 |
Արցախբանկ | 96 084 465 | +1,5 | 84 248 869 | +1,4 | 11 835 596 | +2,4 | 286 456 | +106,8 |
Անելիք Բանկ | 90 518 029 | -1,5 | 74 827 601 | +0,3 | 15 690 428 | -9 | -1 545 701 | -164,9 |
Պրոմեթեյ Բանկ | 83 143 994 | +6,3 | 58 947 356 | +8,7 | 24 196 638 | +0,9 | 96 645 | -62,7 |
Արմսվիսբանկ | 81 768 442 | -4,1 | 60 823 053 | -9,2 | 20 945 389 | +14,8 | 740 177 | +104,2 |
Զարգացման Հայկական Բանկ | 70 149 236 | -2,7 | 59 459 238 | -3,4 | 10 689 998 | +1,2 | 122 009 | +170 |
Բիբլոս Բանկ Արմենիա | 36 256 043 | -8,8 | 30 983 245 | -9,7 | 5 272 798 | -2,5 | -178 188 | -1,4 |
Մելլաթ Բանկ | 29 673 816 | +0,9 | 10 322 900 | +1,8 | 19 350 916 | +0,4 | 83 787 | -46,9 |
ԲՏԱ Բանկ | 12 040 143 | -19,8 | 6 736 471 | -30,2 | 5 303 672 | -1 | -48 409 | -90,9 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 3 507 789 492 | -0,9 | 2 945 204 882 | -1,3 | 562 584 610 | +1,3 | 3 098 152 | +34,3 |
Սիրանուշ Սիմոնյան
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: