Բանկային կապիտալիզացիան՝ 2017-ին ընդառաջ
18.03.2016 | 00:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ http://dm-investment.ru/

Կապիտալի համալրման եւ բանկերի խոշորացման հարցը շարունակում է մնալ ՀՀ բանկային համակարգի առավել քննարկվող եւ զգայուն թեման: Մնացել են հաշված ամիսներ, երբ ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու որոշումը, ինչն էականորեն կփոխի ՀՀ բանկային համակարգի պատկերը:
Հաշվի առնելով հարցի արդիականությունը՝ Banks.am-ը փորձել է հասկանալ՝ որոնք են նորմատիվային ընդհանուր կապիտալի առանձնահատկությունները եւ ինչով է այն տարբերվում հաշվեկշռում արտացոլված կապիտալից:
Բանկային կապիտալի մասին
Ընդհանուր կապիտալը՝ բանկի հիմնական եւ լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթն ու գլխավոր պահուստը, իսկ լրացուցիչ կապիտալը հիմնականում բաղկացած է վերագնահատման որոշ պահուստներից:
Բանկերի ընդհանուր կապիտալի ցուցանիշն արտացոլվում է նրանց կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվություններում: Միաժամանակ, ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ բանկերը հրապարակում են իրենց հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացվում է ընդհանուր կապիտալի մեկ այլ ցուցանիշ՝ նորմատիվային ընդհանուր կապիտալը: Այն որոշակիորեն տարբերվում է հաշվեկշռում ներկայացվող կապիտալի ցուցանիշից՝ պայմանավորված դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններով:
Բանկերի հաշվեկշռում ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկվում է՝ համաձայն Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS): Մինչդեռ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի պահանջների կատարման տեսանկյունից հաշվարկին մասնակցող տարրերի կազմը եւ բուն հաշվարկը կատարվում է ՀՀ ԿԲ խորհրդի հաստատած «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանած հատուկ մեթոդաբանությամբ:
Այսպիսով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն պահանջի վերանայման որոշումը վերաբերում է նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշին:
Ինչպե՞ս է հաշվարկվում նորմատիվը
Նախեւառաջ, ԿԲ չափանիշներով՝ չբաշխված շահույթը նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է բանկի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150%-ի չափով, իսկ գերազանցող մասը դուրս է մնում հաշվարկներից, ինչն առաջացնում է տարբերություն նորմատիվային եւ հաշվեկշռային ցուցանիշների միջեւ:
Այնուհետեւ, բանկի հիմնական կապիտալի մեծությունից կատարվում են մի շարք պակասեցումներ: Ամենաէականը, թերեւս, բանկի սեփականությունը հանդիսացող եւ բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, ինչպես նաեւ դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի պակասեցումն է դրանց՝ բանկի սեփականությունը դառնալու օրվանից 6 ամիս հետո:
Քանի որ գրեթե բոլոր բանկերում գրավների բռնագանձման արդյունքում առկա են լինում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվներ, ինչպիսիք են՝ հողամասեր, շենք/շինություններ, արտադրական տարածքներ, բնակարաններ, առանձնատներ, սարքավորումներ, հոսքագծեր եւ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի իրացումը բանկի սեփականությունը դառնալու օրվանից 6 ամսվա ընթացքում քիչ հավանական է, ապա դժվար չէ կռահել, որ բանկերի ընդհանուր կապիտալից պակասեցվում են հսկայածավալ գումարներ:
Բացի այդ, բանկի հիմնական կապիտալից պակասեցնումներ են կատարվում այլ ուղղություններով, մասնավորապես.
- Բանկի սեփականությունը հանդիսացող եւ բանկի գործունեության համար օգտագործվող շենքերի եւ շինությունների արժեքի` բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25% գերազանցող գումարը,
- Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով եւ մի շարք այլ պակասեցումներ:
Ուշագրավ է, որ բանկի ներգրաված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները՝ չնայած բնույթով պարտավորություն լինելուն, փոխառության մարման ժամկետից կախված, ամբողջությամբ կամ մասամբ ներառվում են ընդհանուր կապիտալի հաշվարկում՝ բանկի լրացուցիչ կապիտալի կազմում: Այս գործիքի գրավչությունն այն է, որ ստորադաս փոխառություն կարելի է ներգրավել նաեւ ազատ փոխարկելի արտարժույթներով, ինչը թույլ է տալիս մեծացնել նորմատիվային կապիտալի ցուցանիշը արտարժութային միջոցներով՝ առանց փոխարկելու ՀՀ դրամի, իսկ ընդհանուր կապիտալի մյուս բոլոր տարրերը, այդ թվում՝ կանոնադրական հիմնադրամը, համալրվում են բացառապես ՀՀ դրամով:
Այնուամենայնիվ, լրացուցիչ կապիտալը նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է արդեն պակասեցված հիմնական կապիտալի՝ 2016-ին՝ առավելագույնը 40%-ի, 2017-ին՝ 30%-ի, իսկ 2018-ից սկսած՝ 20%-ի չափով:
Արդյունքում՝ բանկի նորմատիվային կապիտալի մեծությունն իրենից ներկայացնում է արդեն իսկ էականորեն պակասեցված հիմնական կապիտալի եւ վերջինիս՝ առավելագույնը 40%-ը կազմող լրացուցիչ կապիտալի հանրագումարը:
Զարգացումներ
ՀՀ բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նկատմամբ ԿԲ նոր պահանջն ուժի մեջ կմտնի արդեն 2017-ին, եւ ոլորտի փորձագետների կարծիքով՝ մինչ այդ առեւտրային բանկերից շուկայում կարող են մնալ առավելագույնը 16-ը:
Հիշեցնենք, որ 2015-ից ի վեր ՀՀ բանկային համակարգում տեղի է ունեցել կոնսոլիդացիայի երկու գործարք. Ինեկոբանկը գնել է ՊրոԿրեդիտ Բանկի 100% բաժնետոմսերը, կնքվել է Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը: Ընդ որում, երկու դեպքում էլ գործընթացը, կարծես, թեւակոխել է վերջնական փուլ՝ չնայած որ բանկերի ցուցանիշներում այն դեռեւս լիովին չի արտացոլվել: Մասնավորապես, Հայէկոնոմբանկից Banks.am-ին հայտնեցին, որ բանկի հաշվետվությունները դեռեւս չեն ներառում ԲՏԱ Բանկի ցուցանիշները: Իսկ Ինեկոբանկում նշեցին, որ ՊրոԿրեդիտ Բանկի գնման գործարքն արտացոլվել է բանկի հաշվետվությունում` համախմբված հաշվեկշիռի տեսքով, սակայն բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը չի ներառում ՊրոԿրեդիտ Բանկի ցուցանիշը:
Բացի այդ, որոշ բանկեր համալրել են իրենց ընդհանուր կապիտալը բաժնետերերի, այդ թվում՝ նոր բաժնետերերի կատարած ներդրումների եւ բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման միջոցով:
Ընդհանուր առմամբ, 2015թ. վերջի դրությամբ՝ ԿԲ նոր պահանջին բավարարում է 6 բանկ՝ Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան եւ Ինեկոբանկ: Երեք բանկի (Հայբիզնեսբանկ, Պրոմեթեյ Բանկ եւ Արարատբանկ) ընդհանուր նորմատիվային կապիտալը գտնվում է համեմատաբար ապահով՝ 20-30 մլրդ դրամի սահմաններում, եւս 9 բանկինը՝ 10-20 մլրդ դրամի սահմաններում, իսկ 3 բանկի նորմատիվային կապիտալը չի գերազանցում 10 մլրդը (տե՛ս աղյուսակը):
Բանկային հատվածում իրավիճակը ներկայացնելու նպատակով Banks.am-ը համախմբել է բոլոր՝ 21 առեւտրային բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշները՝ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Դիտարկումներում ներառվել են նաեւ ՊրոԿրեդիտ Բանկն ու ԲՏԱ Բանկը:
Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից: Բանկերը դասավորված են՝ ըստ նորմատիվային ընդհանուր կապիտալի չափի՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը: Համեմատության համար ներկայացվել են նաեւ բանկերի ընդհանուր կապիտալի հաշվեկշռային ցուցանիշները:
Բանկերի թիվը | N | Բանկի անվանում | Ընդհանուր կապիտալ (հաշվեկշռում ներկայացված, հազ. դրամ) | Նորմատիվային ընդհանուր կապիտալ (հազ. դրամ) |
ԿԲ նոր պահանջը գերազանցող/զիջող մասը (հազ. դրամ) |
6 | 1 | Ամերիաբանկ | 59 323 535 | 60 489 124 | +30 489 124 |
2 | Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ | 55 976 790 | 42 949 375 | +12 949 375 | |
3 | ՎՏԲ-Հայաստան Բանկ | 46 003 125 | 41 706 654 | +11 706 654 | |
4 | Արդշինբանկ | 50 017 815 | 39 879 809 | +9 879 809 | |
5 | Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան | 53 036 352 | 38 086 144 | +8 086 144 | |
6 | Ինեկոբանկ | 40 722 945 | 30 850 951 | +850 951 | |
3 | 7 | Հայբիզնեսբանկ | 28 620 952 | 26 275 111 | -3 724 889 |
8 | Պրոմեթեյ Բանկ | 23 986 474 | 23 065 971 | -6 934 029 | |
9 | Արարատբանկ | 22 483 295 | 21 232 260 | -8 767 740 | |
9 | 10 | Արմսվիսբանկ | 18 329 926 | 19 024 369 | -10 975 631 |
11 | Կոնվերս Բանկ | 22 714 026 | 18 283 774 | -11 716 226 | |
12 | Յունիբանկ | 22 843 830 | 17 998 001 | -12 001 999 | |
13 | Մելլաթ Բանկ | 19 269 887 | 17 025 419 | -12 974 581 | |
14 | Հայէկոնոմբանկ | 11 033 294 | 13 271 388 | -16 728 612 | |
15 | Անելիք Բանկ | 17 236 129 | 11 123 385 | -18 876 615 | |
16 | ՊրոԿրեդիտ Բանկ | 9 200 796 | 11 025 769 | -18 974 231 | |
17 | Արցախբանկ | 11 556 584 | 10 431 159 | -19 568 841 | |
18 | Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ | 28 325 580 | 10 151 271 | -19 848 729 | |
3 | 19 | Զարգացման Հայկական Բանկ | 10 567 989 | 8 323 992 | -21 676 008 |
20 | Բիբլոս Բանկ Արմենիա | 5 408 339 | 7 959 522 | -22 040 478 | |
21 | ԲՏԱ Բանկ | 5 294 303 | 5 431 611 | -24 568 389 |
Նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկման բավականին խիստ պահանջների պատճառով, սովորաբար, բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշը լինում է հաշվեկշռային ընդհանուր կապիտալի ցուցանիշից ցածր՝ մեծ մասամբ պայմանավորված բանկերի հիմնական կապիտալից կատարվող պակասեցումներով, ինչպես նաեւ IFRS-ի համաձայն հրապարակվող զուտ շահույթի մեծության եւ ՀՀ օրենսդրությամբ որոշվող հարկվող շահույթի անհամապատասխանությամբ: Սակայն եթե բանկն ունի ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ, չնայած կատարվող պակասեցումներին՝ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը կարող է եւ գերազանցել ընդհանուր կապիտալի հաշվեկշռային ցուցանիշը:
Սիրանուշ Սիմոնյան
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: