Արցախում մեկնարկել են սեւ խավիարի արտադրամասի շինարարական աշխատանքները

29.10.2014 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում սփյուռքի ներդրումներով եւ գերմանացի մասնագետների օժանդակությամբ շուտով կմեկնարկի սեւ խավիարի արտադրություն, որից  նախատեսվում է նաեւ արտահանում:

Արցախի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին այցելել է սահմանամերձ Մատաղիս համայնք, որտեղ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է սեւ խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը:

Կառուցվող ձկնաբուծարանի  շուրջ 350 ջրավազաններում նախատեսվում է, որ  շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:  Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Արցախի վարչապետը կարեւորել է ծրագրի`  սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը:

Նշենք, որ վարչապետի նախապես կատարած հայտարարության համաձայն, սեւ խավիարի առաջին խմբաքանակն Արցախից կարտահանվի մոտ չորս տարի հետ, իսկ յոթ տարի անց տարեկան կարտադրվի երեսուն տոննա սեւ խավիար` Արցախը դարձնելով այդ  շուկայի խոշոր արտահանողներից մեկը:

Մեդիամաքս-ի թղթակիցը եւս օրեր առաջ եղել է Մատաղիսի սեւ խավիարի արտադրամասի շինհրապարակում եւ ծրագրի մասին զրուցել համայնքի ղեկավարի հետ:

Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի փոխանցմամբ, սպասվում է բավական լուրջ արտադրություն, որն իր հետ նոր աշխատատեղեր կբացի` նպաստելով սահմանամերձ համայնքի զարգացմանը:

«Նախնական տվյալներով ձկնաբուծարանում կլինի 50-60 աշխատատեղ, որից 30-40-ը նախատեսված են  երիտասարդ կանանց համար: Մատաղիսում հիմնականում կանայք ունեն գործազրկության խնդիր: Աշխատավարձի ակնկալիքը եւս մեծ է»,-ասել է համայնքի ղեկավարը եւ նշել, որ վարչապետի հետ ունեցած պայմանավորվածության  համաձայն, համայնքի շատ բնակիչներ անհրաժեշտության դեպքում վերապատրաստման փուլ կանցնեն` արտադրամասում աշխատելու համար:

«Ներդրողը  վստահեցնում է, որ այստեղ Կասպից ծովի արտադրանքից ավելին է լինելու:  Ներդրումային ծրագրի արժեքը $ 30 մլն է»,-ասել է Զավեն Ավանեսյանը:

Նա նշել է, որ արտադրամասի տարածքի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 10 օր առաջ, որի ընթացքում արվել է մեծաքանակ հողաշինարարական աշխատանքներ, տարածքի հարթեցում: Նախատեսվում է մինչ նոյեմբերի 20-նն ավարտին հասցնել առաջին փուլը, որի արդյունքում պատրաստ կլինի 1250 քմ տարածքով շենքը, ավատված կլինեն նաեւ բետոնային հարթեցման աշխատանքները:

Արտադրամասը կառուցվում է  Մատաղիսի ջրամբարին կից տարածքում, որտեղից վայրկյանում 80 խմ արագությամբ ջուր կմատակարարվի արտադրության համար:  

Հարցին, թե ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի արտադրության ժամանակ` մեր զրուցակիցը դժվարացել է  պատասխանել, փոխարենը նշել է, որ լաբորատոր հետազոտության արդյունքում, անգամ ամենակեղտոտ ժամանակաշրջանում,  ջուրը համապատասխանում է նախատեսվող արտադրության համար:

Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Դիտում՝ 5280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW