Այսօր առավոտյան Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել EY298 չվերթով ժամանած ինքնաթիռը՝ մեկնարկ տալով «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության նոր` շաբաթական 4 անգամ Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ ուղեւորափոխադրումներին: Հայաստանը Հարավային Կովկասում առաջին պետությունն է, որտեղ «Էթիհադ Էյրվեյզը» ավիափոխադրումներ է իրականացնելու: Աբու Դաբի-Երեւան նոր երթուղին սպասարկվելու է երկրորդ դասի «A320 Էյրբաս» օդանավով , որը նախատեսված է 136 ուղեւորների համար (բիզնես-դասի 16 եւ էկոնոմ-դասի 120 ուղեւորների համար): Այսպիսով, ուղեւորափոխադրումների շաբաթական ծավալը հասնելու է 1088-ի: «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերը նշել է, որ իրենց կարեւորագույն գործառույթներից է լինելու Հայաստանը զբոսաշրջիկներին գրավիչ ձեւով ներկայացնելը: «Աշխարհի բազմաթիվ երկրներում աշխատում ենք զբոսաշրջային ընկերությունների հետ, փորձելով հատուկ ծրագրեր մշակել, որոնք կօգնեն Հայաստանը գրավիչ դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների համար»,- ասել է Ջեյմս Մյուլերը:«Հայաստանի կառավարության կողմից ներդրված «բաց երկնքի» քաղաքականության արդյունքներն արդեն տեսանելի են: Ուրախ ենք, որ «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել դեպի Երեւան, եւ վստահ ենք, որ դա կնպաստի Հայաստանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը` խթանելով տնտեսական եւ առեւտրային կապերը Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ: «Էթիհադ Էյրվեյզը» կապված է աշխարհի գլոբալ շուկաների հետ, եւ հուսով ենք, որ նրա մուտքով մեր երկիր այդ շուկաները եւս ավելի հասանելի կդառնան Հայաստանի համար»,- իր հերթին նշել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: «Էթիհադ Էյրվեյզը» սկսել է գործել 2003 թ-ին: Անցած տարի ընկերությունը փոխադրել է 11.5 մլն ուղեւորների: Աբու Դաբիում գտնվող իր բազայից ավիաընկերությունը կատարում է թռիչքներ 103 ուղղություններով՝ դեպի Մերձավոր Արեւելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա եւ Ամերիկա: «Էթիհադ Էյրվեյզը» ունի «Էյրբաս» եւ «Բոինգ» մակնիշների 102 օդանավ: Tweet Դիտում՝ 2401