Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) 300 մլն ՀՀ դրամի (մոտ 0.5 մլն եվրո) հավելյալ կապիտալ է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի դուստր ձեռնարկության` «Փոքր եւ Միջին Բիզնեսի Վարկավորման Աջակցություն» ՓԲԸ-ից, ինչը թույլ կտա ամրապնդել ՀՀ արժույթի կիրառելիության հնարավորությունը:Այս ներդրմամբ «Փոքր եւ Միջին Բիզնեսի Վարկավորման Աջակցություն» ՓԲԸ-ի կողմից Հիմնադրամին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1.5 մլրդ ՀՀ դրամի (մոտ 2.6 մլն եվրո): «Փոքր եւ Միջին Բիզնեսի Վարկավորման Աջակցություն» ՓԲԸ-ն ստեղծվել է EFSE-ի հետ համագործակցության շրջանակում 2011թ. դեկտեմբերին` որպես առանձին ներդրումային պատուհան, երբ հայկական կողմը 875 մլն դրամ ներդրեց տեղական արժույթով միկրո եւ փոքր բիզնեսների վարկավորման աջակցության եւ խթանման նպատակով: 2014թ. երկրորդ եռամսյակում EFSE-ն կունենա 43.9 մլն եվրո շրջանառվող ներդրումներ Հայաստանում: Անցյալ տարվա տարեվերջի համեմատ աճը կազմել է 11.7 %: «Հայաստանի Կենտրոնական բանկում մենք գտել ենք պատասխանատու ֆինանսավորման հզոր խթան: Նորարարական եւ արդյունավետ միջոցներով ԿԲ-ն նպաստում է ՓՄՁ-ների համար տեղական արժույթի ֆինանսավորմանը` այդպիսով մեղմացնելով արտարժույթի ռիսկերը»,- ասել է EFSE-ի խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը` հավելելով, որ իրենք ողջունում են այդ լրացուցիչ ներդրումը` որպես EFSE-ում վստահության եւ Հայաստանի բանկային ոլորտի կայունության եւ հետագա համագործակցության նշան: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, երկարաժամկետ ֆինանսավորմանը նպաստող տարբեր հնարավորությունները վարկավորող կազմակերպություններին թույլ կտան ավելի լավ ծառայել ՓՄՁ-ների ֆինանսական կարիքների բարելավման ուղղությամբ` օգնելով նրանց աճել, ստեղծել լրացուցիչ եկամուտ, աշխատատեղեր, եւ խթանել երկրի տնտեսական զարգացմանը:«Մենք ուրախ ենք տեսնել, որ EFSE-ի պորտֆելը շարունակաբար աճում է թե արժեքային, եւ թե գործընկեր ֆինանսական ընկերությունների քանակի տեսանկյունից` դառնալով ՓՄՁ-ների ֆինանսավորման կարեւոր աղբյուրներից մեկը: Հուսով ենք, EFSE-ն իր կողմից կավելացնի կատարված ներդրումները եւ կնպաստի Հայաստանում տեղական արժույթով վարկավորման հետագա աճին: Կենտրոնական բանկի դուստր ձեռնարկության հետագա ներդրումները EFSE-ի կապիտալում հնարավորություն կտան Հայաստանի վարկային կազմակերպություններին ստանալ հավելյալ ֆինանսական աջակցություն` ՓՄՁ-ների ֆինանսավորման համար նախատեսված EFSE-ի տեղական արժութային պատուհանով»,- ասել է ԿԲ նախագահը` հույս հայտնելով, որ EFSE-ն, իր հերթին, կավելացնի ներդրված ֆինանսական միջոցները եւ կհամագործակցի Հայաստանում տեղական արժույթով իր ներդրումների հետագա աճի խթանման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 1542