Ստորագրվել է երկրորդ ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը

04.04.2014 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության եւ «Էյ ջեյ էյ» ՓԲԸ-ն այսօր կնքել են պայմանագիր ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պայմանագրի կնքումից հետո ասել է, որ սա Հայաստանի տարածքում երկրորդ ազատ տնտեսական գոտին է լինելու, որտեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում:

«Մենք ակնկալում ենք, որ այս ազատ տնտեսական գոտու ստեղծումը, շահագործումը հանգեցնելու է ոլորտում էական փոփոխությունների»,- ասել է նախարարը, նշելով, որ ոսկերչությունն այսօր Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից մեկն է:

Ըստ պայմանագրի, «Էյ ջեյ էյ» ընկերությունն իրականացնելու է $10,72 մլն-ի ներդրումներ, կստեղծի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Երկրորդ ազատ տնտեսական գոտին կգործարկվի 2015 թվականին:

«Էյ ջեյ էյ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտին նախատեսում է համագործակցել 120 ընկերությունների հետ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից: Ընկերությունը հայտեր է ստացել նաեւ Հնդկաստանից, Եգիպտոսից, Իսրայելից եւ այլն:

«Մենք մտադիր ենք ստեղծել մի հզոր ոսկերչական կենտրոն՝ համապատասխանեցնելով ոսկերչության ոլորտը համաշխարհային մակարդակի»,- ասել է Արտակ Ուդումյանը՝ նշելով, որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Դիտում՝ 5536

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW