Մրցունակության զեկույցը բացահայտել է տնտեսական աճի հիմնական 4 խոչընդոտները

04.03.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր կայացել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի իրականացրած՝ Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը, որը միտված է բացահայտելու տնտեսական աճի հրամայականը, երկարատեւ եւ կայուն աճը զսպող սահմանափակումները:  

Զեկույցը կազմող հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի փոխանցմամբ, փաստաթղթում վեր են հանվել 4 հիմնական սահմանափակումներ, որոնք չվերացնելու դեպքում այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն ապարդյուն կլինեն:

Սահմանափակումների թվում նշվում են կապիտալի ցածր որակը, անկատար մրցակցային միջավայրը, հնարավորությունների բացահայտման պակասն ու միաչափ ֆինանսական համակարգը:

«Մեզանում աճի հիմնական խոչընդոտներից մեկը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է: Տնտեսությունում աճը սպասարկելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ եւ դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ»,- ասել է Մանուկ Հերգնյանը եւ նշել, որ ֆինանսական համակարգի միասեռ լինելն  ու դիվերսիֆիկացված գործիքների բացակայությունը հիմնական խոչընդոտ են նաեւ ներդրումների համար:

Հետազոտության արդյունքների համաձայն, ֆինանսական համակարգի անհամասեռությունը պայմանավորված է բանկային ոլորտի ճնշող գերակայությամբ: Զեկույցում նշվում է , որ մեզանում բավական ցածր է խնայողությունների մակարդակը, որը հիմնականում կարճաժամկետ է, իսկ բիզնես միջավայրի անարդար մրցակցությունը հանգեցնում է բիզնես խմբերի գերակայության` հանդիսանալով առանցքային սահմանափակում ձեռներեցության համար:

Խոչընդոտներից զատ զեկույցում նշվում են նաեւ դրանց վերացմանն ուղված պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում անհրաժեշտ օրակարգային լուծումները` գործունեության արդար դաշտի ստեղծում, արդյունաբերական քաղաքականության իրականացում, խոշոր ներդրումներ կրթության բնագավառում եւ ֆինանսական համակարգի զարգացում:

Շնորհանդեսին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը էական ազդեցություն է ունենում կառավարության տնտեսական քաղաքականության ձեւավորման վրա:

«Այն չորս կարեւոր խոչընդոտները, որ բացահայտվել են զեկույցում որպես առաջնահերթություն, արժանի են ուշադրության»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Կարեւոր խնդիրներից խոսելով`նա առանձնացրել է ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, որոնք կուղղվեն ՓՄՁ-ների զարգացմանն ու կնպաստեն միջին խավի ձեւավորմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցելու է բիզնեսին վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, եւ հույս հայտնել, որ շնորհանդեսին հաջորդող բանավեճի արդյունքում խոչընդոտների վերացման ուղիներն ավելի հստակ կլինեն:

Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը հրապարակվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով:




Դիտում՝ 2086
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW