ՀՀ-ում ֆինարբիտրաժի գործունեությունը բարեփոխման կարիք ունի

13.07.2013 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հուլիսի 12-ին հրավիրվել էր կլոր սեղան, որին մասնակցում էին ՀՀ բանկերի միության նախագահը, բանկերի կառավարիչներ, Ֆինանսական արբիտրաժի նախագահը, Ազգային ժողովի եւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաեւ ոլորտի այլ մասնագետներ:
 
«Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են  Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու եւ ներկայացնելու բանկերի շահերը: Հետեւաբար, երբ մարդիկ բանկերի հետ խնդիր ունենալիս իրենց վեճերը ստիպված են լուծել հիմնականում այդ ֆինանսական արբիտրաժի միջոցով, առավել քան կարեւոր է դրա անաչառ եւ անկողմնակալ աշխատանքը, իսկ դա էլ  իր հերթին հնարավոր է միայն, երբ արբիտրների ցանկը եւ ընտրության կարգը վստահություն ներշնչեն հանրությանը», - ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
 
Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը ողջունել է Պաշտպանի նախաձեռնությունը նման քննարկում կազմակերպելու հարցում` նշելով, որ Ֆինանսական արբիտրաժը հանդիսանում է ամենաարդյունավետ միջոցը բանկի եւ հաճախորդի միջեւ հնարավոր վեճերի լուծման համար:

Սամվել Ճզմաչյանն ասել է, որ այն ունի իր գործունեությունը կատարելագործելու կարիք` միության անունից պատրաստակամություն հայտնելով քննարկել հարցի լուծմանն ուղղված առաջարկությունները:
 
Քննարկման արդյունքում պարզվել է, որ Ֆինանսական արբիտրաժի կանոնադրությունում հստակ նշված է, որ միայն ՀԲՄ խորհուրդն է հաստատում արբիտրների անվանացուցակը: Ներկայումս այդ ցուցակում ներառված են 8 արբիտրներ եւ վիճող կողմերը միայն այդ ցուցակից կարող են ընտրություն կատարել, մինչդեռ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքը, ինչպես նաեւ Նյու Յորքի կոնվենցիան եւ միջազգային այլ փաստաթղթեր ամրագրել են արբիտրաժային վեճի արբիտր ընտրելու կողմերի ազատության իրավունքը:

Նման սահմանափակումը եւ նոր արբիտրների ընդգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը, ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
 
Հանդիպման ավարտին մասնակիցները համաձայնվել են, որ նպատակահարմար է ընդլայնել արբիտրների անվանացուցակը, առաջիկայում մշակել ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կոնկրետ փոփոխությունների առաջարկություններ:
 

Դիտում՝ 1391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW