ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Չարենցավանի ASCE GROUP գործարան, որի վերազինումը կատարվում է գերմանական Siemens-ի կողմից, հայտնել են կառավարությունում:Գործարանի նախագծում իրականացվել է մոտ $30 մլն-ի ներդրում: Այն զբաղվելու է ամրանների արտադրությամբ: Վերազինման աշխատանքների արդյունքում ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել մոտ 125 հազ. տ 8-32մմ տրամագծով ամրաններ, որի մոտ 30% նախատեսվում է արտահանել: Վերազինման աշխատանքները կավարտվեն 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 350 նոր աշխատատեղեր՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում շարունակվում են անհրաժեշտ ապրանքների ներմուծման եւ տեղադրման աշխատանքները:ՀՀ կառավարության որոշմամբ ASCE GROUP -ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը հետաձգվել էր 3 տարով: Վարչապետը եղել է նաեւ պողպատե, թուջե եւ ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում մասնագիտացած «Ձուլակենտրոն» գործարանում, որը ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար:2012թ. ընկերությունը թողարկել է 4.15 մլրդ դրամի արտադրանք` մոտ 50 տոկոսով գերազանցելով 2011թ. ցուցանիշը: 2013թ. մարտի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 710 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմելով 17 տոկոս: Իրացվել է 925 մլն դրամի արտադրանք (աճը` 57.5 տոկոս)՝ ամբողջովին ներքին շուկայում: Ընկերությունում աշխատում է 325 մարդ: Tweet Դիտում՝ 3514