Տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին աճել է 8%-ով

20.03.2013 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 8%-ով:
 
Հունվարի հետ համեմատ փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3.8%-ով, իսկ 2012թ. փետրվարի հետ համեմատ՝ 6.9%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:

Ս.թ. հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 188 մլրդ 641,7 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 16%-ով:  

Առեւտրի շրջանառությունն աճել է 6,7%-ով (258 մլրդ 3,4 մլն), ծառայությունների ծավալը` 7.8%-ով (146 մլրդ 76,5 մլն):

2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,2%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (36 մլրդ 37,9 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 8%-ի անկում (18 մլրդ 32,8 մլն), թեեւ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ անկումը ոլորտում կազմել է ընդամենը 0,4%:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-փետրվարին աճել է 0,7%-ով եւ կազմել 1542 մլն կՎտ.ժ:

Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-փետրվարի հետ համեմատ աճել են համապատասխանաբար 2,8 եւ 9,8%-ով:

2013-ի հունվար-փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2%-ով եւ կազմել 138 799 դրամ ($341):

2013-ի հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $887,2 մլն կամ 360.8 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելանալով  14%-ով:

Արտահանման ծավալը հունվար-փետրվարին աճել է 30,4%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 98,2 մլրդ դրամ կամ $241.3 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8.9%-ով եւ կազմել 262,6 մլրդ դրամ կամ $645.9 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2013-ի հունվար-փետրվարին կազմել է 164.4 մլրդ դրամ կամ $404.6 մլն:

Դիտում՝ 1454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW