Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն այսօր այցելել են Երեւանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության հրապարակ» եւ «Երիտասարդական» կայարաններ եւ ծանոթացել են վերակառուցման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ի, ԵՄ եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի առաջին փուլի ընթացքում 2010 թ.-ին հատկացված 15 միլիոն եվրո ներդրումն օգնել է բարելավել մետրոյի անվտանգությունը, էներգետիկ արդյունավետությունը: «Ներդրումների շնորհիվ իրականացվել է մետրոյի շարժակազմերի վերանորոգում: Ամբողջությամբ փոխարինվել են 35 կմ բարձրավոլտ մալուխները, արդիականացվել են պոմպակայանները: Այսօր կարող ենք ասել, որ ծրագրի առաջին փուլը 70 %-ով կատարված է»,- ասել է մետրոպոլիտենի տնօրենը: Նա տեղեկացրել է, որ այս ծրագրով մետրոյի նոր կայարանների հիմնում չի նախատեսվում: Փայլակ Յայլոյանը նաեւ հավելել է, որ ծրագրի առաջին փուլում միջոցների արդյունավետ օգտագործման եւ տնտեսման շնորհիվ հաջողվել է արդիականացնել 10 վագոն: Մետրոյի աշխատանքի բարելավումը շարունակելու նպատակով ծրագրի երկրորդ փուլը, լրացուցիչ 15 միլիոն եվրո ներդրմամբ, մեկնարկել է այս տարվա օգոստոսին: ՎԶԵԲ-ը 5 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրել, որը մինչեւ 2012 թ.-ի վերջը համաֆինանսավորելու է ԵՆԲ-ի 5 միլիոն վարկային տրանշով եւ ԵՄ-ի Հարեւանության ներդրումային գործիքի կողմից տրամադրվող 5 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհով: Տրայան Հրիստեան նշել է, որ մետրոյում իրականացված աշխատանքների արդյունքները շոշափելի են:«Դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի քաղաքացիները տեսնեն ծրագրի արդյունքը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է մշակել համակարգված տրանսպորտային ռազմավարություն, որը կմիացնի մետրոն այլ տրանսպորտային միջոցների, մասնավորապես ավտոբուսային կանգառներ հետ»,- ասել է ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության ղեկավարը: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը գոհունակությամբ նշել է, որ մետրոպոլիտենին հաջողվել է բավականին լուրջ խնայողություններ անել ծրագրի շնորհիվ:«Կարող եմ ասել, որ սա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանում իրականացված լավագույն ծրագրերից է»,- ասել է Վալերիու Ռազլոգը: Tweet Դիտում՝ 6647