Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է այսօր թեթեւ արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող «Տոսպ» ընկերության գործունեությանը: Խորհրդային տարիներին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդը հանդիսացող «Տոսպ»-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց եւ մանկական հագուստի տարբեր տեսակներ:Ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, Ամերիկա, ԱՊՀ երկրներ: Թեեւ ներկայում այն հիմնականում իրացվում է ներքին շուկայում, այդուհանդերձ, 2012 թվականին ընկերության արտադրանքի մոտ 20 տոկոսն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն եւ Սլովենիա: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 %-ով` կազմելով 39,1 մլն դրամ:Ընկերությունը, որտեղ այժմ աշխատում է 155 մարդ, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է բարձր տեմպերով՝ թողարկելով, համապատասխանաբար, 27,7 եւ 43,2 մլն դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արտադրանքի ծավալների աճը կազմել է, համապատասխանաբար, 54 եւ 56 %: Tweet Դիտում՝ 2967