Երեւան/Մեդիամաքս/. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը հոկտեմբերի 24-ին կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում: Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկերները` Արարատբանկը, Յունիբանկը, Հայբիզնեսբանկը եւ Գուդ Կրեդիտ ՈՒՎԿ-ն, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր եւ միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտներ, ինչպես նաեւ վկայագրեր կշնորհվեն վերջերս վերապատրաստված ավելի քան 60 վարկային մասնագետների:«Ի-Դի-Էմ-Սի» հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության եւ եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում եւ զբոսաշրջություն) զարգացումը: Tweet Դիտում՝ 2240