ՓՄՁ ԶԱԿ-ը 10 տարիների ընթացքում աջակցել է մոտ 50 հազ. ձեռնարկությունների

25.04.2012 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) իր գործունեության 10 տարիների ընթացքում երկրի ողջ տարածքում աջակցել է մոտ 50 հազ. ձեռնարկությունների:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասվել է ՓՄՁ ԶԱԿ գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, որտեղ ներկայացվել են կենտրոնի գործունեության արդյունքները, գործարարների հաջողված պատմությունները եւ ստորագրվել հուշագրեր միջազգային կառույցների հետ:

ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանն ասել է, որ Կենտրոնն իր գործունեությունը շարունակելու է աջակցության 6 ծրագրերով` կրթական, տեղեկատվական, ֆինանսավորման, համայնքների տնտեսական զարգացման, արդյունաբերական համակարգերի զարգացման եւ միջազգային կառույցների հետ համագործակցության:

Նա նշել է, որ նպատակ ունեն մատչելի վարկավորման միջոցով սկսնակ ձեռնարկությունների աջակցության ծրագրով ստեղծել 60 նոր ձեռնարկություն, շարունակել անմիջապես գործարարներից բիզնեսի խնդիրների մասին տեղեկատվության հավաքագրումը եւ համապատասխան ատյաններին տրամադրումը, արդյունաբերող մեծ ձեռնարկությունների շուրջ հումք մատակարարող փոքր ընկերությունների ստեղծումը եւ այլն:

Միջոցառմանը մասնակցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր շնորհավորական խոսքում ասաց, որ “փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը միշտ մնալու է կառավարության ուշադրության կենտրոնում”:

“Միշտ չէ, որ կարողանում ենք անել այն ամենը, ինչ ակնկալում են գործարարները, սակայն մեր առանձնահատուկ ուշադրության դրսեւորումները տեսանելի են: 2008թ. երկրի հակաճգնաժամային առաջին միջոցառումներն ուղղվեցին ՓՄՁ-ին, երբ Համաշխարհային բանկի $50 մլն-ի միջոցները բանկերի միջոցով տրամադրվեցին ՓՄՁ վարկավորման խնդիրներին, իսկ պետական ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով նրանց են ուղղվել 6 մլրդ դրամի միջոցներ: Կառավարության մյուս միջոցառումներն էլ ուղղված են եղել օրենսդրական դաշտի բարելավմանը, հարկային եւ մաքսային վարչարարության նվազեցմանը, ձեռնարկությունների ենթակառուցվածքների ձեւավորմանը”,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է “Սեւծովյան ավազանի առեւտրային ցանց” ծրագիրը, որն իրականցվում է Ռումինիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի գործարար շրջանակների հետ համատեղ եւ նպատակ ունի խրախուսել միջտարածաշրջանային համագործակցությունը:

Դիտում՝ 3031
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW