Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին $18 մլն վարկի հատկացումը՝ «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման նպատակով: Ծրագրի սկզբնական ծավալը $30 մլն էր, որը հաստատվել էր 2009 թ-ին: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi) այսօր Երեւանում ասել է, որ լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանն առաջնահերթ նշանակություն տալով եւ ծրագրի մայր գումարի արդյունավետ օգտագործմամբ, հաղորդում է Մեդիամաքս-ը:Ըստ Ժան-Միշել Հապիի, լրացուցիչ ֆինանսավորման հաշվին վերականգնման աշխատանքներ կիրականացվեն 50 կմ երկարությամբ մայր ջրանցքներում եւ 63 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցերում, ինչի շնորհիվ կապահովվի տարեկան կտրվածքով 44.2 մլն մ3 ջրի խնայողություն ($1.4 մլն-ին համարժեք) եւ ինչը թույլ կտա վերականգնել ոռոգումը նախկինում ոռոգվող 6500 հա հողատարածքներում:Մայր ծրագրով վերականգնվել են ջրանցքների մոտ 89.4 կմ հատվածներ, իսկ ջրի կորուստը նվազել է 96.9 մլն մ3-ով: Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման չափը $21.6 մլն է, որից $3.4 մլն-ը կտրամադրի ՀՀ կառավարությունը, իսկ $0.2 մլն-ը՝ ծրագրի շահառուները: Ծրագիրը կընդգրկի 7 մարզ: ՀԲ վարկի մարման ժամկետը 25 տարի է՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Tweet Դիտում՝ 5420