475 մահացած կենսաթոշակառուի 2 տարի թոշակ է «տրվել». հարուցված է քրեական գործ

22.07.2011 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ եւ թերություններ, որի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, ստուգումները պարզել են, որ, խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները, կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել եւ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով  թվով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել են կենսաթոշակների անհիմն վճարումներ:

Առանձին դեպքերում  խախտվել են  կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու» կարգի պահանջները, եւ կենսաթոշակառուների Հայաստանից բացակայելու եւ 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքերում կենսաթոշակի վճարումները  դադարեցնելու փոխարեն կատարվել են կենսաթոշակի անհիմն վճարումներ` անհայտ անձանց:
 
Բացի վերը նշվածից անհիմն վճարումներ են կատարվել նաեւ կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:

Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու եւ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որի կողմից հարուցվել է քրեական գործ:

Գործի նախաքննությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերի քննության վարչության կողմից:

Դիտում՝ 6321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW