«Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավար Ռուբեն Վարդանյանը մտադիր է «փոխել մասնագիտությունը» 2012թ.-ից հետո

01.02.2011 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը մտադիր է «փոխել մասնագիտությունը» 2012 թվականից հետո:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է «Ֆինանս» ամսագրի հետ հարցազրույցում: Պատասխանելով ընկերության վաճառքի մասին հնարավոր որոշմանը «Տրոյկա Դիալոգ»-ի խոշոր բաժնետեր Standard Bank-ի արձագանքի մասին հարցին` Ռուբեն Վարդանյանն ասել է. 

«Ես նրանց ասել եմ, որ 2012 թվականից հետո փոխելու եմ մասնագիտությունս: Այսինքն, նրանք գիտեին, որ այդ տարբերակը հնարավոր է»:

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է նա տնօրինելու «Տրոյկա Դիալոգ»-ի վաճառքից ստացված գումարը` Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «այդ մասին նույնիսկ չեմ մտածել» եւ նկատել է, որ «ես ունեմ մեծ թվով տարբեր նախագծեր»:

Միաժամանակ, «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավարը հասկացրել է, որ չի ծրագրում շարունակել զբաղվել բիզնեսով:

«Եթե ես գնամ, ուրեմն կգնամ: Ինչո՞ւ վաճառել բիզնեսը, որպեսզի կրկին դառնալ բանկիր: Թեեւ, եթե ես հիմա ձեզ դա ասեմ, դուք ինձ 2012 թվականին կհիշեցնեք. «Ռուբեն, հարցազրույցի ընթացքում դու ասացիր, որ կգնաս, սակայն դու չես գնում»»:

Պատասխանելով այն հարցին, թե կա՞ն արդյոք գաղափարներ, որոնք նրան ոգեւորել են վերջին շրջանում, Ռուբեն Վարդանյանն ասել է.

«Ինձ ստիպում է մտածել բիզնեսի բարոյաէթիկական կողմը: «Շուկայի աներեւույթ ձեռք» մոդելը չի գործում: Այն մոդելին, երբ պետությունը որպես ինստիտուտ կարող է արդյունավետ սեփականատեր լինել, ես չեմ հավատում: Այն ուրիշ գործառույթներ ունի: Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկն ինձ ասում է որեւէ նոր մոդելի մասին, ես միանգամից մտածում եմ` ինչպե՞ս կփոխվի պետության կամ «ցանցային մարդկանց» դերն ապագայում: Օրինակ, ասում են, որ XXI դարում մարդիկ են լինելու հիմնական ակտիվը: Եվ նրանք կարող են ազատ մի երկրից մյուսը տեղափոխվել, ապրել ու աշխատել այնտեղ, որտեղ նրանց համար ավելի անվտանգ է, որտեղ կարող են ինքնարտահայտվել: Սակայն պետություններն այդժամ կունենան լուրջ խնդիրներ, ընդ որում` բոլորը: Հայտնի է, որ կան 3-5% մարդիկ, ովքեր փոխում են աշխարհը եւ իրոք ազդում ապագայի վրա: Եթե նրանք «քվեարկեն ոտքերով», ապա սահմանափակում կդրվի տարագրության վրա: Քանի որ եթե նրանք գնան, դա կնշանակի ցանկացած երկրի վերջը»:

Դիտում՝ 8293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW