Երեւան/Մեդիամաքս/. Այսօր լրացել է ՀՀ ապահովագրական շուկայի 15-ամյակը: ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն այսօր ասել է, որ 1995թ. խորհրդարանն ընդունել է «Ապահովագրության մասին» առաջին օրենքը: Նրա խոսքերով, ապահովագրական պարտավորությունների ծավալը 1997թ. 60 մլրդ դրամի համեմատ 2010թ. երեք եռամսյակների ընթացքում ավելացել է մինչեւ 3,25 տրլն դրամ: Միաժամանակ, ապահովագրական մուտքերի ծավալը 2010թ. 3 եռամսյակների ընթացքում կազմել է 437 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում հատուցումները կազմել են 1,3 մլրդ դրամ` 1997թ. 126 մլն դրամի փոխարեն: Հայաստանում «Ապահովագրության մասին» առաջին օրենք ընդունումից հետո արտոնագիր են ստացել 20 կազմակերպություններ, սակայն ներկայումս շուկայում գործում են 9 ապահովագրական ընկերություններ: Հայաստանում տրամադրվում են ապահովագրական ծառայությունների գրեթե բոլոր տեսակները, բացի կյանքի ապահովագրությունից: Անդրանիկ Օհանջանյանը դա բացատրել է օրենքի գործողությամբ, որը միեւնույն ընկերությանը արգելում է իրականացնել կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրություն: «Դա նշանակում է, որ ծառայությունների այդ տեսակի մատուցման համար անհրաժեշտ է ստեղծել նոր ընկերություն` սեփական կապիտալով, աշխատակիցներով եւ այլն, ինչը թանկ է Հայաստանի պայմաններում»,- ասել է Անդրանիկ Օհանջանյանը: Tweet Դիտում՝ 14082