Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ, «ԱրԱրԱտ» ապրանքանիշ) այսօր Երեւանում ներկայացրել է իր արտադրանքի նոր ձեւավորումը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նորացվել են «ԱրԱրԱտ»-ի բոլոր երեք դասի կոնյակների (ստանդարտ, պրեմիում եւ սուպեր պրեմիում) շշերը, պիտակներն ու տուփերը: ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը հայտնել է, որ նոր դիզայն է ստացել ոչ միայն փաթեթավորումը, այլեւ ԵԿԳ-ի բրենդ-խորհրդանիշը. այժմ «ԱրԱրԱտ» ապրանքանիշը կպատկերվի լատինական «A» տառով եւ Փյունիկ թռչունի կերպարով, որը խորհրդանշում է նորացում, միաժամանակ` հավատարմություն ավանդույթներին: «ԱրԱրԱտ»-ի նոր լոգոտիպի հեղինակը լոնդոնյան Identica գործակալությունն է: Դիզայնի փոփոխման գործընթացում ներգրավվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանցի եւ ֆրանսիացի մասնագետներ: ԵԿԳ գլխավոր տնօրենի խոսքերով, նոր լոգոտիպը կոչված է տարբերելու «ԱրԱրԱտ»-ը հայաստանյան մնացած կոնյակներից, որոնց վրա հաճախ պատկերված է Արարատ լեռը: Միաժամանակ, ԵԿԳ-ն ամբողջությամբ չի հրաժարվել աստվածաշնչյան լեռի պատկերից` այն թողնելով շշերի պիտակների վրա: «Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա»-ի մարքեթինգի տնօրեն Սիրիլ Կլակենը տեղեկացրել է, որ դիզայնի փոփոխության գործընթացում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ $ 1 մլն: «Պեռնո Ռիկար Արմենիա»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը հայտնել է, որ դիզայնի փոփոխությունը կանդրադառնա պրեմիում եւ սուպեր-պրեմիում դասի «ԱրԱրԱտ» կոնյակների գնի աստիճանական բարձրացման վրա: Tweet Դիտում՝ 17083