Երեւան/Մեդիամաքս/. Մենք կցանկանայինք ձեր ներդրողներին տեսնել ՀՀ կառավարության ծրագրով առաջնահերթ համարվող բոլոր ոլորտներում, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Профиль» ամսագրին տված հարցազրույցում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը նշել է, որ Հայաստանում դինամիկ կերպով զարգանում է IT ոլորտը, եւ երկիրն ունի բավականին լուրջ հումքային ռեսուրսներ լեռնահանքային արդյունաբերության համար: «Քանի որ մետաղագործական արդյունաբերությունն Ուկրաինայում լավ է զարգացած, մենք շահագրգռված ենք համագործակցել այդ ոլորտում: Հայաստանում կան խոշոր մետաղագործական գործարանների շինարարության շատ հետաքրքիր նախագծեր, եւ մենք մեր ուկրաինացի գործընկերներին հրավիրում ենք ծանոթանալ դրանց»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ հավանական համագործակցության այլ ուղղությունների թվում վարչապետը նշել է ոչ մետաղական հանածոները, բազալտը, շինարարական նյութերն ու մեքենաշինությունը: Tweet Դիտում՝ 11448