ՀՀ նախագահը հյուրընկալել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին
31.08.2010 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /



Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողներին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին եւ արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ եւ կյանքում:
Իր ողջույնի խոսքում նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. “Ինչպես նախկինում խոստացել էի, մենք պարբերաբար Նախագահի նստավայր ենք հրավիրում բոլոր այն երեխաներին, երիտասարդներին` պատանիներին ու աղջիկներին, ովքեր լավագույն հատկանիշներով առանձնացել են իրենց հասակակիցներից: Հրավիրում ենք շնորհակալություն ասելու, հրավիրում ենք մեծարելու: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ձեր հաջողության առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր հայրենասիրության համար: Այո, հայրենասիրության, որովհետեւ գիտելիք ունենալը, լավ սովորելը, իրոք, հայրենասիրություն է: Յուրաքանչյուր մարդ գիտելիք է ստանում իր համար, բայց այդ գիտելիքն օգտագործում է նաեւ հանուն հայրենիքի, հասարակության: Դուք մեր հպարտությունն եք, եւ առանց ձեզ, առանց ձեր նմանների անհնար է ունենալ ամուր պետություն եւ լավ հասարակություն: Գոնե այնպիսի պետություն եւ հասարակություն, ինչպիսին մենք ցանկանում ենք ունենալ:
Ես շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեդալակիրներին: Սա ձեր առաջին լուրջ հաջողությունն է կյանքում, եւ ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն անպայման տրամադրված է զարգացնելու այդ հաջողությունը: Վստահ եմ, որ դուք, ընդունվելով բարձրագույն ուսումնական հաստատություններ, ավելի համառորեն եք շարունակելու գիտելիքի ոլորտում ձեր առաջընթացը: Դուք հասուն կյանք եք մտնում գիտելիքի լուրջ պաշարով, ինչն, իհարկե, մեծ առավելություն է, եւ կարծում եմ, որ տրամադրված պետք է լինեք ձեր նկատմամբ առանձնակի վերաբերմունքի` ոչ միայն հարգանքի, ոչ միայն սիրո, այլ նաեւ ավելի մեծ պահանջներ ներկայացնելու, որովհետեւ ձեր նկատմամբ պետք է այդպիսի պահանջներ ներկայացվեն: Ում շատ է տրված` նրանից ավելի շատ է պահանջվում, եւ դուք դրանից չպետք է նեղսրտեք, այլ պետք է ընդունեք դա որպես իրողություն: Կարծում եմ` այս պարագայում հաջողությունն անկասկած ձեր կողմնակիցն է լինելու:
Ես շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր միջազգային օլիմպիադաներում կարողացել են Հայաստանի վարկը բարձր պահել: Միջազգային բոլոր մրցություններում, ստուգատեսներում, իհարկե, շատ դժվար է միեւնույն ժամանակ պատվաբեր հաջողություն ունենալ, հաղթել, դառնալ մրցանակակիր: Մեր պարագայում, դա կրկնակի գնահատելի է, որովհետեւ մենք եւ բնակչության քանակով, եւ այլ ռեսուրսներով, անշուշտ, ամենամեծն ու հարուստը չենք աշխարհում: Բայց սա նշանակում է, որ մեր երկրում կա լավ սերունդ, որ մենք ունենք փայլուն աշակերտներ, փայլուն ուսուցիչներ: Եւ չնայած այն հանգամանքին, որ հանրակրթության բնագավառում բազմաթիվ խնդիրներ ունենք, այդուհանդերձ, ունենք նաեւ լավ արդյունքներ:
Մենք միշտ մեծարման խոսքեր ենք ասում, եւ դա ճիշտ է, բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր մեր ժողովրդին դարձնում են ավելի ճանաչելի` մեկն իր երաժշտական տաղանդով, մյուսը` համաշխարհային գիտության մեջ մեծ ձեռքբերումներով, իսկ համաշխարհային, միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողները` նաեւ այս բնագավառում: Ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը պատվով կարող է շարունակել իր նախորդների, ինչու չէ` նաեւ նախնիների մեծ գործը:
Ես ուզում եմ առանձնապես ընդգծել մեր այն փոքրիկներին, ովքեր “Կենգուրու” օլիմպիադայում են հաջողության հասել: Շատ ապրեք, բալիկներ ջան, ապրեք, որ այդքան լավ երեխաներ եք, ապրեն ձեր ծնողները, փառք ձեր ուսուցիչներին: Ձեր այս առաջին հաջողությունը, կարծում եմ, ձեզ պետք է ոգեւորի: Մաղթում եմ, որ մի քանի տարի հետո դուք լինեք առարկայական օլիմպիադաների հաղթողներ, լինեք մեդալակիրներ, լինեք այնպիսի մարդիկ, ովքեր պետք է ճանապարհ հարթեն ուրիշների համար, այնպիսի մարդիկ, ովքեր շատ մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Նորից եմ կրկնում, առանց ձեզ, առանց ձեր նմանների մեր երկիրն ապագա չունի: Ես չեմ ասում, որ Հայաստանում միայն այս մի խումբ երեխաներն են, տղաներն ու աղջիկները, որ պետք է պատասխանատու լինեն մեր հայրենիքի հետագայի համար: Ոչ, կան շատ շատերը, բայց դուք շատ շատերի մեջ առանձնացել եք գիտելիքով, իսկ սա ինչ-որ բան նշանակում է”,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը, ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին եւ բուհ ընդունված երիտասարդներին մեր երկրի ներկայի ու ապագայի, իրենց ուսումնառության հետագա ծրագրերի մասին բաց եւ անկաշկանդ զրույցի է հրավիրել`պատրաստակամություն հայտնելով պատասխանել նաեւ նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին եւ “Կենգուրու” մրցույթի հաղթողներին հանձնել է նրանց մեդալներն ու պարգեւները, նաեւ` հուշանվերներ:
Արդեն երկրորդ տարին է, ինչ նախագահական պալատում ընդունելություն է կազմակերպվում «Կենգուրուի» պատանի պատվիրակների համար: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:
«Կենգուրուն» արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո` «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով: Այս տարի գարնանը «Կենգուրուին» մասնակցել է մոտ 40 000 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից: Առաջին անգամ փորձնական մրցույթ է անցկացվել նաև Արցախում:
«Կենգուրու 2010»-ի հաղթողներ են ճանաչվել 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանը (Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոց) և Աբրահամ Գրիգորյանը (Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջն. դպրոց): Նրանք, որպես հաղթողներ, իրենց ամառային արձակուրդներն անցկացրեցին Բուլղարիայում կազմակերպված միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին:
Մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: